Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ «ԴԱՉԱՅՈՒՄ» ՉԻ ԱՊՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թեեւ իշխող ՔՊ-ի ձայներով ՀՀ նախագահ ընտրվեց ԱԺ-ում, այնումենայնիվ, շարունակում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների կողմից մնալ ամենամերժված կերպարներից մեկը: Նա անգամ կառավարական ամռանոցներում առանձնատուն չունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահագն Խաչատուրյանին առանձին կացարան է առաջարկվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից, սակայն կացարանն այնքան անբարվոք, ապրելու համար ոչ պիտանի վիճակում է եղել, որ նախագահը հրաժարվել է դրանից, չի ցանկացել ապրել կառավարական՝ իրեն հատկացված բնակարանում: Թեեւ իշխանության վերին օղակները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խոստացել են, որ բնակարանը կարճ ժամանակում կվերանորոգվի եւ կհանձնվի նախագահին, սակայն այն մինչ օրս պատրաստ չէ, դեռ նորոգումները շարունակվում են, իսկ Վահագն Խաչատուրյանը ապրում է իր հին բնակարանում: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԱԿ անդամ էր, ով 2022թ.-ին դադարեցրել էր իր անդամակցությանը ՀԱԿ-ին՝ ՔՊ-ի կողմից առաջադրվելով ՀՀ նախագահի թեկնածու: Նա դադարել է լինել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը, քանի որ առաջին նախագահը հրապարակավ Նիկոլ Փաշինյանին «ազգակործան պատուհաս» որակեց, իսկ Խաչատուրյանը, փաստորեն, «ազգակործան պատուհասի» հետ կիսում է պատասխանատվություն՝ մերօրյա ազգակործան քաղաքականության մասով:

 

 

 

 

 

ՀՅԴ գերագույն ժողովը, որը մեկնարկել էր հունիսի 9-ից, երեկ ավարտվեց. ընտրվել է ՀՅԴ գերագույն մարմնի նոր կազմ, ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ժողովի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության, ռազմավարության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ քննարկվել են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների առջեւ ծառացած մարտահրավերները: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՅԴ գերագույն ժողովից: Այսպիսով, տեղեկացանք, որ ՀՅԴ ժողովը շատ թեժ է անցել, տարաձայնություններ են եղել՝ հատկապես Իշխան Սաղաթելյանի՝ ԳՄ ներկայացուցիչ ընտրվելու հետ կապված, դաշնակցականների մի մասը դեմ է եղել նրա թեկնածությանը, դժվարությամբ են կարողացել համաձայնության գալ Սաղաթելյանի թեկնածության շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ-ական, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այս առիթով ասաց. «Նախ հաստատում եմ, որ ժողովը թեժ է անցել, մեր բոլոր ժողովներն են այդպես անցնում: Հատկապես երկրում ստեղծված այս իրավիճակում չէր կարող այլ կերպ լինել, քանի որ եղել են քննարկումներ՝ ստեղծված իրավիճակի, դրանից դուրս գալու ելքերի մասին: Մեր ժողովների ժամանակ մշտապես հնչում են տարբեր կարծիքներ, որեւէ սահմանափակում չունեն այդ կարծիք հնչեցնողները, բոլոր դաշնակցականները ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը: Ինչ վերաբերում է ՀՅԴ ԳՄ նոր կազմի ընտրությանը, մենք մշտապես ընտրում ենք կազմ, իսկ եթե ԳՄ անդամներից որեւէ մեկին ժողովի մեծամասնությունը դեմ լինի, որեւէ տարբերակ չկա, որ այդ մարդն ընտրվի. մեզ մոտ իսկապես կա ներքին լայն ժողովրդավարություն, անհնար է որեւէ մեկի ընտրությունը ՀՅԴ ԳՄ կազմում, եթե դրան դեմ են կուսակցության մեծամասնությունը: Եթե ընտրվել է այս կազմը, ուրեմն մեծամասնությունը քվեարկել է այդպես. անհնար է լինի մեծ դիմադրություն մեկի մասով, եւ նա ընտրվի ՀՅԴ ԳՄ կազմում»: Այդ թվում Իշխան Սաղաթելյանի՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ընտրվելո՞ւ մասով. հետաքրքրվեցինք Վարդանյանից։ «Դա բոլորին վերաբերում է, այդ թվում՝ առաջին հերթին ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի ընտրությանը»,-պարզաբանեց նա:

 

 

 

 

 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022 թվականին նվիրատվություններ անելով է զբաղված եղել։ Նախարարը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի վերաբերյալ 2022 թվականի հայտարարագիրը։ Հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարը 2022 թվականի փետրվարի 15-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող իր երեք հողամասերն ու անհատական բնակելի տունը նվիրրել է եղբորը՝ Վահան Սանոսյանին։ Ընդ որում՝ նույն այդ հայտարարագրի համաձայն՝ նա այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել 2003 թվականին, մեկ այլ հողամաս՝ 2020 թվականին, եւ տունն ու մյուս հողամասն էլ՝ 2021 թվականին, այն էլ՝ նույն օրը՝ հունիսի 28-ին։ Հայտարարագրի համաձայն՝ Գնել Սանոսյանն ապրում է Նոր Նորքում գտնվող բնակարանում, որի ձեռք բերման տարեթիվը հայտարարագրում պաշտպանված է, այսինքն՝ չի երեւում։ Վերջինս ունի նաեւ 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։  Անդրադառնանք նրա եկամուտներին. նախարարը 2022 թվականին ընդհանուր ստացել է 23 մլն 342 հազար դրամ եկամուտ, որից 20 մլնը նախարարի տարեկան աշխատավարձն է, 11 հազար դրամ ստացել է «Մարտիգ» համալսարանից եւ 2 մլն դրամ էլ՝ ՊԵԿ-ից։ Գնել Սանոսյանը նաեւ վարկ ունի, որի մայր գումարը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն դրամ, որը մարելու համար այդ տարի 6 մլն դրամ է ծախսել։ Ըստ հայտարարագրի՝ Գնել Սանոսյանը 2022 թվականին հանգստի է մեկնել եւ դրա համար ծախսել 2 մլն դրամից ավելի գումար, որը ներառում է տոմսն ու կեցության ծախսը. բացի այդ, 2 մլն դրամից ավելի գումար էլ նախարարի կողմից վճարվել է որպես ուսման վարձ։ Եվ վերջապես՝ բանկում նախարարն ունեցել է 2 մլն 916 հազար դրամ, իսկ կանխիկ գումար՝  150 հազար ռուբլի եւ 7 մլն 200 հազար դրամ։

 

 

 

 

 

 

Հայրենի իրավապահ համակարգը կասկածելի հանգամանքներում կոծկեց  «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Շերեփ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը։ Բանն այն է, որ Shamshyan.com-ը մայիսի 11-ին հրապարակել էր, որ մայիսի 9-ին Երեւանի կենտրոնում հերթական անգամ կանխվել է մի խումբ անձանց միջեւ խուլիգանական դրդումներով հետագա ծեծկռտուքի միջադեպը։ Ըստ կայքի՝ 16։15-ի սահմաններում պարեկները, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա, ձերբակալել եւ Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել մի խումբ անձանց։ Պարզվել է, որ Ամիրյան 1 հասցեում գործող «Շերեփ» ռեստորանային համալիրում վճարման հաշվի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել ռեստորանի աշխատակիցների եւ հաճախորդների միջեւ, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել էր հասարակական կարգը, եւ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ։ Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել նշված ռեստորանի տնօրեն, Երեւանի բնակիչ 35-ամյա Ստեփան Գալստյանը, Երեւանի բնակիչ 38-ամյա Ցոլակ Կարլսյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ 36-ամյա Սմբատ Ալիխանյանը, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Փանոսյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես մենեջեր, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արգիշտի Սիմոնյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես մենեջեր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարեկ Աբրոյանը, որը նշված ռեստորանի հյուրընկալն է եղել, Երեւանի բնակիչ 25-ամյա Սոկրատ Բոյաջյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես պահեստապետ, եւ Ոստիկանություն էր հրավիրվել նաեւ Երեւանի բնակիչ 35-ամյա Օֆելյա Ալիխանյանը։ Նույն դեպքի մասին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեզ հայտնեց, որ ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքում քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն եղել։ Այսինքն՝ միջադեպը եղել է մայիսի 9-ին, դեպքի մասին լրատվամիջոցներին հայտնի է դարձել երկու օր անց, սակայն երկու օրվա ընթացքում իրավապահները պարզել են, թե հանցագործության դեպք չի գրանցվել։ Ինչպես հաճախորդների կողմից, այնպես էլ ռեստորանի աշխատակիցների կողմից հանցագործության մասին հաղորդում չի ստացվել։ Եւ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման օպերատիվությամբ քննիչները չեն քննում նմանօրինակ դեպքերը, ինչպես Երեմյաններին պատկանող ռեստորանի միջադեպն էր: Ավելին՝ մյուս դեպքերի նման օրերով մարդկանց քննչականներ տանել-բերելու փոխարեն՝ մեկ էլ հանկարծ երկու օրվա մեջ Քննչականի համար կասկածելի արագ արագության պայմաններում քննիչները հասկանում են, որ հանցագործություն չի եղել։ Թե ինչի դիմաց են քննչական գործունեություն ծավալողները փրկել Երեմյաններին այս միջադեպից, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ գործարար Դավիթ Երեմյանը եթե իշխող ՔՊ-ի համար անցանկալի մարդ լիներ, հիմա դատարանի առաջ կանգնած կլինեին նրա աշխատակիցները, բայց նրանք ներվեցին: Մենք դեռ կհետեւենք այս պատմությանը:




Լրահոս