ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի կնքման հավանականությանը։
-Պարո՛ն Աբովյան, վերջին շրջանում տեսնում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարբերաբար բանակցություններ են վարում Մոսկվայում, Վաշինգտոնում: Կողմերը թեեւ հատարարում են, որ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, բայց այդ պայմանագիրը այդպես էլ գլուխ չի գալիս: Դուք ի՞նչ եք կարծում, կողմերը իսկապե՞ս մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, եւ ի՞նչ տարաձայնություններ կան, ինչի՞ շուրջ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:
-Նախ՝ իմ խորին համոզմամբ՝ դա ոչ թե Հայաստան-Ադրբեջան բանակցություններն են, այլ գերտերությունները փորձում են ձեւակերպել իրենց հետաքրքրությունները փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակում: Ի՞նչ է սա նշանակում. ըստ էության, այսօր Հայաստանը զբաղված է փաթեթավորմամբ այն կործանարար զիջումների, որոնք ինքը իրականացնում է, եւ որոնց ինքը պատրաստ է գնալ՝ որակելով որպես խաղաղությանը միտված գործընթաց կամ տարածաշրջանային խաղաղություն: Դա քաղաքագիտական նոնսենս է, այդպիսի բան գոյություն չունի: Գոյություն ունի ընդամենը խոշոր խաղացողների շահերի սպասարկում: Տվյալ դեպքում, ըստ էության, Ադրբեջանն էլ է նույնը անում, բայց Ադրբեջանի շահերը այս պարագայում թուրք-ադրբեջանական ընդհանուր շահի տակ պետք է դիտարկենք, այսինքն՝ օրինակ՝ Հայաստանի Հանրապետության տարածքների բռնազավթման գործընթաց, որը շատ նրբորեն այս իշխանությունն անվանում է դեմարկացիա կամ դելիմիտացիա, կամ Հայաստանը դարձնել առաջին փուլում թուրքական աշխարհի պորտալար՝ հետագա մասնատման գործընթացը հեշտացնելու համար: Սա ադրբեջանցիներն անվանում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», հայկական կողմն էլ՝ ճանապարհ: Ինչ վերաբերում է՝ կողմերը մոտիկ են, թե մոտիկ չեն, պետք է, նախ, հասկանանք՝ այդ կողմերը ինչ նկատի ունեն՝ խաղաղության պայմանագիր ասելով: Հայաստանը հասկանում է հետեւյալը. համաձայն պաշտոնական լրահոսի՝ ընդունելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ զիջելով Արցախը ոչնչացման եւ լեգիտիմացնելով Հայաստանի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Հայաստանը դրա դիմաց ակնկալում է խաղաղություն, այսինքն՝ չեն կրակելու: Սա նվազագույնը քաղաքագիտական տգիտություն է, որովհետեւ Ադրբեջանի ու Թուրքիայի տեսլականը, ցավով պետք է արձանագրեմ, նաեւ խոշոր խաղացողների՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի տեսլականը այլ է: Իրենք ի՞նչ են տեսնում. իրենք տեսնում են հայկական հարցի իսպառ փակում, այսինքն՝ Արցախի ոչնչացում եւ Հայաստանի մասնատում, ինչը իրենք չեն էլ թաքցնում: Ինչ-որ մտորումների մեջ ընկնել պետք չէ: Իրենք ուղիղ սա հայտարարում են. եթե կան մարդիկ, ովքեր դեռեւս ապրում են թրքահաճո, ադրբեջանամետ պատրանքների մեջ, ուղղակի խորհուրդ կտամ ծանոթանալ Շուշիի հռչակագրի տեքստի հետ:
ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ԿՔՐԵԱԿԱՆԱՑՎԵ՞Ն
«Հայաքվեն» առաջարկում է քրեականացնել Հայաստանի անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն կամ հայտարարություն: «Հայաքվեի» նախաձեռնող խումբն երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում` նախաձեռնելով օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողովին։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը մանրամասներ է ներկայացրել նախաձեռնության գործունեության վերաբերյալ. ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության նպատակը՝ պաշտոնապես քրեականացնել Հայաստանի հանրապետության անունից Արցախը այլ պետություններին հանձնելու փորձը: Մեր Սահմանադրությունը, մեր Անկախության հռչակագիրը եւ 1992 թվականին Գերագույն խորհրդի կողմից ընդունված համապատասխան որոշումը արգելում է Արցախը Հայաստանի Հանրապետության անունից ճանաչել այլ պետության կազմում: Ցավոք, մենք վերջին շրջանում տեսնում ենք, որ գործող իշխանությունը փորձում է շրջանցել եւ՛ Սահմանադրության պահանջները, եւ՛ օրենքներն ու այդպիսի հայտարարություն անել: Մենք հիմա ուզում ենք մի քայլ էլ առաջ գնալ եւ պաշտոնապես քրեականացնել ՀՀ անունից այդպիսի գործողություններ անել, որպեսզի ցանկացած իշխանություն թե՛ հիմա, թե՛ ապագայում չհամարձակվի նման հայտարարություններ անել: Արցախը հայկական է, պետք է մնա հայկական եւ, ի վերջո, վերամիավորվի Հայաստանի Հանրապետությանը»:
ԲՀԿ-Ն՝ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Աշնանը Երեւանում սպասվում են ավագանու ընտրություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը ԲՀԿ կուսակցության անդամ Արման Աբովյանից հետաքրքրվել է՝ արդյոք կուսակցությունը որոշում ունի ընտրություններին մասնակցելու մասով:
-Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ երբ ժամանակը կգա, հայտարարությունը կտարածենք: Առայժմ այսքանը: Ո՛չ ավել, ո՛չ պակաս: Մեզ համար յուրաքանչյուր գործընթաց կարեւոր է, բայց հիմա սեւեռված ենք ավելի գոյաբանական կռիվների վրա, որոնք առկա են հանրապետությունում: Ինչ վերաբերում է ընտրություններին, ժամանակը կգա, հայտարարություն կանենք:
Նյութերը՝ ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀԱՃՈՒՅՔՆԵՐ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ԲԿՄԱ՝ Բանակային կենտրոնական մարզական ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը երկու օր առաջ իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր հրապարակում էր արել՝ խնդրելով օգտատերերին օգնել իրեն՝ գտնելու արագ կառուցվող տնակ: Նա նաեւ լուսանկար էր տեղադրել:
Լուսանկարում հիմնականում ռոմանտիկ երեկոներ կազմակերպելու համար նախատեսված տնակ է, որտեղից էլ առաջացավ մեր հետաքրքրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի կառուցապատողների հետ զրույցից պարզեց, որ այդ տնակները՝ ամբողջությամբ կահավորված, 6-ից մինչեւ 10 միլիոն դրամ արժեն. 1 քմ-ն սկսվում է 300 հազարից մինչեւ 600 հազար դրամ եւ ավելի:
Հիշեցնենք, որ ԲԿՄԱ տնօրենը մինչեւ 2018-ի հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում ֆոտոլրագրող էր, միջին վիճակագրական քաղաքացի: Հիմա՝ հեղափոխությունից 5 տարի անց, նա թանկարժեք տնակներով է հետաքրքրվում, միջին վիճակագրական քաղաքացու հետաքրքրություններից վեր հաճույքների ձգտում: Ո՞ւմ հետ է պատրաստվում ռոմանտիկ երեկո անցկացնել Աղբալյանը. արդյոք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի համա՞ր է փնտրում թանկարժեք «վրանը», որ Տավուշի անտառներում դնեն…
ArmLur.am-ը փորձեց այս թեմայի շուրջ զրուցել նախկին գործընկերոջ հետ, սակայն Գագիկ Աղբալյանը խիստ դժկամորեն ասաց, թե ցանկություն չունի մեկնաբանելու ոչինչ: Երբ շատ համառեցինք, ասաց, թե եղբոր համար է փնտրում, ու հրաժարվեց մանրամասներ հայտնել: Նկատենք, որ ՀՖՖ պաշտոնյան հանրային հարթակում գնիջեցման, թանկի եւ էժանի խոսակցություն է վարել:
Դժվար է հավատալ, որ տնակը գնելու ցանկություն ունեցող Աղբալյանի եղբայրն իր հարազատին գործից կկտրեր եւ տնակ գտնելու գործ կհանձնարարեր: Չհավատացինք:
Բայց փաստ է, որ հեղափոխական թիմը թանկարժեք հաճույքների շրջանակն ընդլայնել է: Ծով չունենք, որ շքեղ զբոսանավեր պատվիրեն, տնակներ են պատվիրում նորահարուստ իշխանիկները, որ անտառներում հաճույքներ վայելեն:
Իսկ ի՞նչ է փոխվել ՀՀ շարքային քաղաքացու կյանքում՝ կհարցնեք դուք. ոչինչ, ուղղակի Խաչատրյան ԳԱԳԻԿԻ փոխարեն Աղբալյան Գագիկներն են հարստացել: