ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳԻՐՔԸ՝ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ կոմպոզիտորի տուն-թանգարանը, համագործակցելով տարբեր կառույցների հետ, լույս է ընծայել Արամ Խաչատրյանի «Նամականի» գրքի անգլերեն տարբերակը:

 

Ժողովածուն ընդգրկում է Գոհար Հարությունյանի, Մարգարիտ Հարությունյանի, Զառա Տեր-Ղազարյանի կազմած առաջին, երկրորդ եւ Մարգարիտ Ռուխկյանի, Ալինա Փահլեւանյանի կազմած երրորդ ժողովածուների նամակները: Գիրքը համալրված է  կոմպոզիտորի տուն-թանգարանում հավաքված նոր նամակներով:

Գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հունիսի 12-ին՝ «Ես եվրոպացի հայ եմ» թեմայով քննարկման ընթացքում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հիշեցրեց՝ գրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակներն ավելի վաղ են տպագրվել: Տեսնելով գրքի նկատմամբ հետաքրքրությունը, պահանջարկը՝ նախաձեռնել են անգլերեն տարբերակի  հրատարակումը:

«Արամ Խաչատրյանին առաջին հերթին ճանաչում են որպես մեծ երաժշտի, սակայն շատերին է հետաքրքիր, թե նա ինչ ներաշխարհ ուներ: Ինչը, եթե ոչ անկեղծ սրտով գրված նամակները կարող են բացահայտել մարդու ներաշխարհի նրբերանգները: Ինքը՝ կոմպոզիտորը, առանձնակի նշանակություն էր տալիս նամակներին եւ յուրօրինակ խորհուրդ էր տեսնում դրանց մեջ: Խաչատրյանը կարծում էր, որ մեծ արվեստագետների նամակագրությունը կարող է հետագայում ճանաչողական մեծ արժեք ունենալ: Ըստ նրա՝ նամակներում հնարավոր է արտահայտել այնպիսի մտքեր, որոնք չեն ասվի հանպատրաստից եւ առերես: Նամակները կարող են դառնալ նույնիսկ պատմական փաստաթղթեր: Խաչատրյանը քաջ գիտակցում էր, որ իրենից հետո կհրապարակվեն իր նամակներն ու կներկայացվեն հանրությանը»,-ընդգծեց Գրիգորյանը:

Ժողովածուում ընդգրկված նամակների մեծ մասը պահպանվում է  տուն-թանգարանի հավաքածուում, իսկ  մի մասը՝ արխիվներում, մի մասն էլ հասցեատերերի ընտանիքների սեփականությունն է: Գրիգորյանը հավելեց, որ գիրքը հրատարակելու ընթացքում նոր նամակներ են ստացել: Չի բացառում, որ մի քանի տարի անց տպագրեն գրքի համալրված տարբերակը:

Արմինե Գրիգորյանը հավաստիացրեց, որ նամակները նոր լույս են սփռում մեծ արվեստագետի կերպարի վրա եւ ընթերցվում մեծ հետաքրքրությամբ:

Գրքի հրատարակման գործում մեծ ներդրում է ունեցել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, որի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս»  տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը հիշեցրեց՝ Խաչատրյանն ասել է, որ մնում է  հայ, բայց եվրոպացի հայ, ոչ թե ասիացի:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը եւս ներկա էր միջոցառմանը: Նա շեշտեց, որ իրենց առաքելությունը մեծանուն կոմպոզիտորի գործունեության հանրահռչակումն է:

Այդ նպատակով 19-րդ անգամ Երեւանում անցկացնում են Խաչատրյան միջազգային մրցույթը: «Այս տարի այն կազմակերպվել է «Դաշնամուր» մասնագիտացմամբ, եւ վաղը հայտնի կդառնան դափնեկիրներն ու մրցանակակիրները: Հիմնադրամն իրականացնում է նաեւ Խաչատրյան միջազգային փառատոնը, որը տեղի կունենա  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ: Այն տեղի կունենա  2023 թվականի վերջին»,- նշեց Թովմասյանը:

Խաչատրյանի հոբելյանին նվիրված տարվա ընթացքում թե՛ կոմպոզիտորի տուն-թանգարանը, թե՛ այլ մշակութային կառույցներ հանդես կգան նրան նվիրված համերգային ծրագրերով, ցուցահանդեսներով եւ այլ նախաձեռնություններով:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ՝ ԱՐՑԱԽ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ

Շաբաթ օրը Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ եւ իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով 16 բուժառու եւ նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

19 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

«Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ քանակը՝ որոշում է կայացվել այդ օրվա տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերեւա Կարմիր խաչի նշանը»,- ասվում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում։

 

 

 

 

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԱՆՑԿԱՑՎԻ

Ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը չի կայանա Հայաստանում: Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայացած նիստի ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, թե որ երկիրը հաջորդ տարի կհյուրընկալի աշխարհի առաջնությունը։

Առաջնությունը կկայանա Բահրեյնում: Ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել նաեւ Հայաստանն ու Ալբանիան։

Հայաստանն ընթացիկ տարում հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր:

 

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպիչներ «Բի Էս Թի» ՍՊԸ-ի եւ «Ֆլորես աճուրդի տուն» ՍՊԸ-ի կողմից այդ թվում «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացվող բոլոր այն անշարժ գույքերի աճուրդները, որոնց աճուրդային վաճառքի ավարտը սահմանվել էր մինչեւ 2023թ.-ի հուլիսի 03-ը, երկարաձգվում են մինչեւ 2023թ.-ի դեկտեմբերի 29-ը ներառյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (011) 52-61-85 կամ այցելել բորսա՝ ք. Երեւան, Սայաթ-Նովա 40, 82/31 հասցե, ժամը 9:30-17:00-ն:

 

 

 

 

 

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՔՊ-ԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒՆ

Տավուշի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել, թե մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններից քանիսն են ՔՊ կուսակցության անդամ։ Մարզպետը պատասխանել է, որ Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցների տնօրեններից ՔՊ կուսակցության անդամ է երկու տնօրեն:

 

 

 

 

ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆԻՑ «ԱՆՏԵՂՅԱԿ»

Տավուշի մարզից սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները լրագրողիս  դժգոհել են, որ դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ հանրակրթական դպրոցներում մեծ չափերով դրամահավաքություն է եղել։ Այդ փողահավաքությունը կատարվել է դպրոցների ծնողական կոմիտեների նախաձեռնությամբ, սակայն ծնողական կոմիտեները դպրոցների տնօրենությունների հետ այդ գործում ներդաշնակ են գործում։ Սոցիալապես անապահով ծնողները դժգոհել են, որ «Վերջին զանգի» կապակցությամբ իրենց զավակների համար գնված շորերի փողին գումարվել են ավարտական ճոխ քեֆի, դպրոցի տնօրենի, դասարանի դասղեկի համար գնված նվերների, տեսանկարահանման, լուսանկարահանման եւ այլ ծախսերի գումարները։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ մարզի դպրոցների շրջանավարտները միջինը ինչքան ծախս են կատարել։ Մարզպետ Հայկ Ղալումյանը պատասխանել է. ««Վերջին զանգ» միջոցառման կապակցությամբ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների կատարած ծախսերը որոշում է տվյալ դպրոցի ծնողխորհուրդը»:

 

 

 

 

ԿԻՍԱՏ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ

Երեք տարի առաջ Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում ապրող  բարեկամավանցիները գումարներ են հավաքել  իրենց ծննդավայրի՝ հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան  գյուղի  միջնակարգ դպրոցի տանիքը վերանորոգելու համար։ Այն ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դպրոցի  տանիքը նորոգելու համար պահանջվող գումարի չափը քիչ է նշել, այդ  պատճառով  ստավրոպոլցի բարեկամավանցիների հանգանակած գումարը չի հերիքել, հանրակրթական դպրոցի տանիքի նորոգումը կիսատ էր մնացել, անձրեւները լցվում էին դպրոցի շենք: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պատասխանելով իմ լրագրողական հարցմանը, հայտնել էր, որ Բարեկամավանի դպրոցի տանիքը կընդգրկվի 2023 թվականի հրատապ ծրագրերում։ Վերջին մեկուկես ամսում տեղացող անձրեւները լցվում  էին դպրոցի շենքից ներս՝ վնասելով կառույցը։ Բարեկամավանցիները, երեք տարի սպասելով, այդպես էլ չտեսան  այդ գործում  իշխանության կողմից աջակցություն. նրանք, համախմբելով իրենց ուժերը, դպրոցի տանիքի նորոգման կիսատ գործն ավարտին հասցրին՝ հարազատ գյուղի համար անշահախնդիր  գործ անելով։ Գործը հեշտացավ այն առումով, որ  3 տարի առաջ կատարված նորոգումից հետո   շինանյութեր  էին  մնացել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս