«Ժողովուրդ» օրաթերթը ամիսներ առաջ գրել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը նկարահանում է մի քանի մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմ՝ «Կին նախարար» վերնագրով, որտեղ դերասան Աբել Աբելյանը մարմնավորում է վարչապետի կերպարը:
«Ժողովուրդ» օրաթերթը դերասան Աբել Աբելյանի հետ զրուցեց մարմնավորած դերի մասին: Ըստ նրա՝ յուրաքանչյուր դերասանի համար մեծ պատասխանատվություն է վարչապետի կերպարը մարմնավորելը:
«Նախագծին մասնակցելու առաջարկը ստացել եմ ընկերոջիցս եւ սիրով ընդունել եմ: Այս պահին միայն կարող եմ ասել, որ նախագծի նկարահանումներն ավարտվել են»,- նշեց նա՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե որ հեռուստաընկերությունն է նախագծի պատվիրատուն:
Հիշեցնենք, որ ֆիլմի սյուժեի հիմքում Պաշտպանության նախարարությունն է, որի միջոցով փորձում են առաջին պլան մղել կին զինվորականին եւ նրան դարձնել պաշտպանության նախարար, սակայն այդ ընթացքում հանդիպում են բազում խոչընդոտների: Հենց այս ամենի շուրջ էլ հյուսվում է ողջ ֆիլմի պատմությունը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությանը նման ֆիլմի նկարահանումը պատվիրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, եւ այն հավանաբար կկոչվի «Տիկին պաշտպանության նախարարը»:
Նկատենք, որ ամիսներ առաջ, երբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմել էր Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայություն, մեր տեղեկությունը հրապարակայնորեն հերքել էին՝ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունը նման բովանդակությամբ ֆիլմ արտադրել եւ ցուցադրել չի պլանավորում, իսկ, ահա, այսօր ունենք բոլորովին այլ պատկեր: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ֆիլմը ցուցադվելու է միայն առցանց տարբերակով:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԾՆՆԴՅԱՆ ՈՉ ՀԱՃԵԼԻ «ԱՆԱԿՆԿԱԼ»
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն օրեր առաջ տոնում էր ծննդյան 26-ամյակը։ Նա ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում տեղեկացրել էր, որ իրենց տնից գողություն է արվել, եւ գրառում էր կատարել այդ մասին.
«Այ տականք, այ անասուն, այ ոչնչություն: Դու չես մարսելու իմ ամենաուրախ օրը փչացնելու համար: Ես գիտեմ, որ դու սա տեսնելու ես. դու այստեղից էլ իմացել ես, որ մենք տանը չենք: Մեր տուն մտնելդ, գողացածդ, քո արած վատությունը կանգնելու է կոկորդիդ եւ չես մարսելու: Խելոք վերադարձրո՛ւ՝ խուսափելով հետագա խնդիրներից: Ոնց էլ չլինի, մենք քեզ կգտնենք, քանի որ դու մեզ շատ մոտ ես: Մեր տան գողությունը քո ողջ կյանքի մղձավանջն է լինելու»:
Դերասանուհին ավելի ուշ անդրադաձել է իրենց տան գողությանն ու տարեդարձին:
ՄԵԴԱԼՆԵՐ՝ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԻՑ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Խորվաթիայում կայացած World Challenge Cup-ում:
Օսիջեեւ քաղաքում կայանացած World Challenge Cup-ի հերթական փուլին Հայաստանը ներկայացրել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Մանե Պողոսյանը: Մարզիչներն էին Հայկ Նազարյանը եւ Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարների շարքում էր:
Հայաստանի հավաքականից ոսկե մեդալներ նվաճեցին Արթուր Դավթյանը (հենացատկ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր) եւ Արթուր Ավետիսյանը (օղակներ): Նժույգ-թափերում արծաթե մեդալ նվաճեց Արթուր Դավթյանը:
ՀԵՌԱՑԱՎ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՃԱՄԲԱՐԻՑ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հեռացել է հավաքականի ճամբարից վնասվածքի պատճառով:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բայրամյանը վնասվածք ստացել է հավաքի ընթացքում` մարզման ժամանակ: Նա արդեն իսկ հեռացել է ընտրանու ճամբարից եւ վերադարձել Դոնի Ռոստով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ուելսի եւ Լատվիայի դեմ հերթական խաղերին: Հունիսի 11-ին հավաքականին կմիանա Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը: Լուկաս Սելարայանը եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում հունիսի 14-ին:
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին» 0:1 հաշվով պարտվելուց հետո։
«Մենք, անշուշտ, արժանի չէինք պարտության անցած գիշեր, զգացողությունները դեռ շատ դառն են։ Ամեն խաղացողի մանկության երազանքն է Չեմպիոնների լիգայում հաղթելը, եւ մենք ահռելի ջանք գործադրեցինք: Շնորհակալություն բոլորիդ ձեր անվերապահ սիրո համար»,- գրել է Մխիթարյանը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագը եզրափակիչում փոխարինման էր դուրս եկել 84-րդ րոպեին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակցած առաջին հայ ֆուտբոլիստը։