ՊՐՈՌԵԿՏՈՐԸ՝ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանի հետ՝ մի քանի հարց պարզաբանելու համար: 

 

-Տիկի՛ն Ստեփանյան, ճի՞շտ է, որ Դուք նախկին ռեկտորի հետ Սանկտ Պետերբուրգում մասնակցել եք միջազգային կոնֆերանսի եւ վերադառնալուց հետո եք իմացել ռեկտորի դեմ հայտարարված քրեական հետապնդման մասին։

-Մենք մեկնել ենք միջազգային գիտական կոնգրեսին, որը միավորել է ֆիզկուլտուրայի բուհերի ներկայացուցիչներին ապրիլի 25-29-ը, որտեղ պարոն Խիթարյանը հրավիրված է եղել որպես զեկուցող, ես հրավիրված եմ եղել որպես նստաշրջանի վարող՝ համանախագահող եւ գիտական զեկուցող: Հրավերը եղել է պաշտոնական, եւ հրավիրող կողմը հոգացել է ֆինանսական ծախսերի մի մասը: Մեկնելուց առաջ եւ ընթացքում ընդհանրապես ոչ մի տեղեկություն չենք ունեցել քրեական գործի վերաբերյալ: Խոսեմ իմ անունից. ես քրեական գործի մասին տեղեկացել եմ ամսի 2-ին, քանի որ վերադարձել ենք ամսի 29-ին, եղել է շաբաթ օր, մայիսի 1-ը աշխատանքային չի եղել: Ամսի 2-ին եկել ենք աշխատանքի, եւ եթե չեմ սխալվում, հենց «Ժողովուրդ»  օրաթերթում էր գրված, որ դիմել են հստակեցնելու՝ կա արդյոք գործ, թե չկա: Մինչեւ օրվա վերջ տեղեկացել ենք, որ կա քրեական գործ:

-Իսկ այն տեղեկությունը, որ նախկին ռեկտորը, արդեն զրկված լինելով իր լիազորություններից, օրենքի խախտումով վարել է ձեր բուհի գիտական խորհրդի նիստը, եւ այդ նիստի ընթացքում դիմել է մանիպուլյացիայի՝ Ձեզ ներկայացնելով որպես ռեկտորի պարտականությունները կատարողի միակ թեկնածու, որպեսզի հատկապես Դուք ընտրվեք ռեկտորի պարտականությունները կատարող, համապատասխանու՞մ է իրականությանը։

-Տեղեկությունը մի փոքր խեղաթյուրված է: Երբ պարոն Խիթարյանի լիազորությունները կասեցվել են, ինքը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, Գիտխորհուրդ չի հրավիրել. հրավիրվել է Գիտխորհրդի անդամ դասախոսական կազմը, եւ պարոն Խիթարյանը հայտարարել է, որ իր լիազորությունները դադարեցվում են, եւ այսօր կամ վաղը կլինի հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ կորոշվի, թե ով է լինելու ռեկտորի պարտականությունները կատարող, մինչեւ լուծում կտրվի այդ հարցին:

-Այսինքն՝ դա Գիտական խորհրդի նիստ չէ՞ր համարվում:

-Ո՛չ, դա Գիտական խորհրդի նիստ չի համարվում: Պարոն Խիթարյանը այդ հայտարարությունը անելուց հետո Գիտխորհրդի դահլիճից դուրս է եկել,  եւ Գիտխորհրդի ամենամեծ անդամներից մեկը առաջարկություն է արել, որ իրեն տան Գիտխորհրդի կարգավիճակ, եւ հրավիրել են Գիտխորհրդի արձանագրությունները կազմող քարտուղարին, արդեն՝ առանց պարոն Խիթարյանի, որպեսզի բուհը իր առաջարկությունները ներկայացնի հոգաբարձուների խորհրդին, թե ում են տեսնում որպես լիազորությունները իրականացնող այնքան ժամանակ, մինչեւ կկարգավորվի այդ պրոցեսը:

-Դո՞ւք էիք շարունակելու պաշտոնավարել, այդպե՞ս էր որոշված Խիթարյանի կողմից:

-Խիթարյանի կողմից ոչինչ որոշված չէր: Առաջարկությունը  եղել է Գիտխորհրդի ամենաավագ անդամներից մեկի կողմից, անգամ կարող եմ անուն նշել. առաջարկել է իմ թեկնածությունը՝ հիմնավորելով, որ բուհի գործող 3 պրոռեկտորից միայն իմ թեկնածությունն է համապատասխանում ռեկտորի պարտականությունները կատարողին: Առաջին ու ամենակարեւոր գործոնը իմ ընտրության եղել է դա: Երկրորդ՝ ոչ պակաս կարեւոր գործոնը եղել է այն, որ բուհի մեծ մասը՝ ուսումնագիտականը, գտնվում է իմ վերահսկողության ներքո, եւ ես եմ վերահսկում բոլոր բաժինները, եւ այս տարիների ընթացքում տեսանելի առաջընթաց է գրանցվել, առաջ է եկել վստահություն իմ՝ որպես ուսումնագիտական գծով պրոռեկտորի շուրջ: Գիտխորհուրդը (24 հոգի էին այդ օրը ներկա եղել), այդ թվում՝ Նուշիկյանը, քվեարկել են իմ օգտին:

-Իսկ այն տեղեկությունը, որ ռեկտորի պարտականությունները մյուս պրոռեկտորի վրա դնելուց հետո Ձեր ամուսինը եւ Ձեր եղբայրը «հաշիվ են պահանջել» նախկին ռեկտորից «խոստումը չկատարելու համար», համապատասխանո՞ւմ է իրականությանը։

-Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այսքան տարիների ընթացքում ո՛չ ամուսինս, ո՛չ եղբայրս, ո՛չ տղաներս եւ, առհասարակ, ոչ մեկ չի խառնվել իմ աշխատանքին, եւ վերջապես իմ հարցը չի եղել, կամ այնպիսի հարց չի եղել, որին ինչ-որ մեկը պիտի խառնվեր:

-Եվ վերջին հարցը՝ ճի՞շտ է, որ Ձեր ամուսնուն հեռացրել են աշխատանքից կոռուպցիոն սխեմաների մասնակցելու համար։

-Ոչ, ինֆորմացիան սխալ է: Եկե՛ք ես այդ հարցին չպատասխանեմ, քանի որ ամուսնուս  գործունեությունը կապ չունի իմի հետ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԺՎԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ Է ԱՊՐՈՒՄ»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի կազմով օրերս խորհրդարանում հանդիպում ենք ունեցել Արգենտինայի Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ։

Խոսել ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների, Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրների մասին:

Հանդիպման ընթացքում ընդգծել ենք, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների պահանջներն ու հորդորները:

Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան իր հերթին նշել է, որ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, եւ իրենք առկա իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը կներկայացնեն իրենց երկրին ու միջազգային հանրությանը:

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՏՐԵՏՈՒՔՈՒՄ

«Տրետուքում վիճակը նորմալ է, կրակոցները գյուղում չեն լսվել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց Տրետուքի համայնքապետի քարտուղարը:

«Մեզ մոտ կյանքն իր բնականոն հունով գնում է, արդեն սովորել ենք կրակոցների ձայներին»,-հակիրճ նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի եւ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաեւ ականանետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՐՍՏԱՆԱԼ

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են հարստանալ: Նախկինում տան ու մեքենայի անհասանելի երազանք ունեցողները տուն ու ավտոմեքենա են գնում: ՔՊ խմբկցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, օրինակ, 2018 թվականին է տուն գնել, իսկ այս տարի ներկայացրած նրա հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 2022 թվականին 2017  թվականի արտադրության  Toyota մակնիշի ավտոմեքենա է գնել։

Կոնջորյանի՝  2022 թվականի  գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրից տեղեկացանք, որ նա մեքենան գնել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին 9 մլն դրամով։ Մինչ այդ պատգամավորն ուներ Hyundai մակնիշի ավտոմեքենա, որը հոկտեմբերի 1-ին վաճառել է  3 մլն դրամով։ Հետաքրքիր է, որ Հայկ Կոնջորյանի միակ եկամուտը, ըստ հայտարարագրի, նրա պատգամավորական աշխատավարձն է, որը տարեկան կազմել է 7 մլն 868 հազար դրամ։

 

 

 

 

 

ԱԼԻԵՎԸ՝ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ

«Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է». այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ քննարկել են Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացման հարցը։ «Դա անխուսափելի է, եւ որքան շուտ, այնքան լավ: Մենք կավելացնենք մեր ջանքերն այս հարցում: Այդ «միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար»,- ասել է Ալիեւը:

Նա նաեւ հավելել է, որ միջազգային իրավունքը «չի գործում». այսօր աշխարհում առաջին պլան է մղվում «ուժի» գործոնը:

 




Լրահոս