ArmLur․am-ը խոսել է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի հետ, հասկանալու համար՝ ինչպիսի իրավիճակ է առողջարանային քաղաքում սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո:
–Պարո՛ն Արսենյան, կներկայացնեք ի՞նչ իրավիճակ է այս պահին Ջերմուկում, քանի որ տուրիստները ցանկանում են գալ Ջերմուկ հանգստի, սակայն տեղեկություններ են տարածվել, որ պատերազմական իրավիճակ է և այնտեղ գտնվելը վտանգավոր է:
-Կարող եմ ասել՝ Ջերմուկում այս պահին իրավիճակը դեպի լավն է գնում: Անցած տարվա համեմատ 25-30% տուրիստների աճ է նկատվել: Պատերազմից հետո 70-80% տոկոսով նվազել էր տուրիստների հոսքը։ Վախ կար Ջերմուկ այցելելու, բայց վերջին երկու-երեք ամսում փոխվել է իրավիճակը: Մարդիկ պետք է գան տեսնեն իրենց աչքով, օրինակ ՝ Վրաստան գնալու փոխարեն, ամառային արձակուրդները Ջերմուկում անցկացնեն:
–Իսկ հա՞յ այցելուներն են շատ, թե՞ տուրիստները:
-Այցելուները հիմնականում ռուսներ են և արտասահմանցիներ:
-Հայերի շրջանում դեռ կա՞ այդ վախի մթնոլորտը:
-Այո, բայց ասեմ, որ սեպտեմբերի 13-ից հետո մի կրակոց Ջերմուկում չի եղել:
-Սեպտեմբերի 13-ից հետո վերականգնել եք Ջերմուկը, օրինակ՝ ճոպանուղին վնասվել էր, ի՞նչ իրավիճակ է այդ առումով, աշխատանքներ տարվում են:
-Ճոպանուղին վերականգնելու համար Կառավարությունը գումար էր հատկացրել, մենք վերականգնել ենք ամբողջովին, իսկ հիմա պատվիրել ենք ճոպանուղու տռոսը, որը նույնպես վնասված էր: Դա վերանորոգելուց հետո արդեն կբացվի ճոպանուղին: Մեծ շինարարություններ ենք անում, Եղնիկի ճանապարհն ենք ասֆալտապատում, լուսավորում:
-Պարո՛ն Արսենյան, սեպտեմբերի 13-ի գործողությունների ժամանակ մեծ վնաս էր կրել Ջերմուկ աշխարհ առողջարանը, ի՞նչ աշխատանքներ են տարվում այն վերանորոգելու ուղղությամբ:
-Գումար տրամադրել ենք, նաև ես իմ անձնական միջոցներով էլ եմ օգնել:
-Կա՞րելի է եզրակացնել, որ այս իրավիճակը գոհացնող է:
-Իհարկե, առողջարաններում իրավիճակը գոհացնող է, բայց փոքր հյուրանոցներում մի փոքր պասիվություն կա, ինչը երևի կուղղվի հուլիսից սկսած: Նաև ասեմ, որ հուլիսի 30-ին Ջերմուկում կանցկացվի Ծիրանի փառատոն, իսկ օգոստոսի վերջին շաբաթում լինելու է քաղաքի Ջերմուկ քաղաքի տոն, նախատոսում ենք 2-3 հազար մարդ հավաքել քաղաքում:
Էմմա Միքայելյան