Վարչապետն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell ընկերության պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell ընկերության ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների գծով փոխտնօրեն Ջոանա Քուենսբերգի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է հեղինակավոր ընկերության մուտքը հայկական շուկա, որի առաջին բենզալցակայանը հունիսի 29-ին բացվել է Երևանում: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն իր գործունեությամբ նոր որակ և բիզնես մշակույթ կներդնի հայկական շուկայում: Վարչապետն ընկերությանը մաղթել է հաջողություններ և ընդգծել, որ Կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ:

Ջոանա Քուենսբերգը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը՝ ՀՀ-ում Shell ընկերության ներգրավմանն աջակցելու համար և մանրամասներ փոխանցել հետագա ծրագրերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է Երևանում և բոլոր մարզերում գործարկել 25 բենզալցակայան, որտեղ կմատուցվեն նաև տարբեր այլ ծառայություններ:




Լրահոս