ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական համաժողովին:

 

Ֆորումին մասնակցել են ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամակցող երկրների ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, ԲԵլառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Կուբայից, ինչպես նաեւ ԱՊՀ այլ պետություններից։ Ֆորումն անցկացվել է ՌԴ Սոչի քաղաքում:

Միջոցառման բացման արարողությանը ներկա է եղել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը։ ՌԴ վարչապետն անդրադարձել է եվրասիական ինտեգրացման շրջանակում այժմ գործող երիտասարդների համար նախատեսված ծրագրերին։ Մասնակիցներին ողջունել են ԱՊՀ գլխավոր քարտուղար Ս. Լեբեդեւը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Մ. Մյասնիկովիչը, ֆորումին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները։

Բացման արարողությանը ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երիտասարդներին մասնակցությանը ժամանակակից տնտեսական խնդիրների լուծմանը: Խոսելով ֆորումի հիմնական թեմայի՝ երիտասարդական ձեռներեցության եւ ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված աջակցության մասին՝ Ա. Մարտիրոսյանը երեք առանցքային մոտեցում է շեշտադրել։

«Առաջինն այն է, որ ձեռնարկատիրական հմտությունների եւ ձեռնարկատիրական վարքի ձեւավորումը պետք է սկսվի դպրոցից եւ շարունակվի հետագա կրթական աստիճաններում»,- նշել է նախարարի տեղակալը՝ հակիրճ ներկայացնելով հանրակրթական, միջին մասնագիտական եւ բուհական կրթական համակարգերում այդ ուղղությամբ ձեւավորված հայաստանյան փորձը:

Ըստ նախարարի տեղակալի՝ երկրորդ մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է քաջալերել երիտասարդներին ոչ միայն համալրելու աշխատաշուկան՝ որպես պատրաստված մասնագետներ, այլեւ անել հնարավորը, որպեսզի հենց նրանք դառնան գործատուներ:

Խոսելով երրորդ մոտեցման մասին՝ Ա. Մարտիրոսյանն ընդգծել է ձեռնարկատիրությունը խթանող երիտասարդական ծրագրերի մասին տեղեկատվական պորտալների գործարկման անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան է՛լ ավելի մեծ թվով երիտասարդների հաղորդակից դարձնելու ազգային եւ վերազգային մակարդակով իրականացվող աջակցման ծրագրերին։ «Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ քանի որ ԵԱՏՄ-ն կոչված է միավորելու անդամ պետությունների տնտեսական եւ իրավական տարածությունները, ստեղծելու մարդկային կապիտալի, աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի հնարավորություններ, արդյունավետ կլինի ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրներում ստեղծել միասնական երիտասարդական պորտալներ, որտեղ կտեղադրվեն երիտասարդական ձեռնարկատիրության խթանմանն ու երիտասարդության մասնակցության աճին ուղղված բոլոր ազգային եւ վերազգային ծրագրերը»,- ասել է նա։

Ֆորումի առանցքային իրադարձությունը լիագումար նստաշրջանն էր: Ռազմավարական քննարկումների շրջանակում մշակվել են երիտասարդական ձեռնարկատիրության եւ պետական իշխանության մարմինների կողմից ոլորտի աջակցության նախաձեռնություններ։

Ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյանն այցելել են Սոչիի «Գաղափարների ծով» կենտրոն, որտեղ, ի թիվս մի շարք ծառայությունների, տարատեսակ ծրագրերի միջոցով աջակցություն է տրվում երիտասարդներին սեփական բիզնես գաղափարներն իրականություն դարձնելու համար։

ՀՀ ԿԳՄՍ ներկայացուցիչներն այցելել են նաեւ Սոչիի «Երիտասարդների տուն» երիտասարդական կենտրոն, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին, ծառայություններին, աշխատանքային մեթոդաբանությանը։

 

 

 

 

ՔՈԹԱՆՋՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է

Հունիսի 13-ին ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցն էր: Այդ կապակցությամբ Քաղաքային պանթեոնում տեղի  ունեցավ արտիստի հուշարձանի բացման արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթն այս ամենի մասին զրուցել է արտիստի որդու՝ Մայքլ Քոթանջյանի հետ:

 

-Պարո՛ն Քոթանջյան, կպատմե՞ք հուշարձանի մասին: Ո՞վ է հեղինակը:

-Հեղինակը շնորհալի երիտասարդ Զամոկ Սարգսյանն է, որը տարբեր մրցույթներում գրավել է պատվավոր հորիզոնականներ: Արեցինք ամեն բան, որպեսզի համահունչ լինի Ռաֆայել Քոթանջյանին, իր կերպարին, քանի որ նա շատ լուսավոր անձնավորություն է եղել:

-Ռաֆայել Քոթանջյանի հետ կապված  ի՞նչն եք ամենաշատը վերհիշում եւ կարոտում:

-Ինքը այնքան մեծ էներգիայով անձնավորություն էր, որ ամենաշատը, երեւի թե, կարոտում եմ իր էներգիան, որը քաղաքից է պակասել:

-Մահից մեկ տարի անց ի՞նչ կորցրեց հասարակությունը:

-Վառ անհատականություն, որը շատ պետքական էր մեր ժողովրդին: Շատ սրտացավ անձնավորություն էր Ռաֆայել Քոթանջյանը, եւ իր ամենամեծ ցանկությունն այն էր, որ հայ ժողովուրդը լավ լինի, լինի ուրախ եւ երջանիկ: Ցավոք սրտի, անցյալ 2 տարիների ընթացքում մենք շատ հայրենասեր մարդկանց կորցրինք:

-Ի՞նչ եք անում, որ հանրությունը հիշի իրեն եւ իր աշխատանքը:

-Ինքը հեռատես անձնավորություն էր, եւ իրենից հետո ինձ մոտ կան բավականաչափ ինֆորմացիա եւ արխիվային նյութեր, որոնցով համատեղել եւ բեմադրել եմ այս նախագիծը, որը ամսի 18-ին կխաղանք կինոյի տան դահլիճում: Դա հուշ-երեկո է, որը, կարծում եմ, որ պիտի լինի շարունակական:

-Մտածե՞լ եք թանգարան կամ թատրոն բացելու մասին:

-Թատրոն բացելու մասին հայրս էր մտածում, եւ ունի պահպանված շատ գրառումներ, որոնք ուզում էր իրագործել, սակայն չհասցրեց:

Իսկ թանգարանն արդեն մտածել ենք: Կինոտան առաջին հարկում,  Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ, բացվել է «Հայֆիլմ»-ի թանգարանը, եւ ամսի 18-ին այնտեղ բացվելու է Ռաֆայել Քոթանջյանի անկյունը, որտեղ կլինի իր մանիկենը եւ այն ամենը, ինչ կապված է իր հետ: Մ. Քոթանջյանը նշեց, որ հուշարձանի բացմանը ներկա են լինելու ինչպես անծանոթներ, որոնք սիրում եւ գնահատում են Ռաֆայել Քոթանջյանին, այնպես էլ ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները եւ առաջին անգամ նաեւ թոռնիկները:

Զրուցեց ԻՆԵՍԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

 

 

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը խաղողագործներից ահազանգեր է ստանում այն մասին, որ մթերող ընկերություններն իրենց հետ պայմանագրեր են կնքում՝ շատ մատչելի գներ առաջարկելով, ինչով պայմանավորված՝ իրենք հայտնվել են անելանելի վիճակում: Խաղողագործներից շատերը ստիպված կա՛մ հրաժարվում են պայմանագիր կնքելուց, կա՛մ էլ շատ մատչելի գնով համաձայնում են իրենց մթերքը «հանձնել» տարբեր ընկերությունների: Ըստ մեր զրուցակիցների՝ եթե այսպես շարունակվի, ապա իրենք կտուժեն ու կհայտնվեն շատ դժվար իրավիճակում: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ  այս խնդիրը հայկական շուկայում միշտ է եղել, եւ այստեղ ո՛չ արտադրողը եւ ո՛չ էլ մթերողը մեղավոր չեն. այս հարցը պետք է ՀՀ կառավարությունը լուծի:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 




Լրահոս