ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ՝ ՕՐԱԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը եւ Ադրբեջանը տեւական ժամանակ է՝ բանակցություններ են վարում խաղաղության պայմանագրի շուրջ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասում է՝ խաղաղության պայմանագրի որոշ դրույթների շուրջ համաձայնություններ կան, բայց կան նաեւ սկզբունքային դիրքոշումներ, որոնց շուրջ կողմերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

-Պարո՛ն Խանդանյան, արդեն տեւական ժամանակ է՝ Հայաստանը եւ Ադրբեջանը պետական մակարդակում բանակցություններ են վարում Մոսկվայում եւ Վաշինգտոնում ու ասում են, որ բանակցությունները ընթանում են հիմնականում խաղաղության պայմանագրի շուրջ: Այժմ ի՞նչ փուլում են բանակցությունները, արդյոք կողմերը մո՞տ են պայմանագրի կնքմանը: Եթե մոտ չեն, ի՞նչ տարաձայնություններ կան:

-Վերջին մի քանի ամսվա ընթացքում բանակցությունների դինամիկան բավական արագ  էր թե՛ արտգործնախարարների եւ թե՛ երկրի ղեկավարների մակարդակով. դա գաղտնիք չէ:  Այո՛, խաղաղության պայմանագրի որոշ դրույթների վերաբերյալ համաձայնություններ, մոտեցումներ ու դիրքորոշումներ կան, բայց կան սկզբունքային դիրքորոշումներ, որոնք մեզ համար շատ կարեւոր են, եւ հենց այդ դիրքորոշումների շուրջ է խոսակցությունը: Եթե դրանք բաժանենք, օրինակ, երեք խմբի, առաջինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայության իրավունքների եւ անվտանգության մեխանիզմի հարցն է: Պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայության իրավունքն ու ապահովությունը: Երկրորդը սահմանի հարցն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, թե ինչպես է իրականացվելու սահմանազատման գործընթացը, եւ երրորդը խաղաղության պայմանագրի կենսունակության հարցն է: Այդյոք խաղաղության պայմանագիրը ապահովելո՞ւ է խաղաղություն դրա ստորագրումից հետո:

-Դուք՝ որպես Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ի՞նչ եք կարծում, պայմանագիրը կապահովի՞ խաղաղություն, քանի որ տեսնում եք, որ Ադրբեջանը տարբեր հարթակներում ձեռք բերված պարտականությունները չի պահում, խախտում է հրադադարը:

-Ես կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի պահպանման համար պետք է կայուն մեխանիզմներ լինեն, որոնք կապահովեն խաղաղության պայմանագիրը իրականացնելիս  ծագած վեճերի  լուծումները:  Ըստ էության, պետք է նման միջազգային մեխանիզմ լինի, որը անընդհատ ուշադրության կենտրոնում կպահի տարածաշրջանը,  եւ երբ որ կառաջանան վեճեր, եւ Ադրբեջանը  կփորձի չկատարել մեր պայմանավորվածությունները, այդ մեխանիզմը կարգավորի այդ ամենը:

 

 

 

 

 

ԱՀԱԶԱՆԳ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ադրբեջանը կրակ է բացել քաղաքացիական օբյեկտների վրա, վիրավորում են ստացել օտարերկրյա քաղաքացիներ. ահազանգ միջազգային գործընկերներիս։

Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր (երեկ-խմբ.)՝ ժամը 11:45-ի սահմաններում, կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Հունիսի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հերթական անգամ խախտելով հրադադարը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել

Արցախի հետ շփման գծի հյուսիսային, արեւելյան եւ հարավարեւմտյան,

Տրետուքի, Սոթքի (կիրառել են նաեւ ականանետ),

Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա եւ այլ օբյեկտ:

Գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս՝ նշելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, առհասարակ, մարդու համընդհանուր իրավունքները, ինչպես նաեւ խոչընդոտում է խաղաղության հասնելու միջազգային բոլոր ջանքերը։

Պահանջել եմ հրապարակային գնահատական հնչեցնել Ադրբեջանի հանցավոր վարքագծի վերաբերյալ եւ ձեռնարկել քայլեր՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ»։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՔՊ-ՈՒՄ

ԱԺ խորհրդի որոշմամբ՝ փոփոխություններ են արվել ԱԺ 8-րդ գումարման բարեկամական խմբերի կազմում:

Այսպիսով, կատարվել են հետեւյալ փոփոխությունները՝

  1. Հայաստան-Իրան բարեկամական խմբում Մարիա Կարապետյանին կփոխարինի Դավիթ Դանիելյանը:
  2. Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբում Վլադիմիր Վարդանյանին կփոխարինի Նարեկ Բաբայանը:
  3. Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբում իմքայլական նախկին պատգամավոր Անուշ Բեղլոյանին կփոխարինի Վիլեն Գաբրիելյանը:

Իսկ, ահա, Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում համալրում կա. հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաեւ ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Նյութերը՝ ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ

 

 

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐ

Կարեն Անդրեասյանը խորհրդականին օպերատիվ համարանիշներ է տվել։ Ո՞վ է վերջինս։                                                                                                                                                                                                                              «Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, որը ՀՀ  բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականն է, օպերատիվ համարանիշներով է շրջում: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդապետյանը ԲԴԽ-ում միակ խորհրդականն է, որն ունի ավտոմեքենայի օպերատիվ համարանիշներ, եւ հարց է առաջանում՝ ինչպես են այդ համարանիշները հայտնվել Կարեն Անդրեասյանի խորհրդականի մոտ: Պարզվում է՝ հայրենի դատական համակարգի անկախության թիվ մեկ երաշխավոր կառույցի անդամների համար դեռ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ոստիկանություն եւ 10 հատ օպերատիվ համարանիշներ խնդրել: Բնականաբար, ոստիկանությունը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի խնդրանքը եւ ԲԴԽ-ի 10 անդամներին հատկացրել օպերատիվ համարանիշներ: Ու քանի որ ԲԴԽ անդամների փոփոխությունները հաճախ են լինում վերջին տարիներին, ԲԴԽ որոշ անդամների օպերատիվ հարամանիշները փոխանցվել են նորեկներին՝ բացառությամբ մեկի: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԲԴԽ նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է, որ ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանը, որը «իր սրտի պաշտոնյան» չէ, չի կարող օպերատիվ համարանիշներ ունենալ: Ըստ ամենայնի, հենց նրան «հասանելիք»  օպերատիվ համարանիշն է Կարեն Անդրեասյանը տվել իր խորհրդական Արշակ Վարդապետյանին: Իսկ ի՞նչ նպատակ է դա հետապնդում: Դատական համակարգում լուրեր կան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդական Արշակ Վարդապետյանը օպերատիվ համարանիշներով հաճախ է լինում տարբեր դատարաններում, հանդիպում դատարանների նախագահների հետ՝ նրանց փոխանցելով Կարեն Անդրեասյանի մեսիջները, թե որ գործով ինչ վճիռ կամ որոշում է անհրաժեշտ քաղաքական իշխանությանը:

Այս տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Արշակ Վարդապետյանից՝ հետաքրքրվելով, թե երբ է ստացել օպերատիվ համարները, եւ արդյոք դատարանների նախագահների մոտ գնալու առաքելության համար է ստացել համարանիշները: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցերին ի պատասխան՝ Արշակ Վարդապետյանը նշեց. «ԲԴԽ գործունեության հետ կապված բոլոր հարցերով խնդրում եմ կապվել ԲԴԽ մամլո ծառայության հետ»։ Նա, ըստ էության, հրաժարվեց պատասխանել իրեն առնչվող հարցերին:

Հավելենք, որ ավտոմեքենաների վրա դրվող օպերատիվ համարանիշները հիմնականում անվերահսկելի են, չեն ստուգվում, չեն տուգանվում: Կարճ ասած, կանաչ լույս ունի ՆԳ փոխնախարարի ամուսինը։

 




Լրահոս