ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Արցախի վերաբերյալ բանաձեւ է ընդունվել՝ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ բացման եւ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջներով։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ բանաձեւում արձանագրված է, որ Լաչինի միջանցքը Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող կենսական կարեւոր օղակ է, ինչը արգելափակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Շրջափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության համար եւ խոչընդոտում առաջին անհրաժեշտության պարագաների, մարդասիրական օգնության մուտքն ու տնտեսական հնարավորությունները։ Ֆլամանդական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը ընդունում է հարցի հրատապությունը եւ կոչ անում Ադրբեջանին անհապաղ վերացնել շրջափակումը` ապահովելով ապրանքների, ծառայությունների հոսքն ու մարդկանց տեղաշարժը միջանցքով։
Ավելին՝ բանաձեւում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ ինքնիշխան պետության սահմաններում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է եւ ինքնիշխանության սկզբունքների խաթարում։ Բանաձեւը կոչ է անում ԵՄ-ին դրդել Ադրբեջանին դադարեցնելու իր թշնամական քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ եւ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։
Բանաձեւի նախաձեռնող, Ֆլամանական խորհրդարանի անդամ Ալեսիա Քլեյսը, որը ներկայացնում է Նոր ֆլամանական «Ալիանս» կուսակցությունը, անդրադառնալով բանաձեւի ընդունմանը, նկատել է. «Ես շատ գոհ եմ, որ խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը հավանություն է տվել հայ-ադրբեջանական հակամարտության՝ ներառյալ Լաչինի միջանցքի փակման եւ հումանիտար իրավիճակի վերաբերյալ մեր բանաձեւին։
Մենք միասնական ենք՝ դատապարտելու շարունակվող պատերազմը, եւ կոչ ենք անում բոլոր կողմերին արդյունավետ քննարկումներում առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն»:
Բանաձեւի քննարկումներ ընթացքում խորհրդարանի անդամ եւ բանաձեւի համահեղինակ Կարլ Վանլաուեն մասնավորապես նշել է. «Այս բանաձեւը հայ համայնքի հետ բազմաթիվ զրույցների եւ ֆլաման լրագրող Յենս Դե Ռեյկի հետ քննարկումների արդյունք է, որին անցած շաբաթ հյուրընկալել էինք հանձնաժողովում։ Նա ներկայացրել է Կովկասում ավերիչ հակամարտությունը։ Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակումը իսկական հումանիտար ճգնաժամ է։ Դա պետք է դադարեցվի հիմա»։
Անդրադառնալով բանաձեւին՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում ֆլաման պատգամավորների աշխատանքը, մասնավորապես՝ նրանց, ովքեր առաջնորդող դեր են խաղացել եւ անխոնջ կերպով հանդես են եկել ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաեւ Արցախում էթնիկ զտումների քաղաքականության դեմ։ Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հավասար է նրա կյանքի իրավունքին, որը պետք է անզիջում կերպով պաշտպանել»։
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հունիսի 14-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։
Դրանց թվում են.
l «Կամավորական գործունեության մասին» օրինագծերի փաթեթը եւ կից օրենքներում փոփոխությունների կատարումը,
l ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։
Դրանց թվում են.
l ««Ոստիկանության մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը,
l «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը,
l ««Սննդամթերքների անվտանգության պետական վերահսկման մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը,
l ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը,
l ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
l «Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը,
l ««Զբաղվածության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը,
l ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքերի եւ վարչական վարույթների առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը,
l ««Ավտոտրանսպորտով վտանգավոր բեռների եւ չվարակազերծված բեռնարկղերի փոխադրման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը,
l «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
l ««Անասնաբուժության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը,
l ««Տեսաձայնային մեդիաների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
l ««Իրավանորմատիվային ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։
Խորհրդարանականները նաեւ վավերացրել են «Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման մասին» պայմանագիրը։
ԵՐԱՍԽՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ ՀՆԴԻԿՆԵՐ ԵՆ
Վիրավորում ստացողները ազգությամբ հնդիկներ են. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը:
«Այս պահին գտնվում են Արարատի բժշկական կենտրոնում, ստացել են բեկորային վնասվածք, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին ես հիվադանոցում եմ, վերջիններիս վիրահատում են»,-նշեց մարզպետը:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե, իբր, ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր այս շաբաթ Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների քննարկումների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 12-ին Վաշինգտոնում, հետաձգվել է Բաքվի խնդրանքով։
«Ցավոք, այս հանդիպումը չկայացավ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, եւ մենք անհամբեր սպասում ենք, որ այն տեղի կունենա, որքան հնարավոր է, շուտ»,- ասաց Միլլերը: