Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանը զորք է մտցել Ղրիմ`պաշտպանելու սեփական օրինական շահերը, քաղաքացիներին և Ղրիմում տեղակայված զինվորականներին: Իսկ թե իրականում ինչի է ձգտում հասնել Ռուսաստանը, պարզեց armlur.am-ի թղթակիցը` զրուցելով քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:
-Պրն Մելիք-Շահնազարյան, Ռուսաստանը, Ղրիմում զորք մտցնելով, իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում և ի՞նչ մեսիջ է հղում Արևմուտքին:
-Ես համոզված եմ, որ Ռուսաստանը պայքարում է ոչ միայն Ղրիմի, այլև ամբողջ Ուկրաինայի համար: Միայն Ուկրաինայի արևելյան շրջանները բավարար չեն Ռուսաստանին. նա ցանկանում է իր ազդեցությունը տարածել ամբողջ Ուկրաինայի վրա` Եվրոպայի հետ շահավետ դիրքերից շփվելու և սեփական աշխարհաքաղաքական անվտանգությունը պաշտպանելու համար: Ռուսաստանն իսկապես տեսնում է, որ վտանգված է իր քաղաքացիների և Ղրիմում տեղակայված զինվորականների կյանքը, եթե հաշվի առնենք, որ Մայդանում հաղթանակած հեղափոխությունը ծայրահեղ արևմտյան երանգներ է ստանում: Բնականաբար, սա ընդունելի չէր կարող լինել ոչ Ուկրաինայում բնակվող ռուսների համար, ոչ էլ Ռուսաստանի համար: Կորցնելով իր ազդեցությունը Ուկրաինայի վրա`Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը նաև Արևելյան Եվրոպայի երկրների վրա: Հետևաբար, Ռուսաստանը պայքարելու է մինչև վերջ` չբացառելով ռազմական գործողությունները:
-Արդեն հնչել են մի քանի դատապարտող հայտարարություններ Արևմուտքի կողմից: Դրանք կարո՞ղ են սթափեցնել կամ ստիպել Ռուսաստանին զորքը Ղրիմից հանելու համար:
-Դրանք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Ռուսաստանի վրա, քանի որ պաշտոնական Մոսկվան վստահ է, որ Ուկրաինայի արևելյան հատվածում տեղի ունեցող գործընթացները սպառնում են ՌԴ-ի անվտանգությանը: Բացի այդ` Մոսկվան հաշվարկել էր բոլոր հնարավոր արձագանքները Արևմուտքի կողմից:
-Արևմուտքը, դատապարտող հայտարարություններից բացի, համարժեք այլ քայլերի կգնա՞, մասնավորապես` զորք կմտցնի՞ Ուկրաինայի արևելյան հատված:
–Չեմ կարծում, որ Արևմուտքը պատրաստ է ռազմական գործողությունների Ռուսաստանի դեմ, քանի որ այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի խուսափել գլոբալ պատերազմից: Հավանաբար, եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը կբավարարվեն միայն պատժամիջոցների կիրառմամբ: Արդեն ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են «Մեծ ութնյակի» համաժողովի կազմակերպման գործընթացին մասնակցել: Բացի այդ` ԱՄՆ-ի պետքարտուղարն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի պատճառով սառը պատերազմ չի սկսի Ռուսաստանի դեմ:
-Ռուսաստանի` Ղրիմ զորք մտցնելը կհանգեցնի՞ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների:
–Ռուսական բանակը Ուկրաինայում ու Ղրիմում վաղուց կա և գործում է միջազգային պայմանավորվածությունների հիման վրա, այսինքն` խոսքը վերաբերում է բանակի` իր վրա նոր լիազորությունների վերցմանը: Ռուսաստանի միայն այս հայտարությունը ցույց տվեց, որ պրոռուսական կողմնորշում ունեցողները Ուկրաինայում ռուսական դրոշ բարձրացնեն շենքերի վրա: Ուկրաինական զինված ուժերի մի շարք զինվորականներ արդեն անցել են Ռուսաստանի կողմը` ընդունելով Ռուսաստանի հպատակություն:
-Որքանո՞վ են համարժեք Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները Ռուսաստանի այս քայլին:
– Ուկրաինայի իշխանությունը լուրջ ճգնաժամի մեջ է և ի վիճակի չէ վերահսկել ողջ իրավիճակը իր երկրում, հետևաբար նրանք չեն կարող պատշաճ արձագանքել Ռուսաստանի սպառնալիքներին:
-Ե՞րբ և ինչպե՞ս կթուլանա լարվածությունը Ուկրաինայում:
-Լարվածության թուլացման համար անհրաժեշտ է մեծ փոխզիջում ոչ միայն ուկրաինական հասարակության ներսում, այլև աշխարհաքաղաքական առումով` մասնավորապես փոխզիջման պետք է գնա Արևմուտքը: Համոզված եմ` Ռուսաստանը երբեք չի համակերպվի Ուկրաինայի արտաքին քաղաքական կուրսի հետ: Ռուսաստանը պահանջելու է Արևմուտքից նվազեցնել աջակցությունը մայդանի ծայրահեղ հակառուսական տրամադրություններ ունեցողներին: Անհրաժեշտություն կլինի գտնել այնպիսի մի թեկնածու, որը կկարողանա համագործակցել թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ: Չեմ բացառում, որ Յուլիա Տիմոշենկոն կամ Յանուկովիչի շրջապատի անդամներից մեկը կարող է լինել այդ թեկնածուն:
Սոնա Դավթյան