«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ՝ Արցախում շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած առողջապահական ծրագրի շրջանակում Մարտունու շրջանի Մյուրիշեն, Կարմիր շուկա, Հաղորտի, Բերդաշեն, Սոս գյուղական համայնքների շուրջ 160 բնակիչներ հնարավորություն են ունեցել օգտվել առաջնային բուժօգնության շարժական ծառայություններից:
Բժշկական շարժական բրիգադը՝ հատուկ մասնագիտական վերապատրաստում անցած ընտանեկան բժիշկները, ժամանակակից սարքավորումներով կահավորված ավտոմեքենայով այցելել են համայնքներ եւ տեղում բնակիչներին մատուցել թերապեւտիկ ծառայություններ, իրականացվել է նաեւ ընդհանուր սկրինինգ եւ լաբորատոր հետազոտություններ, առավել տարածված վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերում, կառավարում եւ դրանց վերահսկում:
«Մենք ենք մեր սարերը» գործակալության այս ծրագրի հիմնական գործընկերներն առողջապահական ոլորտում գործունեություն ծավալող «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամը եւ «Sante Armenie» միավորումն են: Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության համագործակցությամբ:
«Ծրագիրը ընդամենը մեկ ամսից ավելի է, ինչ մեկնարկել է, բայց արդեն շոշափելի արդյունքներ է արձանագրել: Այն մշակվեց շրջափակման ընթացքում, երբ հատկապես սուր էր վառելիքի խնդիրը, եւ մեր համայնքների բնակիչները հնարավորություն չունեին առաջնային բուժօգնության ծառայությունների համար ամեն անգամ հասնել Ստեփանակերտ: Մենք սերտորեն համագործակցում ենք Արցախի առողջապահության նախարարության հետ: Շարժական բրիգադն այցերն իրականացնում է նախարարության կողմից ներկայացված ժամանակացույցով: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունն ու դրական արձագանքը՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունն իր նվիրատուների աջակցությամբ հուլիսից նախատեսում է գործարկել արդեն երկրորդ շարժական բրիգադը, որը կսկսի ծառայություններ մատուցել նաեւ մյուս շրջաններում»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը։
«Այս ընթացքում մենք ավելի շատ մատուցել ենք ընդհանուր թերապեւտիկ ծառայություններ, իրականացրել սրտանոթային համակարգի հետազոտություններ, խորհրդատվություն տրամադրել եւ բուժօգնություն ցուցաբերել: Եվս մեկ նոր շարժական բրիգադը կօգնի ավելի մեծ ծավալով ծառայություններ մատուցել, ինչն այս իրավիճակում կենսական կարեւորություն ունի մեր գյուղաբնակ բնակչության համար»,- նշել է շարժական բրիգադի բժիշկ Արամ Գեւորգյանը: «Առաջին շարժական բրիգադը սկսեց Մարտունու հինգ համայնքներից, շուրջ մեկ ամսվա ընթացքում ամեն օր այցեր են կատարվել, եւ ակնհայտ է, որ բնակչությունն այսպիսի ծառայության կարիքը շատ ունի: Մեքենան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, եւ դա թույլ է տալիս տեղում համապատասխան բուժօգնություն ցուցաբերել: Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք մաս դառնալ այս կարեւոր ծրագրին ու իրական աջակցություն ցուցաբերել առանց այդ էլ շրջափակման ծանր իրավիճակին դիմակայող բնակչությանը»,- ասել է Արցախում «ՀԵՆԱՐ» հիմնադրամի ներկայացուցիչ Յուրի Ասրիյանը:
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում եւ իրագործում է Արցախի եւ Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաեւ տեղական, միջազգային եւ մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը եւ նրա գործընկերները։
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը 2022 թվականին ձեռք է բերել 24 մլն արժողությամբ նոր բնակարան Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Գնումը կատարվել է «Ալվինա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ից՝ համատեղ սեփականությամբ։ Լենա Նազարյանը 2017 թվականին եւս հայտարարագրել է բնակարան համատեղ սոփականությամբ ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հետ, որը գտնվում է Կատայքի մարզի Առինջ գյուղում։ Մեկ բնակարան էլ հայտարագրված է Երեւանում՝ Նորք Մարաշում: Ընդհանուր առմամբ, Լենա Նազարյանն ունի հայտարարագրված 3 բնակարան: Նշենք նաեւ, որ Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարգիր դեռ չի ներկայացրել, ինչը կարգազանցություն է: Համենայնդեպս նրա հայտարարագիրը կայքում հասանելի չէ:
Նախկին լրագրող եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի եկամուտները, 2021 թվականի համեմատ, աճել են 104 մլն 982 հազար ՀՀ դրամով: Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, 2021 թվականի համեմատ, աճել է 22 մլն դրամով:
Նազարյանի վարկային միջոցների մնացորդի մայր գումարի չափը 2022 թվականին կազմել է 43 մլն 954 հազար դրամ։
Հիշեցնենք, որ 2017 թվականին, երբ նոր էր ձեւավորվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Լենա Նազարյանը հայտարարել էր. «Շատ կուզենայի, որ հայտարարագրվեն պաշտոնյաների անձնական ճամփորդությունները: Քիչ թե շատ աշխարհ տեսած կոռուպցիոներները հիմա անիմաստ են համարում կառուցել 7-րդ առանձնատունը կամ գնել 10-րդ ավտոմեքենան եւ նախընտրում են ճոխ ճամփորդությունը»,-
Այս խոսքերի հեղինակը նախորդ տարի հանգստի է մեկնել, ճանապարհածախսի, կեցության ծախսի համար 2022 թվականի հայտարարագրում նշել է, թե ծախսել է 2 մլն 100 հազար դրամ: Իսկ թե որտեղ է գնացել, իրականում այդքան է ծախսել, թե ավելին, թափանցիկության մասին խոսող Նազարյանը թաքցրել:
ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ
2022 թվականի բյուջեի կատարողականում նշված է, որ ՀՀ Ժողովրդագրական իրավիճակը նկարագրող ցուցանիշների պայմաններում անհրաժեշտ է, որ երկրում տարեկան ծնվի ավելի քան 44.000 երեխա՝ ապահովելու համար երկրի բնակչության թվի աճ:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչ է անում պետությունը, որպեսզի Հայաստանում տարեկան ծնվի այդքան երեխա:
– Ծնելիության աճի հետ կապված այն քաղաքականությունը, որը այսօր որդեգրել է մեր իշխանությունը, ես կարծում եմ՝ իր արդյունքները կտա, բայց որպեսզի ավելի մասնագիտական քննարկում լինի, ես կարծում եմ՝ մենք կոնկրետ թվերով, վերլուծությամբ ու հստակ քայլերով պետք է դիտարկենք, բայց պետք է նշել մի քանի հանգամանք. ուզում եմ նշել, որ մենք էականորեն ավելացրել ենք երկրորդ եւ երրորդ երեխաների ծնվելիս հատկացվող միանվագ գումարները, սոցիալական երաշխիքները, եւ այլ քայլեր են ձեռնարկվում, ինչը կարծում եմ՝ հանգեցնելու է ծնելիության աճին:
Ծնելիության աճի ու, առհասարակ, մեր ժողովրդի բարեկեցության աճի ամենակարեւոր կետերից է անվտանգային խնդիրները: Եվ ես հենց անվտանգային խնդիրների լուծման դեպքում եմ տեսնում թե՛ բնակչության թվաքանակի աճի, թե՛ տնտեսական աճի խնդիրների հանգուցալուծում եւ լիահույս եմ, որ անվտանգային խնդիրների լուծման շնորհիվ հենց ծնելիության մակարդակն էլ կբարձրանա:
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԵՏ
Հայաստանի եւ Իտալիայի միջեւ ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը եւ Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ Այցելության նպատակն էր ծանոթանալ Իտալիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, այս ոլորտում ամրապնդել հայ-իտալական գործակցությունը, ինչպես նաեւ իրականացնել փորձի փոխանակում։
Հուշագրով սահմանվում է կողմերի միջեւ համագործակցություն՝ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լավագույն փորձի, ճանապարհային ոլորտի նորարարությունների, նոր տեխնոլոգիաների մասին տեղեկատվության փոխանակման, ճանապարհային անվտանգության բարձրացման միջոցով:
Հուշագրով նախատեսվում են երկու երկրների մասնագետների վերապատրաստում, պարբերական ճանաչողական այցեր՝ նպաստելու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաեւ համատեղ կոնֆերանսների, սեմինարների, հանդիպումների, այլ ծրագրերի կազմակերպում։
Anas-ի ղեկավար Ալդո Իսիի խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը երկու երկրների համար համագործակցության եւ ինժեներական գիտելիքների փոխանակման կարեւոր հնարավորություն է:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն էլ շեշտեց, որ հայկական կողմը շահագրգռված է ճանապարհաշինության եւ ճանապարհների կառավարման ոլորտում աշխարհի լավագույն փորձն ուսումնասիրելու եւ այն Հայաստանում ներդնելու հարցում։ Նա կարեւորեց նաեւ մասնագետների շարունակական վերապատրաստումը, ինչը ոլորտի զարգացման նախադրյալներից է։