ՇԱՀԱՎԵՏ ՎԱՅՐԵՐԸ՝ ԸՍՏ Wildberries-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wildberries միջազգային առցանց հարթակը հրապարակել է ապրանքների ստացման կետեր բացելու նպատակով ներդրումների համար ամենահեռանկարային վայրերի վարկանիշը ԱՊՀ երկրներում։ Հիմնական չափորոշիչներն են երկրի բնակչությունը եւ գործող կետերի քանակը։

 

  1. Հայաստան։ Ստացման նոր կետեր բացելու լավագույն քաղաքներն են Արարատն ու Ստեփանավանը, Հրազդանը նույնպես հեռանկարային է։ Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ստացման կետերի պակաս կա քաղաքի հարավային հատվածում։
  2. Բելառուս։ Քաղաքների լավագույն կետերը գտնվում են Բորիսովում, Մոգիլեւում (արեւելքում եւ արեւմուտքում կետերի պակասն ավելի շատ է), Գրոդնոյում, Բրեստում (քաղաքի արեւմտյան մասը), ինչպես նաեւ Մինսկի մարզում։ Գնորդների համար ստացման կետերի պակաս նկատվում է Գոմելի արեւելքում եւ արեւմուտքում, ինչպես նաեւ Վիտեբսկի ծայրամասերում։
  3. Ղազախստան։ Ամենահեռանկարային վայրերն են Տարազը, Կարագանդան եւ Շիմքենդը: Երկրում պատվերների ստացման կետերի մեծ մասը գտնվում է Աստանայում, սակայն դրանք բոլորը կենտրոնացված են քաղաքի կենտրոնում։
  4. Ղրղզստան։ Մայրաքաղաքը շարունակում է գրավիչ մնալ ներդրումների համար. Բիշքեկի հյուսիսում ստացման կետերի պակաս կա: Օշը, Կարակոլը եւ Ջալալ-Աբադը ստացման կետեր բացելու թոփ վայրերն են:
  5. Ուզբեկստան։ Հաշվի առնելով, որ առցանց հարթակը այս երկրում վաճառքներ սկսել է ընդամենը մեկ տարի առաջ, ստացման կետերը սահմանափակ են (ինչը նշանակում է՝ մայրաքաղաքի որոշ հատվածներում դրանց պակաս կա), եւ ներկայումս ստացման կետեր կան Տաշքենդում, Սամարղանդում եւ Բուխարայում: Ստացման կետեր բացելու համար հեռանկարային են երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Սամարղանդ, Բուխարա, Ֆերգանա, Նամանգան, Անդիջան, Նուկուս, Կոկանդ։

2023-ի մայիսի վերջի դրությամբ Wildberries-ի ստացման գործընկերային եւ սեփական կետերի ընդհանուր թիվն ավելացել է 1,5 անգամ՝ հասնելով 1584-ի, որոնցից 390-ը՝ Ղազախստանում, 271-ը՝ Հայաստանում, 839-ը՝ Բելառուսում, 22-ը՝ Ղրղզստանում եւ 62-ը՝ Ուզբեկստանում։ Ընդ որում՝ ստացման գործընկերային կետերի պակաս, սեփական կետերի համեմատ, նկատվում է ԱՊՀ երկրների բոլոր խոշոր քաղաքներում։

Ստացման գործընկերային կետերի ընդհանուր հասույթը (եկամուտը) 2023-ի մայիսին տարեկան կտրվածքով աճել է 6 անգամ, ԱՊՀ երկրներում աճի դինամիկան գերազանցում է Ռուսաստանի միջին ցուցանիշը։

2023-ի հունիս Wildberries-ը վերսկսել է ստացման գործընկերային նոր կետերի բացման ծրագիրը: Այն ենթադրում է նոր կետեր բացելիս ստացման կետի շրջանառության տոկոսի ավելացում ինչպես առաջնահերթ մանուշակագույն, այնպես էլ ստանդարտ կանաչ գոտիներում։ Հարթակի ինտերակտիվ քարտեզի վրա կարելի է ընտրել ամենահարմար կետը՝ point.wb.ru հղումով:

Լրացուցիչ եկամտի դրույքաչափերը հաշվարկվում են՝ ելնելով գոտուց եւ գտնվելու վայրից: Մանուշակագույն գոտում ստացման կետի բացումը Հայաստանում ձեռնարկատերերին թույլ կտա եկամուտ ստանալ շրջանառության 2,61%-ի չափով, Բելառուսում` 2,87%, Ղազախստանում` 2,54%, Ղրղզստանում` 2,41%, Ուզբեկստանում` 2,41%: Որպես բոնուս՝ բոլոր գործընկերները, որոնք նոր կետեր են բացում առաջնահերթ գոտում, նվեր կստանան ցուցատախտակ: Կանաչ գոտում եկամտի դրույքաչափը ենթադրում է հետեւյալը՝ Հայաստանում՝ 2,22%, Բելառուսում՝ 2,44%, Ղազախստանում՝ 2,16%, Ղրղզստանում՝ 2,05%, Ուզբեկստանում՝ 2,05%։

«Մենք շարունակում ենք զարգացնել Wildberries-ը որպես առցանց հարթակ փոքր բիզնեսի համար բոլոր երկրներում, որտեղ մենք գործում ենք: 2023-ին մենք նախատեսում ենք է՛լ ավելի ընդլայնել համագործակցությունը ԱՊՀ երկրների ձեռնարկատերերի հետ, ավելացնել լոգիստիկ կարողությունները, ինչը նրանց թույլ կտա հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը մեր օգնությամբ»,- ասվում է Wildberries-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

 

 

 

 

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ՝ ԱՅՍՕՐ

Տարիներ շարունակ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների որոշակի աճ է նկատվում։

Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Այս առումով երկու մեթոդ ունենք. փորձում ենք անշարժ գույքի շուկայի գները հիմնականում համադրել մարդկանց իրական եկամուտների աճի, ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվների աճի հետ։ Մեր երկու մեթոդներով էլ համադրելով՝ մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում աճը ավելի բարձր է, քան իրական եկամուտների աճը, ուստի, մեր կարծիքով, անշարժ գույքի շուկայում կա որոշակի ավելի աճ, քան պետք է լիներ»,- ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը նաեւ անդրադարձավ հիփոթեքային վարկերի շուկայում իրենց դիտարկումներին՝ նշելով, որ անցած տարվա ընթացքում դիտարկվել է տոկոսադրույքի աճ։

«Կենտրոնական բանկը վերջին երկու տարվա ընթացքում վարել է զսպող վարկային քաղաքականություն։ Բնականաբար, Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնում է շուկայում այլ տիպի տոկոսադրույքների բարձրացման՝ ներառյալ նաեւ հիփոթեքային վարկերը։ Հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքի աճը եղել է ավելի մեղմ, քան նույնիսկ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը»,- նշեց Գալստյանը։

 

 

 

 

 

ՊԱՅՔԱՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ

Կենտրոնական բանկը չի համարում, թե գնաճի դեմ պայքարն ավարտված է:

Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Անցյալ տարվա ընթացքում գնաճը պայմանավորված է եղել թե՛ առաջարկով, թե՛ պահանջարկով: Պահանջարկի հիմնական բաղադրիչը եղել է արտածին, այսինքն՝ մենք ունեցել ենք միջազգային այցելուների ներհոսք, որոնք պահանջարկ են ձեւավորել Հայաստանի ապրանքների ու ծառայությունների նկատմամբ, որի հետեւանքով մենք տեսնում ենք, որ նույնիսկ մինչեւ հիմա հյուրանոցային եւ ռեստորանային ծառայությունների գնաճը 8.7 տոկոս է: Ես փորձեցի տրամաբանորեն բացատրել, թե ինչու է ԿԲ-ն ավելի զուսպ տոկոսադրույքն իջեցնելու պարագայում, որովհետեւ մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»,-ասաց Գալստյանը:

Անդրադառնալով առաջարկի գործոններին՝ նա նշեց, որ անցյալ տարվա ընթացքում եղել է դրվագ, որ միջազգային ապրանքահումքային ապրանքներն ու բնամթերքը թանկացել են, դրանով է պայմանավորված եղել դրամավարկային քաղաքականության ուղղությունն ու ընթացքը:

ԿԲ վերջին կանխատեսմամբ՝ 2023-ի տնտեսական աճը 6.9 տոկոս է: «Սակայն պետք է հասկանանք, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում տնտեսությունը չի կարող հարատեւ աճել ավելի շատ, քան իր պոտենցիալն է»,-նշեց Գալստյանը:

 

 

 

 

 

ՕՏԱՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Դիլիջանի համայնքապետարանը Դիլիջան քաղաքում հողամասը  Երեւան քաղաքի  Կենտրոն թաղամասի բնակչուհուն օտարելուց 9 տարի անց այդ գործարքն անվավեր  ճանաչելու պահանջով  դիմել է դատարան։ Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչ Վաղինակ Մարկոսյանը 2022թ. հունիսի 8-ին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ  Երեւան քաղաքի  բնակչուհի Թամարա Ալեքսանդրի Մանուկյանի, քաղաքացիական  հայցով որպես երրորդ անձ ներգրավված է ՀՀ կադաստրի կոմիտեն։ Հայցվորը՝ Դիլիջանի համայնքապետարանը, ներկայացրել է աճուրդն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջներ՝ խնդրելով անվավեր ճանաչել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 31/1 հասցեի 903 քառակուսի մետր մակերեսով   հողամասի 2013թ. հունիսի 13-ին կայացած աճուրդը, որպես հետեւանք՝ անվավեր  ճանաչել Դիլիջան համայնքի եւ Թամարա Մանուկյանի միջեւ 2013թ. հունիսի 13-ին նոտարական կարգով կնքված վերոհիշյալ հասցեի 903 քմ տարածքով հողամասի առքուվաճառքի պայմանագիրը, անվավեր ճանաչել այդ հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը։ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022թ. հունիսի 20-ի որոշմամբ համայնքապետարանի հայցադիմումը վերադարձվել է՝ հայցադիմումի թերությունները վերացնելու, այն եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացնելու համար։  Հայցվորի կողմից հայցադիմումում թույլ տրված թերությունները վերացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում,  հայցադիմումը կրկին ներկայացվել է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան։ 2022թ. հուլիսի 12-ին  դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ 2022թ. սեպտեմբերի 5-ին Թամարա Մանուկյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան առարկություն է ներկայացրել այն մասին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցը ներկայացվում է    պատասխանողի հաշվառման վայրի դատարան։ 2022թ. նոյեմբերի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած նախնական դատական նիստում դատավոր Նանա Դալլաքյանը որոշել է սույն քաղաքացիական գործով պատասխանողի  ներկայացուցիչ Շուշանիկ Ադամյանի միջնորդությունը բավարարել,  քաղաքացիական հայցով գործը հանձնել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։ 2023 թ. մարտի 14-ից  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  նշված քաղաքացիական հայցով կայանում են նախնական դատական նիստեր. հաջորդ նիստը նշանակված է հունիսի 26-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս