Gucci-ի հիմնադրի ժառանգները տարիներ շարունակ գնորդ գտնելու փորձերից հետո կրկին վաճառքի են հանել Մանհեթենի իրենց պենտհաուսը. այս մասին հայտնում է NY Post-ը։
2016 թվականից ի վեր Ալեսանդրա եւ Ալլեգրա Գուչի քույրերը փորձում են վաճառել Էմփայր Սթեյթ Բիլդինգին նայող միջքաղաքային դուպլեքս պենտհաուսը։ Երկու ներքին աստիճաններ եւ երկու առանձին վերելակներ տանում են դեպի տուն։ Պենտհաուսն ինքնին բաժանված է «ժամանցային» եւ ննջասենյակների հարկերի։
Բացի այդ, տունն ունի երկու փայտով վառվող բուխարի, մեծ կինոդահլիճ, անձնակազմի համար նախատեսված խոհանոց, 13 ննջասենյակ, 10 լոգասենյակ եւ սաունա։
«Դասավորությունը նախատեսված է ընտանիքի մի քանի անդամների կամ անձնակազմի համար՝ պահպանելով ապրելակերպը, որը համապատասխանում է սերտորեն կապված բազմասերունդ հարստությանը», – ասում է անշարժ գույքի գործակալ Լոյ Կառլոսը:
Գուչիո Գուչիի ծոռնուհիներն առաջին անգամ պենտհաուսը վաճառքի են հանել 2015 թվականին 45 միլիոն դոլարով, իսկ մեկ տարի անց իջեցրել են գինը մինչեւ 35 միլիոն դոլար, բայց գնորդ այդպես էլ չի գտնվել։ Գործակալի խոսքով՝ եթե նախկինում այդ գումարը չափազանց բարձր էր, ապա այսօր բավականին ընդունելի գին է։ «Այո, մինչ այդ գինը մի քիչ գերագնահատված էր: Բայց հիմա, նախորդ տարիների համեմատ, այն բավականին մրցունակ է դարձել»,- մանրամասնել է Լոյ Կառլոսը:
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ
Ֆուտբոլային «Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի Ուելս – Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական խումբը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը։
Մրցավարի օգնականներն են Մարտին Մարգարիտովը եւ Դիյան Վալկովը, չորրորդ պաշտոնյան է Ռադոսլավ Գիդժենովը. հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Իվայլո Ստոյանովը:
Ուելս – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Կարդիֆում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 22։45-ին։
ՄՐՑԱՇԱՐԻ
ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Երեւանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 15 երկրի 125 ըմբիշ։ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Ստեփան Սարգսյանի մրցաշարին մասնակցում է մեծ կազմով, այդ թվում՝ ուժեղագույն ըմբիշներով։
57 կգ քաշային կարգում կմրցեն Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը, Առաքել Մովսեսյանը եւ Սարգիս Բեգոյանը։
61 կգ՝ Արտավազդ Հարությունյան, Վրեժ Գեւորգյան, Նորիկ Հարությունյան, Մեժլում Մեժլումյան եւ Էդիկ Հարությունյան։
65 կգ քաշային կարգում կմրցեն Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը, Գեւորգ Թադեւոսյանը, Հայկ Աբրահամյանը եւ Հրաչյա Մարգարյանը։
70 կգ՝ Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյան, Արթուր Սարդարյան, Արտյոմ Իսահակյան, Գեւորգ Մխեյան, Տիգրան Ղազարյան եւ Նարեկ Հարությունյան։
74 կգ՝ Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Ալիխանյան եւ Արմեն Մուսիկյան։
79 կգ՝ Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Ավագյան, Արսեն Իսրաելյան, Ռազմիկ Սիմոնյան։
92 կգ՝ Ազատ Կարապետյան։
97 կգ՝ Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սերգեյ Սարգսյան եւ Խաչատուր Խաչատրյան։
130 կգ՝ Երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Լյովա Գեւորգյան եւ Մարտին Սիմոնյան։
Հայաստանի հավաքանը ներկայացուցիչ չունի միայն 86 կգ քաշային կարգում։
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականի համար մրցաշարը նախընտրական է սեպտեմբերին Սերբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որտեղ խաղարկվելու են Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Սահմանված է մրցանակային ֆոնդ. հաղթող ըմբիշը կստանա 3000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաեւ չեմպիոնի մարզիչը: Հունիսի 15-ին՝ առաջին մրցումային օրը, մրցագորգ են դուրս եկել 57, 61, 65, 70, 74 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները։
ԵՐՐՈՐԴԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից վստահ մրցելույթներ է ունեցել Պետրոս Աշկարյանը: 65 կգ քաշայինների պայքարում պատանի ըմբիշը հաղթել է բոլոր մրցակիցներին ու նվաճել է ոսկե մեդալ՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Եզրափակիչում Աշկարյանը 5-3 հաշվով առավելության է հասել վրացի Գեորգի Չիկաիձեի նկատմամբ:
Հայաստանի եւս 4 ներկայացուցիչ՝ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) եւ Գրիշա Ոսկանյանը (92 կգ), դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Եվրոպայի պատանեկան առաջնությունը կտեւի մինչեւ հունիսի 18-ը: Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին: Հայաստանի հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով՝
Արմեն Պապիկյան (45 կգ), Արման Հարությունյան (48 կգ), Սաշա Պետրոսյան (51 կգ), Սամվել Գեւորգյան (55 կգ), Տիգրան Բունիաթյան (60 կգ), Վլադիմիր Ազարյան (65 կգ), Նարեկ Նիկողոսյան (71 կգ), Ռազմիկ Եփրեմյան (80 կգ) Վարուժան Հովհաննիսյան (92 կգ), Հենրիկ Հայկյան (110 կգ):
«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-Ն ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՈՒՆԻ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մադրիդի «Ռեալ»-ը ներկայացրել էր իր նոր համազգեստը:
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա»-ն եւս ներկայացրել է նոր համազգեստ, որով կանցկացնի տնային հանդիպումները։
«Մենք միավորում ենք մարզիկների, արտիստների, բլոգերների նոր սերունդը։ Նրանք միավորվել են, որպեսզի ցույց տան ուղին»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
Կատալոնական ակումբի տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է։
Իսպանացի Չավիի գլխավորած թիմը Իսպանիայի ավարտված առաջնությունում տիտղոսը նվաճել էր՝ վաստակելով 88 միավոր եւ 10 միավորով գերազանցելով երկրորդ տեղը գրաված «Ռեալ»-ին։