ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը եւ Ադրբեջանը տեւական ժամանակ է՝ բանակցություններ են վարում խաղաղության պայմանագրի շուրջ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանից հետաքրքրվել է՝ եթե բանակցությունները հասնեն այն փուլին, որ պայմանագիրը կնքվի, գա խորհրդարան՝ վավերացման, արդյոք պատրա՞ստ է ԱԺ-ում վավերացնել փաստաթուղթը եւ պատասխանատվություն վերցնել դրա հետեւանքների համար:

-Պարո՛ն Հակոբյան, արդեն տեւական ժամանակ է՝ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում երկրի ղեկավարների մակարդակով Վաշինգտոնում, Մոսկվայում: Կողմերը հայտարարում են, որ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն վերջնարդյունքը արդպես էլ չի երեւում: Ի՞նչ փուլում են գտնվում բանակցությունները, արդյոք կողմերը մո՞տ են, եւ ի՞նչ տարաձայնություններ կան այս պահին:

-Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները գտնվում են քննարկման բավական ինտենսիվ փուլում: Դժվար է գնահատել՝ երբ կհասնենք կոնկրետ  այն արդյունքին, որ խաղաղության պայմանագիր ասված փաստաթուղթը ընդունելի կլինի թե՛ մեր, թե՛ ադրբեջանական կողմի համար: Այս պահին ես միայն կարող եմ նշել, որ բոլոր հարթակներն օգտագործվում են,  որպեսզի խաղաղության պայմանագրի քննարկումը լինի ամենաէֆեկտիվը Հայաստանի Հանրապետության համար եւ իր հետեւից բերի տեւական խաղաղություն, որովհետեւ խաղաղության պայմանագիրը պետք է լինի հիմնավորված եւ պետք է լինի ամենանպաստավոր փաստաթուղթը, որը մեր երկիրը կտանի անվտանգային ցնցումներից զերծ պատմական շրջան, եւ ես լիահույս եմ, որ այդպես էլ կլինի:

-Ասում եք՝ կան տարաձայնություններ: Որո՞նք են այդ տարաձայնությունները: Ադրբեջանը ի՞նչ նախապայմաններ է դնում, որոնց Հայաստանը չի համաձայնում:

-Այդպիսի նախապայմանները մեկ կամ երկուսը չեն: Ես դրա համար եմ ասում, որ դրանք միգուցե ավելի շատ են, բայց մենք սկզբունքային որոշակի բաներ ունենք, որտեղ մենք չենք կարող ուղղակի որեւէ զիջման գնալ: Ես նաեւ շատ եմ կարեւորում մեր քաղաքական պատասխանատուների սկզբունքայնությունը, որովհետեւ այս փլուզվող աշխարհակարգերի շրջանում շատ բարդ է ապրել նման պրոցեսի մեջ, եւ, փառք Աստծո, մենք կարողանում ենք, ինչքանով որ հնարավոր է մեր անվտանգությունն այս պահին անսասան պահել:

-Պարո՛ն Հակոբյան, բոլորս էլ գիտենք, որ որպեսզի այդ խաղաղության պայմանագիրը կնքվի, այն պետք է գա խորհրդարան եւ այստեղ հաստատվի. ըստ էության, դրա համար առաջնայինը պատասխանատվություն են կրում հենց օրենսդիր մարմնի ներկայացուցիչները: Եթե, ի վերջո, հասնենք այն փուլին, որ պայմանագիրը գա խորհրդարան, Դուք՝ որպես իշխող խմբակցության ներկայացուցիչ, պատրա՞ստ եք այն վավերացնելու:

-Այո՛, ես իմ թիմակիցների հետ պատրաստ եմ վերցնել պատասխանատվությունը, որովհետեւ ես ներքին խորը համոզվածություն ունեմ, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության  զարգացման ամենամեծ գրավականն է հանդիսանալու, եթե մեզ հաջողվի հասնել դրան:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է.

 

«Քաղաքակիրթ աշխարհի թողտվությամբ Ադրբեջանն արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ 25 հայ բուժառուների, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տասնյակ անձանց եւ հումանիտար բեռների փոխադրումը։

Հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն ապօրինի տեղադրված անցակետում երկու ուղղություններով արգելափակել է բոլոր տեսակի, այդ թվում՝ մարդկանց եւ բեռների հումանիտար փոխադրումները:

Ադրբեջանական կողմը չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան 25 բուժառուների եւ նրանց ուղեկցող անձանց փոխադրումը, որոնք ստիպված վերադարձել են Ստեփանակերտ:

Չեղարկվել են նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ հրատապ հումանիտար կարիք ունեցող տասնյակ անձանց, հումանիտար բեռներով մեքենաների պլանային փոխադրումները Ստեփանակերտ-Գորիս մայրուղով։

Ադրբեջանը վերոնշյալ քայլերով հերթական անգամ կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված՝ Բերձորի միջանցքով անվտանգ եւ անխոչընդոտ փոխադրումն ապահովելու իր միջազգային պարտավորությունները, անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին հրապարակած որոշումը:

Քաղաքակիրթ աշխարհն ի վերջո պետք է հասկանա, որ Ադրբեջանի վարած էթնիկ զտման քաղաքականության հերթական դրեւորումն ապացույցն է այն անհերքելի փաստի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի.

օր առաջ պետք է պատժել ագրեսոր Ադրբեջանին, քանի որ անպատժելիությունը, ինչպես պատմությունն է ապացուցում, բերում է նոր ցեղասպանություն»։

 

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԵՏԵՎԱՆՔ

Ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը չի ներկայանում ԱԺ քննիչ հանձնաժողով։ Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ ասել է պարոն  Փաշինյանին, որ, ըստ հերթականության, իրենք Ջալալ Հարությունյանին հրավեր են ուղարկելու 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

«Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես զրույց ունեցել եմ Ջալալ Հարությունյանի հետ, եւ այս լիագումար նիստից հետո կկազմակերպենք հանձնաժողովի եւ ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը», – ասել էր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե պատահական չի, որ ընտրել են պաշտոնյային հրավիրելու հերթականությունը։

Սակայն լիագումար նիստը անցավ, բայց այդպես էլ Ջալալ Հարությունյանը ԱԺ չմտավ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանի չներկայանալը պայմանավորված է նրա քրեական գործի հետ, որը նախաքննական մարմինը կասեցրել է եւ նոր ռազմագիտական փորձաքննություն նշանակել։ Ըստ մեզ հասած լուրերի՝ նա իր մտերիմ շրջապատում կարծիք է հայտնել, որ հերիք չէ՝ իր նկատմամբ քրեական գործեր են հարուցել, մի հատ էլ այս պայմաններում ուզում են գնա հանձնաժողով։ Սակայն նկատենք, որ ՔՊ-ականները վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողով ներկայանալուց հետո հանձնաժողով կգա նաեւ Ջալալ Հարությունյանը: Արդեն հայտնի է, թե երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ իրեն ուղղված հարցերին պատասխանելու։ Հանձնաժողովից հրավերն ուղարկվել է, դրական պատասխանը կառավարությունից ստացվել է։ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը կխոսի հունիսի 20-ին։

 

 

 

 

ՀԵՐԹԸ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻՆՆ Է

Նիկոլ Փաշինյանը հաշտ չէ Հայաստանի պետական խորհրդանիշների հետ: Պարզվում է, որ ՀՀ զինանշանը եւ օրհներգը Նիկոլ Փաշինյանի դուրը չեն գալիս, մտածում է դրանք փոփոխելու մասին: Ըստ նրա` զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյան տապանը, Արարատ լեռը 1991 թ. հիմնած պետության հետ կապ չունեն։

Սա էլ դեռ ամենը չէ. Նիկոլ Փաշինյանն առաջարկում է փոխել ՀՀ պետական օրհներգը. նա օրհներգի վերջին տունն ավելորդ է համարում, կարծում է, որ օրհներգն ավարտվում է զոհվելու տողով եւ զոհվելու տեսարանով:

Նիկոլ Փաշինյանի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում որեւէ այլ խնդիր չկա. խաղաղ երկիր ենք, ինչպես, օրինակ, Շվեյցարիան, իսկ մեր միակ խնդիրը կապված է պետական խորհրդանիշների հետ:

Այս պահին, մինչդեռ, Հայաստանը գրեթե շրջափակման մեջ է. թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում մի քանի հատվածներում ապօրինի կերպով առաջ է եկել, հիմա էլ ամեն օր կրակում է Սյունիքի, Գեղարքունիքի, Երասխի ուղղությամբ:

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 




Լրահոս