ԿԿԱՌՈՒՑՎԻ 23 ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հունիսի 16-ի նիստում վերաբաշխում կատարեց 2023-ի բյուջեում, որով նախատեսվում է գումար տրամադրել Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում 23 նոր կրթական հաստատության կառուցման համար՝ 9 կրթահամալիր եւ 14 դպրոց։

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, հիշեցրեց, որ Սյունիքի մարզի համար Կառավարությունը արդեն կայացրել է կրթահամալիրների ձեւավորման առանձին որոշում՝ 414 մլն դրամ ուղղելով նախագծանախահաշվային փաստաթղթերին եւ 40 կրթահամալիրների ձեւավորման խնդիր դնելով Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում:

«Այս նախագիծը հերթական նախագիծն է Կառավարության խոշորագույն ծրագրերից՝ 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման եւ հիմնանորոգման: Աշխատանքային խմբերն իրականացրել են մանրամասն տեղազննություններ. նշված երեք մարզերում դպրոցական շենքերը եւ մի շարք այլ գործոններ հաշվի առնելով` Վայոց ձորի մարզում ընտրվել են 4 բնակավայրեր, որտեղ կձեւավորվեն կրթահամալիրներ, Տավուշի մարզում՝ 5 բնակավայր: Նաեւ առանձնացվել են Վայոց ձորի մարզի երկու խոշոր դպրոցներ, եւ այստեղ դպրոցական նոր շենքեր կկառուցվեն: Տավուշի մարզում այն բնակավայրերը, որտեղ նոր դպրոցներ կկառուցվեն, ութն են: Սյունիքի մարզում ընտրվել են 4 քաղաքային դպրոցներ, որտեղ նույնպես կունենանք արդիական պայմաններին ամբողջությամբ համապատասխանող դպրոցական նոր շենքեր: Այսպես, նախագծով գումար կհատկացվի ընդհանուր առմամբ 23 հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են եւ 14-ը՝ դպրոց: Ժամանակային ու ֆինանսական ռեսուրսները խնայելով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք կբերվեն առկա նախագծերի տեղակապման միջոցով՝ բացառությամբ Նոյեմբերյանում 1 դպրոցի, որտեղ անհրաժեշտ է անհատական նախագիծ»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ վերջին ամիսներին Կառավարությունն արդեն 3 նմանատիպ որոշում է կայացրել 107 հաստատությունների մասով, որոնցից 60-ը կրթահամալիրներ են, 47-ը՝ առանձին դպրոցներ:

«Արդեն նշեցի՝ Սյունիքում՝ 40 կրթահամալիր, Արմավիրում՝ 4 կրթահամալիր եւ 8 դպրոց, Արագածոտնում՝ 7 կրթահամալիր եւ 8 դպրոց, Գեղարքունիքում՝ 9 կրթահամալիր եւ 6 դպրոց, Արարատում՝ 3 կրթահամալիր եւ 9 դպրոց, Կոտայքում՝ 1 կրթահամալիր եւ 12 դպրոց: Այս որոշմամբ հաստատությունների թիվը կդառնա 130՝ վերաբերելով շուրջ 40 հազար աշակերտների»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ առաջիկայում կներկայացվեն նմանատիպ որոշման նախագծեր Լոռու եւ Շիրակի մարզերի, ինչպես նաեւ Երեւանի համար՝ ամբողջ հանրապետությունը ծածկելով:

 

 

 

 

ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

Արցախի Հանրապետության կառավարությունը շրջափակման ողջ ընթացքում տարբեր ծրագրերի միջոցով սատար է կանգնել գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին՝ փորձելով մեղմացնել բլոկադայի բացասական ազդեցությունը տնտեսության այս ճյուղի  վրա: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից ու ներկայացնում իրականացրած ու իրականացվող ծրագրերը.

 

«Պետական պահուստում առկա վառելիքի սուղ պաշարների հաշվին տնտեսավարողները շրջափակման առաջին ամիսներին հնարավորություն են ունեցել իրականացնել գարնանացանի նախապատրաստական աշխատանքները, ամբողջությամբ անվճար վերջիններիս են տրամադրվել գարնանացան մշակաբույսերի սերմերը՝ բացառությամբ կարտոֆիլի եւ հաճարի, որոնց դիմաց հողօգտագործողները վճարել են սիմվոլիկ գումար: Վերջերս գյուղատնտեսության նախարարի, ոլորտի շրջանային պատասխանատուների, ԱՀ ԳԳԱՀ տնօրենի  հետ ընդլայնաված խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել բերքահավաքի աշխատանքներում ներգրավված կոմբայնների վարձավճարների 10 %-ով իջեցման վերաբերյալ՝ նախորդ տարի գործող գների համեմատությամբ. որոշում է կայացվել երաշտից տուժած աշնանացան ցանքատարածքները  բերքահավաքից հետո փոցխել պետական միջոցների հաշվին՝ նախապատրաստելով դրանք 2024 թվականի ցանքսին, ինչը շոշափելի ծախսերից կազատի հողօգտագործողներին:

Ներկայումս հանրապետությունում ընթանում են հացահատիկայինների, ջերմոցային տնտեսություններում բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաեւ որոշ պտղատեսակների բերքահավաքը: Կառավարությունը հոգացել է հացահատիկայինների ցանքատարածքներում եւ այգիներում բերքահավաքի հնարավորինս անվտանգ կազմակերպման մասին եւս:

Որոշում է կայացվել նաեւ աջակցել թթի արտադրանքի, մասնավորապես՝ բարձրորակ դոշաբի իրացման գործընթացին՝ նախապատվությունը տալով հատկապես տնային տնտեսություններում վերամշակված արտադրանքին։ Պետությունը պատրաստ է գնել թթի բարձրորակ դոշաբը՝ վճարելով 1 լիտրի դիմաց 3000 դրամ:

Այսպիսով, թթի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին ընձեռնվում է բացառիկ հնարավորություն՝ շահավետ պայմաններով, պետության աջակցությամբ ու երաշխավորությամբ իրացնել սեփական արտադրանքը՝ զերծ մնալով մի շարք լրացուցիչ ծախսերից ու քաշքշուկից»:

 

 

 

 

 

ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է

Հունիսի 14-ին լրացավ Իջեւան քաղաքի 39-ամյա բնակիչ Սասուն Էդիլյանի երկամյսա կալանքի ժամկետը։ Ս. Էդիլյանը դատարանի որոշումով  կալանքի տակ է 2023թ. ապրիլի 14-ից։  Հունիսի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց  նրա նկատմամբ  խափանման միջոց ընտրելու  վերաբերյալ։  Դատարանի որոշմամբ՝ Ս. Էդիլյանը  հունիսի 13-ի երեկոյան  կալանքից ազատվեց, նրա նկատմամբ ընտրվեց  խափանման այլ միջոց։  Բանվորությամբ զբաղվող, շինարարական տարբեր աշխատանքներ կատարող,  մանկահասակ երեք երեխաների հայր Սասուն էդիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով( Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում՝ սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են՝ հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով, հանցագործությունից տուժած անձի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով, ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ): Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է 2023թ. մարտին։ Ս. Էդիլյանը մեղադրվում է  Իջեւան քաղաքի բնակիչ  7-ամյա տղայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։ Նրա ընտանիքի անդամի  վկայությամբ՝   Սասուն Էդիլյանը   անմեղ է, նշված հանցագործությունը  7-ամյա տղայի  հնարածն է. երեխան առողջության հետ կապված խնդիրներ ունի, ենթադրյալ հանցագործությունը երեխայի երեւակայության արդյունքն է։  Սասուն Էդիլյանի ընտանիքի անդամը լրագրողիս հայտնեց, որ քննության ընթացքում  7-ամյա տղայի եւ Ս. Էդիլյանի միջեւ առերեսում է կատարվել։ Ս. Էդիլյանի շահերը  պաշտպանում է ծագումով Իջեւան քաղաքից  փորձառու փաստաբան, որը  նախկինում  քննիչ է աշխատել։

 

 

 

 

ԱՆՁՐԵՎՆԵՐԸ  ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԽՈՏՀՈՒՆՁԻՆ

Տավուշի մարզում շուրջ մեկուկես ամիս անձրեւներ են տեղում։ Շարունակվող անձրեւները խանգարում են, որպեսզի  խոտհունձի  աշխատանքները մեկնարկեն։ Խոտհարքներում, տնամերձ հողամասերում  կանաչ խոտը հասունացել է, սակայն այն հնձելու համար հարկավոր  է արեւային կայուն եղանակ։ Գյուղացիները մտավախություն ունեն, որ անձրեւները շարունակվելու դեպքում  հասունացած խոտը կարող է  ընկնել, իսկ պառկած խոտը հնձելը դժվար է. պառկած խոտը  ամբողջովին կամ մասամբ  փտում է, դառնում անորակ անասնակեր։

Տավուշ

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 




Լրահոս