ՆՈՐ ԹԱՆԳԱՐԱՆ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի է ունեցել Հայ պարարվեստի պատմության թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

 

Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներ:

Հայ պարարվեստի պատմության թանգարանը բացառիկ է. այն իր տեսակով միակն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հայ պարարվեստի պատմության թանգարանի ստեղծման, հիանալի միջավայրի ձեւավորման առիթով եւ նշել, որ կրթական հաստատությունում թանգարանային միջավայրը ստեղծում է հավելյալ արժեք ձեռք բերելու հնարավորություն. «Հաճախ ենք խոսում այն մասին, որ թանգարանները պետք է դառնան կրթական տարածքներ՝ վերածվելով միջավայրի, որտեղ սովորում են երեխաները, եւ որտեղից թանգարանի ցանկացած տարիքի այցելու իր հետ արժեքային որեւէ բան է տանում»: Նախարարն ընդգծել է՝ առանց գեղարվեստական կրթության բաղադրիչի հնարավոր չէ ունենալ ստեղծարար, նախաձեռնող, դժվարությունների առաջ չերկնչող քաղաքացի, իսկ արվեստը դրա ճանապարհներից մեկն է: «Ստեղծագործությունն է, որ մղում է մեզ հասկանալու այն լուծումները, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, ու պարն էլ դրա ամենավառ օրինակներից է: Այն ցույց է տալիս, թե մարդն ինչպես կարող է մարմնակրթությունը վերածել արվեստի: Վստահ եմ՝ Պարի թանգարանը նոր ծրագրերի եւ գաղափարների իրագործման յուրահատուկ միջավայր է դառնալու»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը: Շնորհավորական խոսքով է հանդես եկել նաեւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը: Նա ընդգծել է, որ ստեղծված կրթական եւ թանգարանային միջավայրը նպաստելու է ուսանողի կրթության, գիտական կարողությունների եւ կատարողական արվեստի որակի բարձրացմանը: Հայ պարարվեստի պատմության թանգարանի ստեղծման գաղափարը եւ նախաձեռնողը Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի, մանկավարժության եւ դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Բերդ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Կարեն Գեւորգյանն է: «Այս թանգարանը մեր պարի երախտավորների ստեղծած պարարվեստի ամբողջական պատմությունն է: Թանգարանում մեկտեղել ենք պարարվեստի հսկաների աշխատանքը, նվիրումը, պարարվեստի նկատմամբ նրանց դրսեւորած վերաբերմունքը»,- ասել է Կարեն Գեւորգյանը: Թանգարանի 4 սրահում ցուցադրված են պարարվեստի պատմությանը, պարային ծիսական արարողություններին վերաբերող իրեր, նյութեր, թանգարանային նմուշներ՝ նախաքրիստոնեական շրջանից մինչեւ մեր օրեր: Ցուցադրության են ներկայացված նաեւ տարազներ, բացառիկ ուսումնասիրություններ, ձեռագրեր, հայ պարարվեստի պատմության վերաբերյալ եզակի գրականություն, ինչպես նաեւ թանգարանային բացառիկ նմուշների կրկնօրինակներ: Թանգարանում ներկայացված են նաեւ հսկայածավալ պատմագիտական, հնագիտական, տարազագիտական եւ պարագիտական աշխատանքներ: Դրանք կնպաստեն պարարվեստով զբաղվողների կրթական որակի բարձրացմանը, նրանց ճանաչողական գիտելիքների հարստացմանը եւ ոլորտի ուսումնասիրությունների ընդլայնմանը:

 

 

 

 

ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ՝ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ աշխարհահռչակ գալարափողահար եւ դիրիժոր, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին գալարափողահար Շտեֆան Դորը վարպետաց դաս է անցկացրել Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում։

 

Մասնակցում էին նվագախմբում նվագող երաժիշտներ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, երաժշտական դպրոցների աշակերտներ, մանկավարժներ։

Վարպետության դասի ընթացքում Շտեֆան Դորը լսել է երիտասարդ գալարափողահարների կատարումները, տվել խորհուրդներ, երաժիշտների հետ կատարել են վարժություններ։ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին գալարափողահարը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին կատարողական նրբություններին, շնչառական վարժություններին, ինչպես նաեւ մեծահամբավ արտիստի երաժշտական կարիերային։

Գալարափողահար Գարեգին Ղազարյանը նշեց, որ վարպետաց դասը տվեց նոր գիտելիքներ, Շտեֆան Դորը բացահայտեց որոշ թերություններ իր նվագի մեջ։ Գալարափողահարը նկատեց, որ Շտեֆան Դորի բոլոր դիտողություններն ինքը կուղղի իր աշխատանքում։

Սարգիս Հակոբյանը սովորում է Երեւանի պետական կոնսերվատորիայում։ Ընդգծում է, որ վարպետաց դասն ուսանելի էր, եւ Շտեֆան Դորի հետ հանդիպման ընթացքում ստացավ մասնագիտական գիտելիքներ։

Նշենք, որ մեծանուն գալարափողահար Շտեֆան Դորին հնարավորություն կունենան ունկնդրելու նաեւ հայ երաժշտասերները։

Հունիսի 17-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա գալարափողահարի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։ Համերգի ծրագրում ընդգրկված են Անտոնին Դվորժակի Սերենադը՝ գրված փողային գործիքների համար, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Գալարափողի կոնցերտ թիվ 3 եւ Լյուդվիգ վան Բեթհովենի Թիվ 3 սիմֆոնիան՝ «Հերոսական»։ Համերգը կղեկավարի Շտեֆան Դորը։

 

 

 

 

ՔԱՆԴԱԿԸ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երեւանի մանկական այգում Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակի բացման հանդիսավոր արարողությանը: Մեծանուն արվեստագետի, հայ անվանի քանդակագործի, ՀԽՍՀ ժողովրդական նկարչի, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի քանդակի բացմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, արվեստագետի ընտանիքի անդամները եւ մտավորականներ:

Նախարարի ընդգծմամբ՝ Չուբարյան արվեստագետից, նրա ժառանգությունից շատ բան կա սովորելու, եւ այս վայրը կդառնա նրա անցած դժվարին ուղին հիշելու եւ վերաիմաստավորելու տեղերից մեկը: «Մեզ պետք են թռիչքից չվախեցող արվեստագետներ եւ ստեղծագործողներ, ինչպիսին Չուբարյանն էր, որովհետեւ դա է ճշմարիտ արվեստի գրավականը,- ասել է Ժաննա Անդրեասյանը եւ հավելել:- Չուբարյանի ժառանգությունն ուղերձ է, որը պարտավորություն ունենք փոխանցելու նաեւ մեր երեխաներին՝ նրանց համար կրթության մաս դարձնելու եւ դրանով իսկ շարունակելու եւ զարգացնելու այն»: Ղուկաս Չուբարյանի դստեր՝ Անուշ Չուբարյանի խոսքով՝ քանդակը Ղուկաս Չուբարյանը նվիրել է իր՝ 1942 թ. անհայտ կորած եղբոր հիշատակին, որի աճյունը գտնվել է 2007-ին: Անուշ Չուբարյանն ընդգծել է, որ իր հայրը կենսուրախ եւ լավատես մարդ էր՝ չնայած կյանքի բարդ պայմաններին:

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է՝ հաճախ չէ, որ առիթ է ստեղծվում Երեւանի դիմագիծը ստեղծող, կերտող անձի 100-ամյակի առթիվ մեկ վայրում հավաքվել. «Ազատության հրապարակից մինչեւ Մատենադարան եւ ամենուր. քաղաքում շատ են Չուբարյանի աշխատանքները՝ Թումանյանի քանդակը, Չարենցի կիսանդրին, Սպենդիարյանի, Մեսրոպ Մաշտոցի քանդակները եւ այլն»: ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ ՀՀ նախագահը կարեւորում է հայ մեծերի փառաբանումը. «Ես պատիվ եմ ունեցել իմ կյանքի ընթացքում շփվել Չուբարյանների գերդաստանի հետ, որոնք մեծ ներդրում ու ավանդ ունեն մեր երկրի կրթական, գիտական, մշակութային կյանքի զարգացման գործում»: Նշենք նաեւ, որ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը պատշաճ նշանավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի նախագահությամբ: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք միտված են մեծանուն արվեստագետի հարուստ ժառանգության վերարժեւորմանը եւ հանրայնացմանը:

 

 




Լրահոս