Լուսանկարը՝ համացանցից
Արտաշատ քաղաքի բնակելի շենքերից մեկի բակը լիքն է աղբով: Բնակիչները բողոքում են՝ ասելով, որ շարունակ մաքրելուց հետո, միեւնույնն է, շատ արագ նույն վիճակը վերականգնվում է:
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Ես կարո՞ղ եմ միանգամից Սահմանադրական դատարան դիմել:
Արտակ Տերտերյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաեւ համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
ՀՀ Սահմանադրական դատարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքով սահմանված կարգով՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք կարող են դիմել Սահմանադրական դատարան:
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Քանի՞ տարի վավերականության ժամկետով է տրամադրվում ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը:
Անի Խաչատուրով (25 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշման եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝
– մինչեւ 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով,
– 6 տարեկանից մինչեւ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով,
– 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով,
– մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաեւ այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նույնականացման քարտը 16 տարին լրացած քաղաքացիներին տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։