«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ զրուցել ենք խաղաղության օրակարգի հավանականության, պետություն-եկեղեցի լարված հարաբերությունների մասին։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱԺ-ՈՒՄ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ են մշտապես դիմում ինձ Երեւանի քաղաքապետարանի հետ կապված իրենց անհանգստություններով, խախտված իրավունքների մասին պատմություններով:
Հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ (Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության շրջանակներում) կազմակերպում ենք աշխատանքային քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը Երեւանի քաղաքապետարանի գործունեության համատեքստում» խորագրով։
Եթե ոտնահարվել են ձեր իրավունքները Երեւանի քաղաքապետարանի կողմից, եւ ցանկանում եք բարձրաձայնել ձեր խնդիրների մասին, թեմայի շրջանակներում ունեք առարկություն, անհամաձայնություն կամ առաջարկ, խնդրում եմ նախապես գրանցվել հանդիպմանը մասնակցելու համար։ Գրանցվելու համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 011 513 230, աշխատանքային ժամերին՝ 09։00-18:00-ն»։
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՎԵՐՑՆՈՒՄ ԵՆ» ՆԱԵՎ ԳՅՈՒՄՐԻՆ
Մեր աղբյուները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է զբաղվել Գյումրիով եւ ամբողջական իշխանություն վերցնել այնտեղ։ Հիշեցնենք, որ այս պահին գործում է կոալիցիա ՔՊ-ի եւ «Բալասանյան» դաշինքի միջեւ, ու իշխանությունը փաստացի «Քաղաքացիական պայմանագրի» ձեռքում չէ։ Մեզ փոխանցեցին, որ Գյումրիում ՔՊ-ի մարդը լինելու է Աննա Հակոբյանի ազգական, փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, եւ կամաց-կամաց ամբողջ քաղաքային իշխանությունը փոխանցվելու է նրան. արտահերթ կամ հերթական ընտրություններով նա է դառնալու քաղաքապետ։ Մկրտչյանի հանդեպ տածած հատուկ վերաբերմունքի դրսեւորումներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է մասնակցում այս երիտասարդի ընտանեկան միջոցառմանը, եւ այն լուսաբանվում է սոցցանցերում։ Ավելին՝ 28-ամյա երիտասարդի՝ քաղաքապետ դառնալու հարցը հեշտացնելու նպատակով կառավարությունը խոշոր ներդրումային ծրագիր է իրականացնելու, այդ նպատակով 12.06.2023թ.-ին վարչապետի N 635 Ա որոշմամբ ստեղծվել է Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մշակման խումբ, որի անդամներրի թվում ընդգրկված է նաեւ Վահագն Մկրտչյանը: Փաշինյանի շրջապատից շատերը վստահ են, որ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Նիկոլի համար Գյումրին միստիկ ընկալումներ եւս ունի, իսկ հանարապետության երկրորդ քաղաքում բացարձակ իշխանություն հաստատելը նաեւ ներքաղաքական կարեւորագույն հարց է։ Մեզ փոխանցեցին, որ ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացնում ու դուր չի գալիս գործող դերակատարներին, որոնք դեռեւս չեն համարձակվում բացահայտ դժգոհություն արտահայտել, միաժամանակ երեւի հույս ունեն, որ գոնե մի բան էլ իրենք կստանան իշխանություններից։
ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի արդարացման որոշումը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին դատախազությունից: Ինչպես հայտնի է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված էր, քանի որ մայիսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակել էր որոշում, որով նա արդարացվել էր։ Հավելենք, որ 2022թ.-ի մայիսի 17-ին՝ Երեւանի Կիեւյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ, Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել է փողոցն ազատելու եւ անձանց բերման ենթարկելու՝ ոստիկանության տեսուչի գործողությունները, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի եւ որովայնի հատվածներին։ Հուլիսի 11-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր փոխել Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը, եւ նա ազատ էր արձակվել՝ 1 մլն դրամ գրավի դիմաց։