Գործադիրի նիստում հավանության է արժանացել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին ՀՀ կառավարության որոշումը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվող փոփոխությունը կարեւոր օրենսդրական նախաձեռնություն է, որով ուսուցիչներին գործուղման հնարավորություն է տրվում մարզային բոլոր այն բնակավայրեր, որոնցում դրա կարիքը կա: Նախկինում այս կարգավորումը սահմանափակված էր միայն սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրեր գործուղմամբ:
Ուսուցիչների գործուղման կարգի լիազորող նորմում ավելացվել է «մարզերի» բառը՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլեւ կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը:
«Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալու նաեւ գյուղական բնակավայրերի դպրոցներում աշխատելու ուսուցչի կրթություն ստացող ավարտական կուրսի ուսանողներին: Բոլոր օրենսդրական նախաձեռնություններն արվում են՝ արդիական ենթակառուցվածքներին զուգահեռ որակյալ ուսուցիչներ ունենալու համար»,-նշել է նախարարը:
Նախագծով առաջարկվում է դրույթ ավելացնել՝ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողին հնարավորություն ընձեռելով աշխատելու գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում:
Ըստ նախագծի՝ վարչատնտեսական համակարգողի պաշտոնին հաստատությունից կարող են հավակնել միայն տնօրենը կամ փոխտնօրենը. հաշվապահը կամ մանկավարժական այլ աշխատող, ինչպես նաեւ ղեկավարման փորձ չունեցող անձը չի կարող դիմել: Փոխարենը՝ նվազեցվել են աշխատանքային ստաժի ժամկետները՝ հավակնորդների շրջանակը ընդլայնելու հնարավորություն ընձեռելով: Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է վարչական աշխատողների դասավանդման մասով տալ համապատասխան կարգավորում՝ թափուր տեղը համալրվելու պայմանով։
Օրենքում «օրինակելի ուսումնական պլան» կապակցությունը փոխարինվում է «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածք եւ ուսումնական պլանի կազմման կանոններ» հասկացությամբ՝ հիմք ընդունելով հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությունը: Դրա համաձայն՝ նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ համապատասխան դասարանների համար հաստատությունն ինքնուրույն է կազմելու իր ուսումնական պլանը՝ չափորոշչի եւ ուսումնական պլանի ընդհանրական կանոնների եւ ուղեցույցի հիման վրա, հաշվի առնելով սովորողների նախասիրություններն ու նրանց կողմից ուսումնասիրվող առարկաների եւ մասնագիտության ընտրությունը: Դեռեւս նոր չափորոշչին չանցած դասարանների համար կհաստատվի օրինակելի ուսումնական պլան:
Միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները կամավոր ատեստավորման անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում իրավունք կստանան շարունակելու մասնագիտական գործունեությունը ինչպես տվյալ հաստատությունում, այնպես էլ այլ հաստատություն դիմելիս: Ուսուցչի պաշտոնին համապատասխանող եւ ուսուցիչ չաշխատող անձանց կտրվի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն: Այդպիսով, կստեղծվի մասնագետների բազա, որոնցում ներգրավված անձինք հետագայում կձգտեն մտնել հաստատություններ՝ հաշվի առնելով վարձատրության բարելավման հնարավորությունը: Կարգավորումը կխթանի որակյալ մասնագետների մուտքը դպրոցներ:
Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողները, կամավոր ատեստավորմանը մասնակցելով, մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման հնարավորություն կունենան: Գործընթացը նախատեսվում է մեկնարկել 2024 թվականից:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԸ՝ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
Էլեկտրոնային դեղատոմսով հակաբիոտիկների նշանակման համակարգն արդեն գործում է: Ամիսներ առաջ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայտնել էր, որ կսահմանվի որոշ դեղերի էլեկտրոնային տարբերակով դուրսգրման պարտադիր պահանջ: Ցուցակում առաջնահերթությունը տրվել էր հակաբիոտիկներին:
Նրա շեշտադրմամբ՝ հակաբիոտիկների բաց շրջանառությունը վնասում է քաղաքացիների առողջությանը, իսկ էլեկտրոնային տարբերակով շրջանառությունը վերահսկելը կլինի ավելի հեշտ ու կբերի վերահսկողության մակարդակի բարձրացման:
Ներդրվող ծրագրի համաձայն՝ եթե էլեկտրոնային տարբերակով հակաբիոտիկի դեղատոմս չլինի, դեղատունն իրավունք չի ունենա վաճառել:
Առաջին հայացքից այս դրական փոփոխությունը իրականում բնակիչների համար առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Բնակչության զգալի մասը, որոնք գրեթե մշտական առնչություն ունեն դեղամիջոցների հետ, բողոքում են այս փոփոխությունից՝ նշելով, որ այսպես ավելի է դժվարանալու իրենց առօրյան:
Պարզ է, որ մեծահասակները եւ, առհասարակ, բնակչության մի զգալի մասը դժվարանում են օգտվել էլեկտրոնային տարբերակով ցանկացած գնում կատարելիս, ավելին՝ նրանց բացարձակ անհասանելի ու անհասկանալի են ինտերնետային հարթակները:
Բնակիչներից մեկի խոսքով՝ այսկերպ դեղատներից օգտվելը իր համար դառնում է իրական փորձություն այն դեպքում, երբ շատ հաճախ հենց ինքն էր իր համար անհրաժեշտ դեղամիջոցները գնում: Իսկ փոփոխությունից հետո հազիվ թե կարողանա օգտվել, ստիպված է ուրիշներին խնդրել իր փոխարեն գնել:
ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՆՈՐ ԴԵԿԱՆՆԵՐ՝ ԵՊՀ-ՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի պետական համալսարանում միանգամից չորս դեկանի ընտրություն է տեղի ունեցել։
Նոր դեկանի նշանակումներ են արվել Ֆարմացիայի ինստիտուտում, Բանասիրական ֆակուլտետում, Սոցիոլագիայի ֆակուլտետում եւ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում։
Ընտրությունների արդյունքում, առաջին անգամ ԵՊՀ-ում նշանակվել է կին դեկան՝ Աննա Մկրտչյանը՝ Ֆարմացիայի ինստիտուտում։
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Բանասիրական Ֆակուլտետում դեկան է ընտրվել Արշալույս Գալստյանը, Սոցիոլոգիայի դեկան՝ Արթուր Մկրտչյանը, իսկ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում՝ Կառլեն Խաչատրյանը։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ամենը արվում է նրա համար, որ կոծկվեն ԵՊՀ-ում կաշառակեր դեկանների անունները, քանի որ հանրության շրջանում արդեն դասախոսական անձնակազմի մասին վատ կարծիք է ձեւավորվել, եւ լավ չեն արտահայտվում ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի մասին։ Այսկերպ մայր բուհը փորձում է ամեն ինչ անել, վերականգնել լավ համբավը՝ դասախոսների միջից դեկան նշանակելով անձանց, որոնք լավ անուն ունեն ուսանողության շրջանում եւ կաշառակեր չեն, ինչպես, օրինակ, Բանասիրական ֆակուլտետի նորանշանակ դեկան Արշալույս Գալստյանը, ում ուսանողությունը ճանաչում է որպես բանիմաց ու խստապահանջ դասախոսի, որն ուսանողին գնահատում է օբյեկտիվ։
ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒ ՓԱՌԱՏՈՆՆԵՐԸ
Հայաստանի սահմաններին ադրբեջանական զինուժը պարբերաբար ոտնձգությունների է դիմում, կրակ բացում։ Հունիսի 13-ին ԱՄՆ-ն ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է չայցելել հայ-ադրբեջական սահմանային հատվածներ։ Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ներառված սահմանամերձ վայրերից են նաեւ Տավուշի մարզի Վարագավանից արեւելք Հ37 ավտոճանապարհը, Տավուշի մարզի Նավուր գյուղից արեւելք Հ36 ավտոճանապարհը։ Նման անհանգստացնող իրավիճակ է, սակայն, կարծես թե, վտանգավոր, անհանգստացնող բան չկա, սահմանամերձ Տավուշի մարզում գաստրոնոմիական փառատոններ են կազմակերպում։ Հունիսի 17-ին Դիլիջան քաղաքում կայացավ «Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը, որտեղ ներկայացված էին հայկական եւ վրացական մշակույթն ու խոհանոցների բազմազանությունը, պարերն ու երգերը, արվեստի եւ արհեստագործական աշխատանքները: Փառատոնը կազմակերպել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն՝ տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ, Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Հունիսի 24-ին Նիկոլ Փաշինյանի հայրենի Ենոքավան գյուղում իններորդ անգամ կանցկացվի Հայաստանի խոտաբույսերի եւ ծաղիկների «Հայ Բույս 2023» փառատոնը, որը տեղի է ունենալու Yell Extreme Park-ի եւ APAGA Resort-ի մոտ գտնվող ընդարձակ կանաչապատ բացատում. փառատոնի շրջանակում միաժամանակ անցկացվելու են տարբեր ժամանցային ծրագրեր մեծերի եւ փոքրերի համար։
ՊԱՀԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Իջեւան համայնքի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներ Սուրիկ Ղազարյանը, Գրիգոր Սարհատյանը, Հովիկ Գյոզալյանը եւ Սամվել Ճոկլինյանը գումար բռնագանձելու պահանջով ընդդեմ «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի հայցադիմում են ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան։ Դատարանի 2022թ. մայիսի 4-ի որոշմամբ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Հայցադիմում ներկայացրած 4 անձինք Վազաշեն գյուղի անտառում գտնվող բազմամետաղ հանքավայրում պահակություն են արել, որի դիմաց «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն նրանց աշխատավարձի պարտքեր է ունեցել։ Վազաշենի սահմանամերձ անտառում գտնվող հանքավայրում ներկայումս աշխատանքներ չեն իրականացվում։ 2012-2017թթ.-ին «Պոլիմետը» Վազաշենի ոսկու հանքավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու արտոնագիր է ունեցել։ 2023թ. հունիսի 16-ին Նոյեմբերյան քաղաքում Տավուշի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Անանյանը վճռել է քաղաքացիական հայցը բավարարել, «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ից հօգուտ Սուրիկ Ղազարյանի, Գրիգոր Սարհատյանի, Հովիկ Գյոզալյանի եւ Սամվել Ճոկլինյանի բռնագանձել յուրաքանչյուրին 1 միլիոն 200 հազար դրամ՝ որպես չվճարված աշխատավարձ, այդ ընկերությունից բռնագանձել 144 հազար ՀՀ դրամ պետական տուրքի գումար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ