«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ՝ պարզելու Հայաստանի զբոսաշրջության զարգացման տեմպերը եւ անհրաժեշտ քայլերը։
«Նախորդ տարիների համեմատ՝ տուրիզմի տեմպը աճել է. դրա մասին խոսում են նաեւ նախորդ տարիներին հրապարակված եռամսյակային տվյալները: Նախորդ տարիների համեմատ՝ ունենք քանակական աճ, բայց կարեւոր է խոսել այցերի որակի մասին, ինչ դրական ազդեցություններ ունեն:
Բայց շատ կարեւոր է, որ զբոսաշրջության աճն իր ամբողջ ծավալով կարողանա ազդեցություն ունենալ տնտեսական, սոցիալական, մշակութային եւ բնապահպանական ոլորտներում: Որքան էլ թվերը գոհացուցիչ են, այնուամենայնիվ, սրանք հիմնականում անհատական այցելություններ ե. զբոսաշրջության մասնաբաժինը շատ քիչ է, եւ այս ամենը շատ մտահոգիչ է»:
Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջիկների համար Հայաստանում հատուկ նախընտրելի վայրեր չկան, տարբեր նախասիրություններ ունեցող մարդիկ կարող են տարբեր վայրեր ընտրել. «Չենք կարող մի ուղղությունը մեկից գերադասել: Յուրաքանչյուր մարդ, համայնք, քաղաք կամ կառույց առանձնահատուկ է եւ հետաքրքիր է յուրովի: Վայրերը կախված են նաեւ այցելության նպատակից. հանգստի՞ նպատակով են այցելում, թե՞ այլ նպատակներ կան:
Ես կդժվարանամ ասել հստակ վայրեր, որոնք նախընտրում են այցելել զբոսաշրջիկները: Շատ կարեւոր է, որ մենք հավասարապես բոլոր մարզերով զբոսաշրջային ուղղություններ ապահովենք, եւ մեր ծրագրերն էլ այնպես կազմակերպենք, որ որեւէ մարզ եւ համայնք չտուժի: Մենք հույս ունենք նաեւ, որ շուտով նաեւ կվերականգնվի դեպի Արցախ այցելությունը»:
Ապրեսյանի խոսքով՝ այժմ էլ կան զբոսաշրջային խմբեր, որոնք այցելում են Վայց ձորի եւ Սյունիքի մարզեր, սակայն հարցը նրանում է, որ հիմնականում եվրոպական երկրներում եւ մեզ համար նպատակային շուկա հանդիսացող երկրներում տեղեկատվությունը մեր երկրի վերաբերյալ ներկայացված է որպես վտանգավոր գոտի. «Մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք՝ դիվանագիտական ուղիներով եւ սփյուռքի ներուժը օգտագործելով, պետական եւ մասնավոր հնարավոր բոլոր գործիքները օգտագործելով: Այս գործողությունները մեզ թույլ կտան հստակ տեղեկատվություն տալ համաշխարհային շուկայի մեր այցելուներին, որ մեր ներկայացուցչությունն ավելի իրական լինի»:
Մեխակ Ապրեսյանը նշեց նաեւ, որ Հայաստանում զբոսաշրջության վրա մեծ դեր են ունենում այն մեծ եւ մասշտաբային միջոցառումները, որոնք անցկացվում են Հայաստանում եւ լուսաբանվում միջազգային մամուլի կողմից։ Ըստ Ապրեսյանի՝ զբոսաշրջության զարգացման վրա մեծ ազդեցություններ են ունեցել պատերազմը եւ Կորոնավիրուսի համաճարակը։
«Եթե սրացումներ չլինեն համաճարակի կամ պատերազմների, հնարավոր է՝ այս տարի զգալի աճ ունենանք զբոսաշրջության ոլորտում։ Քանի որ Չինաստանն արդեն բացել է իր սահմանները համավարակից հետո, մենք այս տարի տուրիստներ ենք ակնկալում նաեւ Չինաստանից եւ Ճապոնիայից»:
Ըստ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի՝ ՀՀ տուրիստների 50%-ը ռուսներ են։ Թուրքիայից այցելություններ մինչեւ 2020 թվականը շատ են եղել. դրանք հասկանալի պատճառներով նվազել են, բայց կան, պարզապես դրանք զբոսաշրջության շատ փոքր մասն են կազմում։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Երեւանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կկազմակերպի քննարկում Կոնդ թաղամասի բնակիչների տների եւ հարակից տարածքների սահմանների ճշտման եւ սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ կհայտարարվի թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո:
«Սա քաղաքապետարանի ամենակարեւոր ծրագրերից է, եւ համայնքը պետք է նախաձեռնող լինի: Առաջինը, որ պետք է լուծենք, կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցն է, փաստացի իրենց սեփականության իրավունքի գրանցումն է այն սահմաններով, որով իրենք որպես փաստ տիրապետել են տարիներով, որպեսզի հետագայում կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ իրենք խնդիր չունենան կառուցապատողի, օտարողի հետ, իրավունքների խախտման հետ կապված հարցեր չլինեն»,-նշել է փոխքաղաքապետ Ավինյանն ու հանձնարարել արդեն իսկ եղած հայեցակարգով դիտարկել նաեւ Նորագյուղի վերակառուցման առաջարկը:
ՍՈՍԻՆԵՐՈՎ ԱՅԳԻ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Տեւական ժամանակ է՝ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս – Հարավ մայրուղու հարեւանությամբ, ընդհանուր 140 հա տարածքի վրա «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ն իրականացնում է աննախադեպ քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագիր, որի նմանը չկա ոչ միայն Անդրկովկասում, այլ նաեւ ԱՊՀ երկրներում: Ընդհանուր ծրագրով «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ն ունի միջազգային չափանիշներին համապատասխան հաստատված կառուցապատման գոտիավորված նախագիծ՝ միջինացված 22 % կառուցապատման մակերեսով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքի մնացած մասը կազմելու են այգի-պուրակները, ջրային մակերեսները եւ ճանապարհները: Թե՛ երեւանցիները, ինչու չէ, նաեւ Երեւան այցելած զբոսաշրջիկները, երբ Սիլիկյան թաղամասից անցնում են դեպի Հարավարեւմտյան թաղամաս կամ ժողովորդին հայտնի 4-րդ գյուղ, ճանապարհի աջակողմյան հատվածում նկատում են վերամբարձ կռուկների մի ամբողջ «բանակ», ինչպես նաեւ մեծ թվով շինարարներ:
Ընդհանուր շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 4 հազար աշխատակից, ինչը սոցիալական այս ծանր պայմաններում «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲ ընկերության կողմից մեծ օժանդակություն է այդ 4 հազար ընտանիքներին, քանի որ նրանք իրենց քրտինքով կատարած աշխատանքի դիմաց կանոնավոր ստանում են աշխատավարձ, ինչից, ի դեպ, աշխատակիցները գոհ են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տարածում, որը մի հսկայական շինհրապարակի է վերածվել, ու ժողովուրդն արդեն կոչում է «Քաղաք՝ քաղաքի մեջ», ընկերության կողմից ստեղծվում են կանաչ գոտիներ, այգի-պուրակներ: Մոտ 2,5 կմ-անոց հատվածում արդեն տնկվել են Իտալիայից հատուկ Հայաստան բերված Արեւմտյան սոսիներ, եւ դեռ մի այդքան էլ տնկվելու է:
Շինարարությանը զուգահեռ ընկերության աշխատակիցները՝ գյուղատնտես Դերենիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ամեն օր խնամում են Արեւմտյան սոսիները, ու, դեռ շինարարությունը չավարտած, այդ կանաչապատ հատվածը վերածվելու է «մինի» անտառի: Պուրակում նաեւ անցկացվել է ջրագիծ, որով խնամվելու են կանաչ գոտիներն ու տնկիները, իսկ ծառերը՝ կանաչ տերեւներով, տեսանելի են անգամ Հարավարեւմտյան թաղամասի բարձրահարկ շենքերից. մարդիկ անուն են դրել այդ արահետին՝ ասելով. «Եթե աշխարհը հպարտանում էր Շամիրամի կախովի այգիներով, ապա ԱՊՀ երկրներում նախանձելու են այս մի քանի կմ-անոց կանաչ դրախտի վերածված ճեմուղուն»: