ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում հնչեցրած հայտարարություններին:

 

-Պարո՛ն Մանուկյան, Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովում պատասխանեց պատերազմի հանգամանքների վերաբերյալ հարցերին: Ընդդիմությունը ինչու՞ հրաժարվեց մասնակցելուց: Ինչու՞ չգնացիք եւ այն մեղադրանքները, որոնք հնչեցնում եք պարբերաբար, հենց Նիկոլ Փաշինյանին չասացիք. նիստը ուղիղ եթերում է, բաց է:

-Քանի որ այն, ինչի մասին խոսել ենք անցնող երկու տարում Ազգային Ժողովում ելույթների, հարց ու պատասխանների ժամանակ, հնչեցվել է, հարցերը ուղղել ենք, ստացել ենք նույն իրարամերժ պատասխանները, եւ իր հրապարակային դասախոսությունը կամ ուսանողական աշխատանքը ներկայացնելը վկայում է, որ ընդդիմադիր երկու խմբակցության որոշումները ճիշտ էին եւ արդարացված, որովհետեւ կա մի քանի հանգամանք: Նախ՝ քննիչ  հանձնաժողովը, որ ձեւավորվում է, ձեւավորվում է ինչ-որ կանոնակարգի համաձայն: Քննիչ հանձնաժողովի ներկայացող բոլոր պաշտոնյաների, զինվորականների կարգավիճակով հարցեր պետք է ուղղվեն, եւ նրանցից պարզաբանումներ ստանան: Ստեղծվել է աննորմալ իրավիճակ: Նախկինում գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, այլ զինվորականներ, այլ անձինք քննիչ հանձնաժողով են եկել, փակ նիստերում խոսել են, պատասխանել են հարցերին, թեեւ հասարակությանը անհայտ է, թե ինչ են պատասխանել: Մեր՝ ընդդիմադիր պատգամավորների փորձերը ծանոթանալու այդ նոթերին, մերժվեց՝ պատճառաբանվելով, որ մենք բոյկոտում ենք, դրա համար իրավունք չունենք ծանոթանալու: Հիմա ստացվել է մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը բաց խոսում է՝ չքմեղանալով, մնացած բոլոր վկայությունները, ցուցմունքները պատասխանները հասարակությունից գաղտնի է պահվում: Ստեղծվում է անհավասարություն: Եթե Նիկոլ Փաշինյանին ուղիղ եթեր են տալիս, թող նաեւ հրապարակեն բոլոր հայտարարությունները, որպեսզի պարզ լինի ամեն ինչ:

Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ 44-օրյա պատերազմի հետ կապված որեւէ բան չկա: Նիկոլ Փաշինյանի կողմից սա հերթական մանիպուլյացիոն քայլն է՝ հանրությանը կերակրել մի թեզով, որ 25 տարի առաջ Ղարաբաղը տվել են, ինքը եկավ, իր գրպանը գցեցին, եւ խեղճ հարիֆը ասում է, որ բոլորը՝ Հայկ Նահապետից սկսած, մեղավոր են, բացի իրենից: Այս առումով նույնիսկ քննիչ հանձնաժողովի գործողություններին ներառված պատգամավորների տված հարցերը ցույց չեն տալիս այդ օբյեկտիվությունը: Առաջին օրվանից ենք մենք ասել, որ այս ձեւաչափով քննիչ հանձնաժողովը չի կարող օբյեկտիվ քննություն անել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԾԱՌԵՐԻ ԷՏՈՒՄԸ՝ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

Երեւանի կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցում  իրականացվում է  ծառերի էտում՝ արգելափակելով մայթերը եւ մեծ խցանումների պատճառ դառնալով երթեւեկության համար:

 

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը եւ Երեւանի քաղաքապետարանի «Կանչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հերթական անգամ իրականացնում են գործողություն՝ առանց հաշվի առնելու, թե ինչ խոչընդոտների առաջ են կանգնեցնում քաղաքացիներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում Ամիրյան փողոցում, եւ ականատես ենք եղել վարորդների եւ քաղաքացիների վրդովմունքին, թե այս ժամին ինչպես են նման գործեր նախաձեռնում: Մենք կապ հաստատեցինք Կենտրոն վարչական շրջանի «Կանչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ, որը, մեր հարցերին ի պատասխան, ասաց. «Երկու օր առաջ եղած ուժգին քամու պատճառով այդ հատվածում ծառի ճյուղ էր կոտրվել, եւ այսօր այն հեռացվել է»:

Հարցին, թե հնարավոր չէր արդյոք այնպիսի ժամի կատարել աշխատանքները, որպեսզի քաղաքացիների համար անհարմարություններ չստեղծվեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամբողջ քաղաքում ունեինք նման դեպքեր եւ, ըստ հրատապության, կատարել ենք ապամոնտաժման աշխատանքները»:

Ի դեպ, նկատենք, որ ծառի այն հատվածում, որտեղ իրականացվում էր կոտրված ճյուղերի ապամոնտաժումը, հատուկ ժապավենով առանձնացված չէր, եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովված չէր, ինչը ամենակոպիտ խախտումներից է «Կանչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից:

 

 

 

 

 

ԲԱՐՁՐԱՑՎԵԼ ԵՆ ԴՐՈՇՆԵՐԸ

Երասխի մետալուրգիական գործարանում հունիսի 20-ին բարձրացվել են Հայաստանի եւ ԱՄՆ դրոշները:

Գործարանից ադրբեջանական դիրքերը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են:

Ադրբեջանական կողմը պարբերաբար թիրախավորում է գործարանի տարածքը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին էլ Ադրբեջանի կրակոցների հետեւանքով վիրավորում էր ստացել գործարանում աշխատող ազգությամբ 2 հնդիկ:

 

 

 

 

 

ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐ

Ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսման արդյունքում  դատախազներ են ազատվել աշխատանքից, իսկ ոմանց մասով ծառայողական քննություն է սկսվել։

Այսպիսով, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կասեցրել է Արմավիրի մարզի  դատախազ Աշոտ Մարտիրոսյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանի լիազորությունները եւ ծառայողական քննություն է սկսել նրանց նկատմամբ։ Իսկ ինչու՞։ Բանն այն է, որ իրավապահները, գաղտնալսելով  Արմավիրի  դատախազ Աշոտ Մարտիրոսյանին եւ Կոտայքի դատախազ Ապրես  Գրիգորյանին, պարզել են, թե ինչպես են նրանք նեղսրտած խոսում, քննադատում ու տարբեր կարծիքներ արտահայտում  Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի կամ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։ Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։

Այսքանով դատախազությունում «վհուկների որսն» ու ներքին «խժռոցը» չի ավարտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԱԱԾ-ն այս գաղտնալսման արդյունքում մտել է Կոտայքի ու Արմավիրի մարզերի դատախազություն, դատախազներին պառկեցրել գետնին ու սկսել գործողություններ: Այստեղ էլ հասունացել է դրամայի երկրորդ մասը.  Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի գործելաոճը դատախազների մոտ սկսել է քննարկվել Սերժ Սարգսյանի գործը քննող դատախազ Արսեն Մարտիրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ: Նրանք ոչ այդքան հաճելի կարծիքներ են արտահայտել Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի հասցեին, ինչպես նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։ Եվ, ահա, այս գաղտնալսումն էլ պատճառ դարձավ, որ օրերս աշխատանքից ազատվեն դատախազներ Արսեն Մարտիրոսյանը,Պետրոս Պետրոսյանը եւ գլխավոր դատավազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը։ Իրավիճակը ցույց է տալիս, որ դատախազները ներքին միջանձնային խոսակցության համար ազատվում են աշխատանքից: Այլ կերպ ասած, Հայաստանը վերածվել է գաղտնալսումների երկրի, որտեղ քաղաքական իշխանությանը ընդդիմացողների խոսքի ազատությունը ոտնահարվում է:

 




Լրահոս