«Կարո՞ղ էինք արդյոք խուսափել 44-օրյա պատերազմից, եւ եթե այո, ապա ինչպե՞ս»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ նշեց. «Ամենայն հավանականությամբ՝ այո, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծված լիներ Լեռնային Ղարաբաղի հարցը։
Բայց այստեղ մի էական հարց է ծագում. ուզո՞ւմ էինք արդյոք լուծել ԼՂ հարցը: Սրան զուգահեռ՝ մի շատ ավելի հիմնարար ու խորքային հարց է ծագում. կարո՞ղ էինք արդյոք լուծել ԼՂ հարցը ու եթե այո, ինչպե՞ս:
Կարիք կա քննարկել բանակցային պատմությունը, որի հանգրվանային կետերին այժմ կնդրադառնամ: Իրականում բանակցային գործընթացը եւ նրա բովանդակությունը ուղիղ կապի մեջ են եղել ՀՀ ներքաղաքական իրադրության եւ իրադարձությունների հետ, ինչը որքան էլ բնական, այնուամենայնիվ, ամենանեգատիվ դերն է խաղացել ԼՂ հարցի կարգավորման գործընթացի վրա, որովհետեւ մեր ներքաղաքական կյանքում 1994-ի մայիսի 12-ի հաղթական զինադադարից հետո դրական իրադարձությունների մեծ դեֆիցիտ է եղել:
ԼՂ հարցի կարգավորման մասին մտածելիս առաջին հանգամանքներից մեկը, որ մտաբերում ես, ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովն է, Հայաստանի առաջին նախագահի 1997 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակված հոդվածը՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» վերնագրով, որտեղ Տեր-Պետրոսյանը խոսում է փոխզիջումների անհրաժեշտության մասին:
Եթե կարճ ձեւակերպենք Տեր-Պետրոսյանի ասածները, կստացվի հետեւյալը. ստատուս քվոն երկար ժամանակով պահել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք, զուր պատրանքներ չփայփայենք, Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք: Հետեւաբար պետք է այնպես անել, որ առաջիկա հազարամյակում էլ Արցախը մնա հայերով բնակեցված:
Հետաքրքիրն այն է, որ դա ասելով՝ Տեր-Պետրոսյանը այդ հոդվածում այդպես էլ հստակ եւ բառացի պատասխան չի տալիս մի հարցի՝ ի վերջո, ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԼՂ-ն՝ լինելու է անկախ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում:
Տեր-Պետրոսյանի այս հոդվածը բուռն հակազդեցություն ստացավ հանրային քաղաքական վերնախավի շրջանում: Ժողովրդի մասին ոչինչ չենք կարող ասել, որովհետեւ ժողովրդական կարծիքի արտահայտման կոնկրետ դրսեւորումներ 1997-ին կարծես չեն եղել:
Իրականում, սակայն, Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր մի քանի պատճառներով:
Նախ, հոդվածի հրապարակումից ուղիղ մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին մասնակցել էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, բայց կասկածելի լեգիտիմություն ունեցող այդ ընտրություններից մեկ տարի անց խոսում էր խաղաղության, եւ ոչ հաղթանակի մասին: Այդ հոդվածից 7 տարի 11 ամիս առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ ԳԽ-ն եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում էին կայացրել Հայաստանի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին: Այդ հոդվածից 7 տարի 2 ամիս 9 օր առաջ՝ 1990-ի օգոստոսի 23-ին, Հայաստանի ԳԽ-ն հիմնվելով 1989 թվականի դեպտեմբերի 1-ի վերամիավորման մասին համատեղ որոշման վրա, Հայաստանի անկախության գործընթաց էր հռչակել:
Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս 10 օր առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, տեղի էր ունեցել Հայաստանի անկախության հանրաքվեն, որով «դե յուրե» ավարտին էր հասցվել Հայաստանի անկախության գործընթացը:
Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս 29 օր առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 2-ին, ԼՂ-ն հռչակել էր իր անկախությունը: 1991-ի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի էր ունեցել անկախության հանրաքվե, որով «դե յուրե» ավարտին էր հասցվել ԼՂ անկախության գործընթացը:
Բայց կարեւոր է նաեւ այն, թե ինչ տեղի ունեցավ հետո: «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրում է. «Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996 թվականի ընտրություններին՝ սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած նախագահ՝ անկախ այն բանից, թե որքանով արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը: Ի՞նչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր, եւ ում վրա կընկներ իրավիճակի վատթարացման պատասխանատվությունը, միեւնույնն է, դրանից իմ վարկանիշը չէր տուժի, այլեւ ընդհակառակը, թերեւս ավելի շահեր: Բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոքրոգի դասալքություն, որին, դժբախտաբար, թե բարեբախտաբար, սովոր չեմ»: Այս հրապարակումից 3 ամիս 3 օր հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս ՀՀ նախագահի պաշտոնից»:
ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՃԱՄՓԱՆ
«Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, եւ այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:
Իսկ, ահա, 6 օր շարունակ Արցախի 120 000 ժողովուրդը գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որեւէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Կից լուսանկարները ցուցադրում են, թե ինչպես են վերջին օրերին ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ իրենց ապօրինի անցակետի մոտ: Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե, իբր, շրջափակում չկա: Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, եւ բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը, ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը:
Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից եւ մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից՝ մեծ ճնշում բոլորի հանդեպ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՏԵՍՈՒՄ Է
«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Արդեն հինգ օր է՝ Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է անգամ ծանր հիվանդների տեղափոխման եւ հումանիտար բեռների ներկրման համար:
«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ը դատապարտում է Արցախի լիակատար պաշարման փաստի անտեսումը միջազգային հանրության կողմից:
Արցախի Հանրապետության 120 հազար քաղաքացիների, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների եւ հարյուրավոր անհետաձգելի բուժման կարիք ունեցող հիվանդների՝ օրեցօր խորացող հումանիտար խնդիրներին դեկլարատիվ հայտարարություններով արձագանքելը եւ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումներն անհետեւանք թողնելը համարում ենք միջազգային կազմակերպությունների կողմից երկակի ստանդարտների կիրառում եւ իր հայրենիքում ապրող բնիկ ժողովրդի հանդեպ էթնիկ զտումների ու ցեղասպանական նկրտումների իրագործման խրախուսում:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքը «Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների եւ անվտանգության» անհասկանալի ձեւակերպմամբ փոխարինած Հայաստանի Հանրապետության իշխանությունները փաստացի Արցախը տանում են դեպի բռնակցում Ադրբեջանին:
Անընդունելի է նաեւ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, դուրս մնալով սեփական ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ բանակցություններից, սահմանափակվում են միայն հումանիտար աղետը կանխելու նպատակով բնակչությանը «խիստ տնտեսման» կոչեր հղելով:
Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող ճանապարհին տեղադրված ադրբեջանական անցակետը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ակնհայտ խախտում է, ուստի պահանջում ենք ռուս խաղաղապահ զորակազմից ապահովել նշյալ հայտարարությամբ ամրագրված դրույթների կատարումը՝ անհապաղ ապաշրջափակելով միջանցքը:
Կոչ ենք անում հայկական բոլոր կազմակերպություններին եւ ազգային կառույցներին, աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին բողոքի ձայն բարձրացնել Արցախի ժողովրդին պատուհասած աղետի կապակցությամբ եւ դիմել իրենց նստավայր երկրների կառավարություններին ու խորհրդարաններին՝ Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառելու պահանջով:
Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք ձեռնարկել հայ ժողովրդի առջեւ ստանձնած պատասխանատվությունից բխող անհետաձգելի գործողություններ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը:
Մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք հայրենիքում ազատ ապրելու մեր իրավունքի համար, եւ Արցախի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն արժանանալու է համարժեք պատասխանի»։