ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետեւել է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննական սենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին: Նախարարի հետ զրույցում դիմորդներից մի քանիսը նշել են, որ հունվարին մասնակցել են առաջին փուլի քննությանը եւ քննություն են հանձնելու երկրորդ անգամ:
Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քննություններն ընթանում են բնականոն հունով: Նրա խոսքով՝ դիմորդների՝ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունն այս տարի է ներդրվել, որը դրական դինամիկա է ապահովել:
«Այս պահի դրությամբ ոչ մի արտակարգ իրավիճակ չունենք, քննությունները ընթանում են՝ ըստ պլանավորածի: Կարծում եմ՝ այս տարվա՝ 2 անգամվա քննություն հանձնելու հնարավորությունը դրական ազդեցություն է թողել դիմորդների վրա հոգեբանական լարվածության տեսանկյունից եւ նվազեցրել է սթրեսը:
Կային դիմորդներ, որոնք օգտվել են երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից, ինչը շատ դրական է, որովհետեւ այսկերպ հնարավորություն ենք տվել նրանց ավելի հեշտ հաղթահարել քննական գործընթացը: Մի բան հստակ է. դիմորդները երկրորդ անգամ քննություն հանձնելիս ավելի հանգիստ են, սթրեսը նվազել է: Երբ դու ունես մեկ անգամ քննություն հանձնելու հնարավորություն, կշեռքի նժարին մեծ պատասխանատվություն է դրված. կա՛մ կհանձնես քննությունը, կա՛մ ոչ: Այս դեպքում դիմորդներն ավելի հանգիստ են, կենտրոնացած, գիտեն՝ ինչպես օգտագործեն իրենց տրված ժամանակը: Սա կարեւոր փորձ է, որն օգնում է լավ պատրաստվել, երկրորդը՝ արդյունքներն են: Մենք տեսնում ենք, որ երկրորդ փուլում տոկոսային հարաբերությամբ բարձր միավորներ ստացած դիմորդների թիվը աճել է, անբավարարները՝ նվազել»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այդ միտումը նկատելի է եղել արդեն կայացած միասնական քննությունների արդյունքների նախնական համեմատությամբ:
Օրինակ՝ առաջին փուլում «Քիմիա» առարկայից գերազանց էին ստացել դիմորդների 7 տոկոսը, երկրորդ փուլում՝ 14 տոկոսը: Առաջին փուլում նույն առարկայից անբավարար արդյունք էր ապահովել դիմորդների 34 տոկոսը, երկրորդ փուլում՝ 25 տոկոսը:
Նա նաեւ հույս է հայտնել, որ արդյունքների բարելավում կունենանք նաեւ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության դեպքում:
Անդրադառնալով միասնական քննությունների արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք ընդհանուր առմամբ մտահոգիչ են, եւ այս առումով լուրջ աշխատանք կատարելու կարիք կա:
«Կայուն դրական արդյունքի ապահովման համար դպրոցի բովանդակային բարեփոխումները, որոնք այժմ ընթացքի մեջ են, կարեւոր նշանակություն ունեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով դասագրքերի ստեղծմանը՝ նախարարը նշել է, որ մրցույթ է հայտարարված՝ նոր չափորոշիչների պահանջին համապատասխան:
«Հիմա փորձաքննության փուլում ենք, աշխատանքներն ընթացքի մեջ են: Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որպեսզի մեզ մոտ ձեւավորվի որակյալ դասագիրք գրելու ավանդույթ: Ավելի քան 10 տարի նոր դասագրքեր չեն մշակվել, իսկ դասագիրք գրելը բարդ գործընթաց է՝ մեթոդական, ձեւավորման, հոգեբանության տեսանկյունից: Դասագրքի վրա մի ամբողջ թիմ է աշխատում: Առաջին փուլում միանգամից գոհ լինելու հավանականությունը փոքր է, բայց կարեւոր է գործընթացի իրականացումը, որ դաշտը ձեւավորվի, մասնագիտական խմբեր կազմվեն, եւ ապահովենք դասագրքերի բարձր որակ:
Ուզում եմ նաեւ նշել, որ թեեւ դասագիրքը շատ կարեւոր է, բայց ժամանակակից դպրոցներում, հատկապես՝ ավագ դասարաններում, իր նախկին նշանակությունն այն կորցնում է: Առաջատար երկրներում դասերը կառուցվում են ոչ թե մեկ դասագրքի շուրջ, այլ լինում են տարբեր նյութերի թղթապանակներ, որպեսզի աշակերտները բազմակողմանի նայեն նույն երեւույթին, զարգացնեն մտածողությունը: Մենք եւս պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասել է նախարարը:
Նա նաեւ նշել է, որ ավանդաբար մեծ թվով քննություն հանձնողներ, ըստ դիմորդների ընտրած մասնագիտության, լինում են «Անգլերեն», «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: Ավելի քիչ թվով դիմորդներ են քննություններ հանձնում, օրինակ, իտալերենից, իսպաներենից:
ՆՎԱՃՈՒՄՆԵՐ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ԲԱԶԿԱՄԱՐՏԻՑ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի պատվիրակությունը հունիսի 9-ից 16-ը Մոլդովայի Քիշնեւ քաղաքում 15 մարզիկով մասնակցել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, հայ բազկամարտիկները մրցել են ձախ եւ աջ ձեռքերով՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ: Առաջնությանը 31 երկրի մարզիկներ են մասնակցել:
Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը, Նաիրա Մեսրոպյանը, Սարգիս Խաչատրյանը եւ Գուրգեն Անտոնյանը: Սարգիս Հարությունյանն ու Նաիրա Մեսրոպյանը ոսկե մեդալներ են նվաճել թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքի մրցումներում:
Արծաթե մեդալներին արժանացել են Սերոբ Հովհաննիսյանը, Գուրգեն Անտոնյանը, Սերոբ Աբրահամյանը, Արմեն Ենոքյանը եւ Հայկ Ստեփանյանը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Ավանեսյանը, Վալտեր Հարությունյանը (աջ եւ ձախ ձեռքով), Ենոք Անտոնյանը, Սարգիս Գաբրիելյանը, Շահեն Բաբայանը, Սերոբ Հովհաննիսյանը, Ատոմ Ենոքյանը, Սարգիս Խաչատրյանը:
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ թիմային արդյունքները գոհացնող են. «Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների ելույթներից: Կային մարզիկներ, որ ավելիին էին պատրաստ, բայց ընդհանուր առմամբ 21 մեդալը գոհացնող է: Ինչ վերաբերում է իմ ելույթներին, ապա վերջին շրջանում բազկամարտի մրցումների չեմ մասնակցում, բայց լավ մարզավիճակում էի ու սպասում էի, որ հաջող արդյունքներ կգրանցեմ»:
Ի դեպ, Ստեփանյանը վերջերս դարձել է պարաաթլետիկայի միջազգային մրցաշարի (գնդի հրում եւ սկավառակի նետում) չեմպիոն։ Մրցաշարը, որին մասնակցել է 15 երկրի 163 մարզիկ, անցկացվել է Չեխիայում։
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները նախապատրաստվում են հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի վերջին Ղազախստանում:
ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ՝ ԻՋԵՒԱՆՈՒՄ
Հունիսի 19-ի երեկոյան՝ ժամը 19:10-ից մինչեւ 19:25 րոպե, ուժեղ կարկուտ, տեղատարափ անձրեւներ են տեղացել Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում։ Ուժգին քամուց տապալվել են բազմաթիվ պտղատու եւ դեկորատիվ ծառեր, վնասվել են շենքերի տանիքներ, զանազան շինությունների ծածկեր, տեղատարափ անձրեւներից գոյացած սելավները, քարերի ու ցեխի կույտերը լցվել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, Իջեւանի համայնքային նշանակության ճանապարհները: Միջպետական ավտոճանապարհը որոշ ժամանակ փակ էր տրանսպորտային միջոցների երթեւեկի համար, սակայն կատարված աշխատանքների արդյունքում միջպետական ավտոճանապարհը բացվեց։ Տեղատարափ կարկուտից հետո Իջեւան քաղաքում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ, գրեթե ամբողջությամբ վնասվել է գյուղատնտեսական ցանքատարածությունների, պտղատու եւ խաղողի այգիների բերքը։ Տեղացած կարկուտի չափերը մեծ էին, կարկտի կույտերը երկար ժամանակ չէին հալվում։ Կարկտահարությունից, անձրեւներից ու սելավներից անմիջապես հետո վնասված ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով Իջեւանի համայնքապետարանի կոմունալ ծառայության խմբերը եւ հատուկ տեխնիկան աշխատանքի են անցել։ Այդ աշխատանքները տեղում համակարգել է Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը։ Բնական տարերքի հետեւանքները վերացնելու նպատակով ծառայություն են իրականացրել եւ քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՆԳՆ պարեկային եւ փրկարար ծառայությունների ու շտապօգնության աշխատակիցները։ Հայաստանի էլեկտրական ցանցերի Տավուշի մարզային մասնաճյուղը արտակարգ ռեժիմով է աշխատել։ Իջեւանի համայնքապետարանում ստեղծվել է հանձնաժողով կարկտահարության հետեւանքով կրած վնասների գույքագրման համար: Իջեւան քաղաքում տեղի ունեցած ուժեղ կարկտահարությունից հետո կրկին ծագում է Տավուշի մարզում հակակարկտային կայաններ գործարկելու խնդիրը։ Տավուշի մարզում հակակարկտային կայաններ գործում են միայն Նոյեմբերյան խոշոր համայնքում, մարզի մյուս 3 համայնքներում՝ Իջեւանում, Բերդում, Դիլիջանում, Հայաստանի անկախացումից հետո հակակարկտային կայաններ չեն գործում։ Նոյեմբերյան խոշոր համայնքում էլ հակակարկտային կայաններ գործում են հիմնականում Դեբեդի հովտում. Նոյեմբերյան համայնքի Ոսկեվանի սահմանամերձ ենթաշրջանի բնակավայրերում հակակարկտային կայաններ չկան։ Վերջին 5 տարում՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Տավուշի մարզում, Նոյեմբերյան համայնքում ընդամենը մեկ հակակարկտային կայան է ավելացել, մարզում հակակարկտային կայանների թիվը 12-ից դարձել է 13։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ