«Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Հայաստանի դիվանագիտությունը հետամուտ է դրա՝ որպես մարդկության դեմ իրականացրած ծանրագույն հանցագործության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը»,- այսօր մարտի 2-ին ՀՀ դիվանագետի օրվա առթիվ իր ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային բեմահարթակում հետևողականորեն բարձրաձայնում է մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխարգելման անհրաժեշտությունը, հանդես գալիս համապատասխան նախաձեռնություններով: «Նախորդ տարի Հայաստանը հաջողությամբ նախագահեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, որոնք էլ ավելի բարձրացրին մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ ևս մեկ անգամ ընդգծեցին մեր դիվանագիտական համակարգի պատրաստականությունը՝ ստանձնելու և հաջողությամբ իրականացնելու միջազգային կարևորություն ունեցող առաքելություններ»,- հայտարարել է նախարարը:
Նալբանդյանը նաև հայտարարել է, որ 2013 թ. նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից։ «Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում սերտացնելու իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, խորացնելու փոխգործակցությունը եվրոպական, ասիական երկրների հետ, ընդլայնելու փոխհարաբերությունների աշխարհագրությունը»,- ասել է Նալբանդյանը: