ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների գծով համակարգող դեսպան Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության երկրների և զարգացման նախարարության տնտեսության, գիտության և տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այերը: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջոն Գալագերը:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Ջեյմս Օ՛Բրայենը և Կումար Այերը ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Ջեյմս Օ՛Բրայենը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների գծով համակարգող դեսպան Ջեյմս Օ՛Բրայենին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս