Ազգային- ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրել էր, որ Վարուժան Ավետիսյանի որդուն` Դավիթին, ձերբակալել են և Կենտրոնի ոստիկանական բաժանմունքից տեղափոխել ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր):
Ավելի վաղ, փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց որ կեսօրին, Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին` վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել։
ArmLur.am-ը կապ հաստատեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, հարցնելու, թե որքանով է այս գործընթացը իրավական: Վերջինս նշեց, որ գործից տեղյակ չէ, սակայն այսպիսի դեպքերը շատ են. առաջին դեպքը չէ:
«Անկախ այն բանից թե ում որդին է, կամ ում բարեկամն է, սա մեզ համար նորություն չէ:
Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները այնպիսի մեծ չարիքներ են գործել, որ նրանք պետք է պատրաստ լինեն, որ քաղաքացիները իրենց հարցեր ունեն տալու: Սակայն մենք բազմիցս տեսել ենք, որ ընդամենը «դավաճան» գոռալու համար մարդկանց ձեռբակալել են, բացարձակ անհիմն: Եվ անգամ այս պահին փաստերին չտիրապետելով, կարելի է ասել, որ սա նույն շարքի շարունակությունն է:
Ես ծանոթ եմ նմանատիպ բազմաթիվ դեպքերի, երբ քաղաքացիներին անհիմն պատճառաբանություններով բերման են ենթարկում, օրինակ, սառը զենք պահելու կասկածանքով, և այլն, տանում մի քանի ժամ պահում ու բաց են թողնում: Այնպես որ, Ձեր մեջբերած դեպքը ամենևին էլ զարմանալու չէ և իրենից ներկայացնում է ներկա ռեժիմի գործելաոճ»,- ասաց Մելիքյանը:
Մաշա Մելքոնյան