ArmLur.am-ի զրուցակիցը աշխարհի եւ Եվրոպայի ուժային եռամարտի չեմպիոն, միջազգային սպորտի վարպետ Սերգեյ Ալվանյանն է:
Մենք զրուցել ենք մարզիկի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես է կերտել իր ճանապարհը, նաեւ դրսում եւ արտերկրում ունեցած հաջողությունների մասին։
– Պարո՛ն Ալվանյան, խնդրում եմ, մեզ ներկայացրեք՝ ինչ ճանապարհ եք անցել նման լուրջ արդյունքների հասնելու համար։
– Ուկրաինայում 2016 թվականին աշխարհի գավաթի 2-րդ հորիզոնականը նվաճելուց հետո սպորտի նախարարը շնորհեց միջազգային սպորտի կարգ։ Իսկ եռամարտով սկսեցի զբաղվել 25 տարեկանից, բայց սպորտով զբաղվում եմ վաղ տարիքից՝ ֆուտբոլով, հեծանվասպորտով։ Նշեմ նաեւ, որ ֆուտբոլում էլ վատ արդյունքներ չեմ գրանցել։
Սպորտի մասին տեղեկացել եմ համացանցից, շատ հետաքրքրեց, սկսեցի ինֆորմացիա հավաքել սպորտաձեւի մասին։ 2010 թվականից սկսեցի այցելել մարզումների, 2013-2014 թվականներին մասնակցել եմ տեղի առաջնություններին եւ գրանցել լավ արդյունքներ, ընդգրկվել եմ հավաքանականի կազմում։ 2015 թվականից հանդես եմ եկել միջազգային հարթակներում։ Մասնակցել եմ միջազգային 9 մրցաշարերի, եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների։ Ստացել եմ միջազգային մրցավարի լիցենզիա: Հանդիսանում եմ մրցավարների խորհրդի անդամ:
– Ի՞նչ փուլում է Հայաստանում եռամարտի զարգացումը:
– Հայաստանում 2016 թվականից շատ ակտիվ սկսեցինք զարգացնել եռամարտը՝ տարիների ընթացքում բացելով 2 միջագային ֆեդերացիա: Մեծ ակտիվություն նկատվեց երիտասարդների շրջանում եւ սպորտսմենների շրջանում։ Մեծ հոսք սկսեց միջազգային հարթակներ։ Իմ փորձն ու գիտելիքն եմ փոխանցել սաներիս, որոնք նույնպես վատ արդյունքներ չեն գրանցել Հայաստանում եւ միջազգային հարթակներում։ Ձեռք ենք բերել միջազգային նորմերին համանատասխան սպորտային գույք։
Հիմա, ցավոք, դեռ վատ փուլում է գտնվում եռամարտը Հայաստանում, սակայն ավելի լավ է, քան առաջ։
-Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել եռամարտը Հայաստանում զարգացնելու ընթացքում։
-Եռանարտի մասին ինֆորմացիան շատ քիչ է։ Հայաստանում որակավորված մասնագետները քիչ են, որպեսզի մարզեն, եւ լավ արդյունք ունենանք: Հատուկ նախատեսված մարզասրահներ չկան։ Երբ գնում ենք միջազհային մրցաշարերի եւ տեսնում ենք շատ մարզասրահներ, դրանք շատ գրավիչ են, եւ լավ կլիներ՝ մենք եւս ունենայինք նման մարզասրահներ:
Ցանկալի է, որ խթանենք Հայաստանում այս սպորտաձեւի զարգացումը։
-Պատմե՛ք Ձեր աշխատանքի սկզբունքների մասին:
– Ես իմ սաներին առաջինը խորհուրդ եմ տալիս ունենալ նպատակներ, որովհետեւ առանց նպատակների անհնար է հասնել լավ արդյունքների: Խորհուրդ եմ տալիս լինել խելացի, որովհետեւ սպորտաձեւում, ինձ թվում է, ուժեղ լինելը երկրորդական է, առաջինը՝ պետք է լինես տեխնիկապես զարգացված մարզիկ վնասվածքներ չստանալու համար, երկրորդը՝ կարողանաս գրանցել լավ արդյունքներ։
– Ո՞րն է եղել Ձեր ամենատպավորիչ հաղթանակը:
– 2017 թվականին Լեհաստանում տեղի ունեցավ ուժային եռամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը, որտեղ թեժ պայքարեր էր գնում իմ եւ ուկրաինացի մարզիկի միջեւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։ Դա շատ տպավորիչ ելույթ էր, որին պատրաստվել էի երկար ժամանակ, եւ հավատում էի, որ առաջին տեղը կզբաղեցնեմ։
– Ի՞նչ նպատակներ ունեք՝ սպորտաձեւի հետ կապված։
– Սպորտաձեւի հետ կապված մեծ հույսեր ունեմ եւ մեծ աշխատանք ունեմ կատարելու այդ հույսերն արդարացնելու համար: Նպատակներ ունեմ, որոնք պիտի կատարվեն. դրանք են աշխարհի եւ եվրոպայի մրցումներին մասնակցելը, ուզում եմ եվրոպայի եւ աշխարհի ռեկորդները թարմացնել։ Ցանկանում եմ փորձով օգնել մնացած մարզիկներին, առաջ գնալ եւ նոր հաղթանակներ գրանցել։
Էմմա Միքայելյան