Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին երկրի անկախության օրվա առթիվ:
Ուղերձում նշված է.
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս և ջերմ մաղթանքներս Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ։
Անկախության տարիների ընթացքում Բելառուսը զգալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտա-տեխնիկական և բազմաթիվ այլ ոլորտներում։
Վստահ եմ, որ բարեկամ ժողովուրդների միջև փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդման և խորացման ուղղությամբ Հայաստանի և Բելառուսի համակարգված ջանքերն ամբողջությամբ համապատասխանում են մեր երկրների շահերին:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»: