Հայ հրուշակագործների շրջանում նոր բունտ է հասունացել․ Սարգիս Յակոբյանը եւ Իսկուհի Համբարձումյանը «քանդել» են Հայաստանում այդ ոլորտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հրուշակագործների շրջանում նոր բունտ է հասունացել: ArmLur.am-ը հայ հրուշակագործներից պարբերաբար ահազանգեր է ստանում Taste of peace Jerusalem խոհարարների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Սարկիս Յակուբեանի եւ Taste of Peace Armenia-ի ներկայացուցիչ Իսկուհի Համբարձումյանի կեղծարարությունների վերաբերյալ:

Ինչպես մեզ ահազանգած հրուշակագործներն էին պնդում՝ Սարգիս Յակոբյանը եւ Իսկուհի Համբարձումյանը «քանդել» են Հայաստանում հրուշակագործության ոլորտը:
Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջիններս նվերներով, գումարով եւ դիպլոմներով փորձում են շահագրգռել Հայաստանի լավագույն հրուշակագործներին, այնուհետև, հայ հրուշակագործների միջոցով միջազգային տարբեր հարթակներում իրենց կազմակերպությունն են ներկայացնում, բայց իրականում, Հայասանը գրեթե ներկայացվածություն չի ունենում այդ միջազգային միցույթներին, այլ Սարգիս Յակոբյանը եւ Իսկուհի Համբարձումյանը, հայ հրուշակագործների միջոցով միայն իրենց կազմակերպությունն են գովազդում մրցույթների ժամանակ:

Մեզ ահազանգած հրուշակագործները պատմեցին, որ Իսկուհի Համբարձումյանն ապրում է Մինսկում և Հայաստան է գալիս միայն այն ժամանակ, երբ միջազգային մրցույթներ պետք է կազմակերպվեն:

Նա գալիս է Հայաստան, գումար է հավաքում հրուշակագործներից՝ նրանց սովորեցնելու համար, բայց իրականում ոչինչ էլ չի սովորեցնում, իսկ կարևոր պատվերների դեպքում էլ նա մեծ գումար է վերցնում պատվիրատուներից, բայց իրականում ինքը չի էլ պատրաստում, այլ գումարի մի փոքր մասը տալիս է իր աշակերտներին, նրանք էլ պատրաստում են պատվերը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մայիսի 19-21 Խորվաթիայում մրցույթ է եղել, Իսկուհի Համբարձումյանը եկել է Հայաստան, թիմ է հավաքել ու մեկնել են մրցույթի:
Ինչպես մեզ հրուշակագործները փոխանցեցին՝ օրեր առաջ էլ նա այցելել է «Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ ու դիպլոմներ, մեդալներ է հանձնել տնօրեն Սոնա Գրիգորյանին և վարժարանի հրուշակագործներին՝ Մարգարիտա Մանուչարյանին և Մարինե Ավետիսյանին։

Նշվում է, թե իբրև այս մարդիկ թիմային աշխատանքի համար են խրախուսվել, բայց իրականում նրանք որևէ մասնակցություն չեն ունեցել մրցույթի պատրաստական աշխատանքների մեջ:

Հիմա հրուշակագործների մեջ խոսակցություն է պտտվում, որ եթե նախկինում Սոնա Գրիգորյանը գումարով դիպլոմ էր վաճառում, ապա հիմա գնում է դիպլոմը:
Հիմա հրուշակագործների շրջանում դժգոհություններ է առաջացել, որ Սարգիս Յակոբյանը եւ Իսկուհի Համբարձումյանը ում ցանկանում, դիպլոմներ են տալիս, լավագույն հրուշակագործի կոչում են տալիս, միջազգային մրցույթների են տանում, բայց կան հրուշակագործներ, ովքեր իսկապես մասնագետ են, լավ փորձ ունեն, բայց քանի որ բավարար ֆինանսական միջոցներ չունեն, անտեսվում են, միջազգային մրցույթներում ներկայացվածություն չեն ունենում:
ArmLur.am-ը թեմայի առնչությամբ մեկնաբանություն է վերցրել նաև Սոնա Գրիգորյանից․

«Ես չեմ ուզում խառնվել այդ խոսակցություններին, բայց զրպարտանքն ամենավատ բանն է: Թիմային աշխատանք եղել է թե՛ 9-րդ, թե՛ 6-րդ ուսումնարանի կողմից, որտեղ նույնպես տիկին Իսկուհին դասընթացներ է արել, աշխատել է երեխաների հետ: Հրուշակագործները զրպարտում են, ես հիմա չեմ ուզում անուն տալ, բայց գիտեմ,՝ որտեղից է այդ խոսակցությունները գալիս: Իրականում տիկին Իսկուհին Վեդիից է գալիս ու քանի որ շատ հեռվից է նա գալիս, նա ինձ ասաց՝ չգիտի,թե որտեղ անցկացնի դասընթացը, ես էլ ասել եմ՝ 9-րդ ուսումնարանը մեծ տարածք ունի, այնտեղի տնօրենից խնդրի, մեկ սենյակ կտան, կաշխատեք, մեր տարածքը փոքր է, չի բավականացնում: 9-րդ ուսումնարանի տնօրեն Տոպոլյանը տեղեկացրել է նախարարությանը, անվճար տրամադրել են, այդտեղ որևէ խախտում չկա, երեխաներն աշխատել են նորմալ, ինչի՞ մասին է խոսքը, այսինքն՝ չե՞ն աշխատել ու մեդա՞լ են տվել նրանց, այդ մեդալները հանձնեն, պրծնե՞նք»,-ասաց Սոնա Գրիգորյանը:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաև Իսկուհի Համբարձումյանի հետ, սակայն նա անհասանելի էր, ավելի ուշ մեզ փոխանցեցին, որ հնարավոր է նա երկրում չէ։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս