Հայաստանը բաց է բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ երկրների հետ հարաբերություններում. ՀՀ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին ու Քարոլին Մուգարին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մշտապես ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և դեռևս 90-ականներից շատ լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի արդյունավետ ու կարևոր գործունեությանը:

Նախագահը մասնավորապես ընդգծել է, որ համագումարը միշտ կանգնած է եղել պետության կողքին և անշահախնդիր կերպով բազմաթիվ ծրագրեր իրականացրել և իրականացնում:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերները, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:

Հանրապետության նախագահը նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը գնահատելի և կարևոր է ամերիկյան և, ընդհանարապես, միջազգային հանրությանը Հայաստանի, մեր տարածաշրջանի և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ տալու համար:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ: Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությանը՝ նախագահը շեշտել է, որ Հայաստանը հանդես է գալիս առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ելակետից և հավատարիմ է այդ մոտեցմանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը անմիջական մթնոլորտում պատասխանել է նաև հյուրերի հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի վերաբերյալ տարբեր իրողությունների:




Լրահոս