Բերման ենթարկված անձ այլևս չի լինի. ՔԴՕ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում արդեն քննարկման դրված Քրեական դատավարության օենսգրքի նախագիծը սահմանում է, որ ցանկացած նիստ, որը դռնբաց է անցկացվել, այսուհետ, դատարանի որոշմամբ, կարող է նշանակվել նաև դռնփակ: Նախագծի համահեղինակներ, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն ու Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ երկօրյա սեմինարում հայտնեցին, որ նախագիծը ենթադրում է դռնփակ դատական նիստի կանխատեսում` կապված մասնակիցների առանձնահատկությունների հետ: Այսինքն` այլ չափանիշների հիման վրա դատարանի հիմնավոր որոշման դեպքում նիստը կարող է լինել ոչ հրապարակային, դռնփակ:

«Դռնփակ դատական նիստում պետք է որոշվի` նիստն ընթանալու է դռնբաց, թե դռնփակ: Ընդհանուր սահմանադրական չափանիշները կարիք ունեն կոնկրետացման և հստակեցման, քանի որ շատերի կողմից դրանք չեն հասկացվում»,-հիմնավորեց Մելիքյանը:

Ինչ վերաբերում է լրագրողների`դատական նիստերի մասնակցությանը, բանախոսները փոխանցեցին, որ գրառումներ կատարել հնարավոր է բոլոր դեպքերում, կատարել ձայնագրառում՝ միայն դռնբացում: Տեսագրում կամ լուսանկարահանում կթույլատրվի միայն դատարանի դիտողության և մեղադրյալի համաձայնության դեպքում: Եթե մեղադրյալը համաձայնություն չի տալիս, իսկ դատավորը թույլ տալիս է, անցողիկ է մեղադրյալի որոշումը:

Նշենք նաև, որ այսօրվա օրենսդրությամբ՝ դատարանը կաշկանդված է մեղադրական եզրակացության վերաորակավորում անելու հարցում, իսկ նոր նախագծով սահմանվում է վերաորակավորում անելու հնարավորություն, այսինքն` երբ մեղադրող կողմը հայտարարում է, որ մեղադրյալը կատարել է խուլիգանություն, դատավորը կարող է  սահմանել, որ մեղադրյալի կատարածը ոչ թե խուլիգանություն է, այլ՝ գողություն:

Նախագծով սահմանվում է նաև, որ «բերման ենթարկված անձ» տերմինի փոխարեն պետք է գործարկվի «ձերբակալված անձ» եզրույթը, 6 ժամ ձերբակալված մնալուց հետո անձը կկարողանա օգտվել մեղադրյալի իրավունքներից: Armlur.amի հարցին` արդյոք մեղադրյալի իրավունքներից օգտվելով` չի՞ խաթարվում անմեղության կանխավարկածը, Արման Թաթոյանը պատասխանեց, որ ձերբակալվածն այդ կերպ մեղադրյալ չի դառնում, քանի որ մինչև այդ կարգավիճակում հայտնվելը, որքան էլ երկուսն գտնվում են նույն օղակի մեջ, այնուամենայնիվ,  ձերբակալված անձն ունենում է մի շարք իրավասություններ:

Բանախոսների փոխանցմամբ` անձը պետք է ունենա նվազագույն իրավունքներ. պետք է նրան գրավոր տեղեկացվի իր իրավունքների և պարտականությունների մասին, նա պետք է իմանա ձերբակալման պատճառները, ցանկության դեպքում պահպանի լռություն, իր ընտրած անձին տեղեկացնի իր գտնվելու վայրի մասին, հրավիրի փաստաբանի, ենթարկվի բժշկական զննման, այդ թվում` սեփական բժշկի կողմից: Նոր նախագծով՝ ձերբակալումը չի կարող տևել 72 ժամից ավել, իսկ գործը դատարան պետք է տարվի 60 ժամվա ընթացքում, որպեսզի դատարանը կարողանա 12 ժամվա ընթացքում որոշում կայացնել: Եթե 72 ժամվա ընթացքում որևէ ապացույց կամ պատճառաբանություն չի ներկայացվում, անձը պետք է ազատ արձակվի:

Իրավաբանները լրագրողներին տեղեկացրին նաև, որ անձի նկատմամբ կալանք կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ խափանման միջոցների կիրառումը բավարար չէ անօրինական արարքները կանխելու համար, իսկ խափանման միջոց կկիրառվի միայն մեղադրյալի նկատմամբ:

«Մինչդատական վարույթում կալանքը չի կարող գերազանցել 1 ամիսը, ոչ շատ ծանր հանցագործության դեպքում` 2 ամիսը, միջին ծանրության հանցագործության դեպքում` 4 ամիսը, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում` համապատասխանաբար 10 և 12 ամիսը:

Նոր նախագծով «ամբաստանյալ» արտահայտությանը կփոխարինի «մեղադրյալ» տերմինը:




Լրահոս