American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հետազոտությունը նոր տվյալներ է ներկայացնում քիչ ուսումնասիրված հարցի վերաբերյալ՝ ինչպես են բուսական սննդի գերակշռությամբ դիետաներն ազդում երեխաների առողջության վրա:
Վերջին տարիներին ավելացել է հետաքրքրությունը բուսական սննդի գերակշռությամբ դիետաների նկատմամբ։ Պատճառներից մեկը, թե ինչու են մարդիկ անցնում բուսակերական կամ վեգանական դիետաների, առողջության մասին հոգալն է: Սնվելու վերաբերյալ շատ ուղեցույցներ խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ուտել բուսական ծագման մթերքներ: Բուսական դիետաների ազդեցությունը հիմնականում ուսումնասիրվել է մեծահասակների մոտ: Հայտնի է, որ բուսակերությունը եւ վեգանությունը նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը, սակայն մեծացնում են կոտրվածքների հավանականությունը, քանի որ բուսական սնունդը քիչ կալցիում է պարունակում:
Սակայն բավականաչափ հայտնի չէ, թե ինչ կողմնակի ազդեցություններ կարող է ունենալ սննդակարգից սննդի ամբողջական խմբերի բացառումը երեխաների վրա: Նոր հետազոտությանը մասնակցել է 5-ից 10 տարեկան 187 առողջ երեխա: Նրանցից 60-ը եղել են բուսակերներ, 50-ը՝ վեգաններ, իսկ 70-ը սնվել են բոլոր տեսակի սնունդով (հսկիչ խումբ): Նրանք բոլորը մեկ տարուց ավելի հետեւել են նշված դիետաներին։ Երկու շաբաթվա ընթացքում սննդի բնույթը հստակեցնելու համար ծնողները մանրամասն գրել են, թե ինչ են ուտում երեխաները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնք կերել են միայն բուսական սնունդ, սրտանոթային առողջության ավելի լավ ցուցանիշներ են ունեցել (մարմնի քաշ, լիպիդների եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակ եւ այլն): Մասնավորապես, վեգանական դիետան կապված է եղել արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինի («վատ» խոլեստերինի) մակարդակի 25 տոկոսով նվազման հետ՝ ի տարբերություն միս ուտողների հետ:
Միեւնույն ժամանակ, ի զարմանս գիտնականների, այն երեխաները, որոնք բուսական սնունդով դիետայի են հետեւել, սրտանոթային համակարգի առողջական պրոֆիլը մոտ է եղել այն երեխաների ցուցանիշներին, որոնք կերել են ամեն տեսակի սնունդ: Վեգանների համեմատ՝ նրանց մոտ անոթի ժամանակ գլյուկոզայի, շատ ցածր խտության լիպոպրոտեինների եւ տրիգլիցերիդների մակարդակն արյան մեջ բարձր է եղել։
«Սկզբում մենք զարմացած էինք բուսակեր երեխաների սրտանոթային առողջության վիճակով, սակայն նրանց սննդակարգի տվյալները ցույց տվեցին, որ նրանք ուտում էին վերամշակված բուսական սնունդ, որոնցում բջջանյութի եւ շաքարի մակարդակն այնքան էլ առողջ չէ, որքան վեգանների սննդակարգում: Մենք տեսնում ենք, որ միայն բուսական մթերքներ ուտելը բավարար չէ, մենք դեռ պետք է առողջ սնունդ ընտրենք»,-ասել է Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Վարշավայի մանկական առողջության հիշատակի ինստիտուտի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Մալորժատա Դեսմոնդը: Վեգան երեխաները միջինը 3 սանտիմետրով ավելի ցածրահասակ են եղել, քան այլ կերպ սնվող երեխաները, նրանց մոտ աճած է եղել վիտամին B12-ի պակաս, ոսկորներում հանքային նյութերի պարունակությունը 4-6 տոկոսով ցածր է եղել: Գիտնականները նշում են, որ վեգանական դիետայում ավելի քիչ են B12 եւ D վիտամինները, ինչպես նաեւ կալցիումը: Սա կարող է բացատրել նրանց մոտ հայտնաբերված զարգացման առանձնահատկությունները: Սակայն հետազոտության հեղինակները կարծում են, որ այդ թերությունները կարելի է փոխհատուցել այդ նյութերով սննդային հավելումների ռացիոնալ օգտագործմամբ։
Հեղինակները գրում են, որ ներկայումս հայտնի չէ, թե արդյոք նկարագրված խնդիրները (վիտամինների պակասը, ոսկրերի ավելի ցածր հանքային խտությունը եւ ցածր հասակը) կպահպանվեն հասուն տարիքում, եւ արդյոք դրանք ապագայում կազդեն առողջության վրա: Պարզելու համար, թե արդյոք վեգանական դիետան է իսկապես դրա պատճառը, պետք է լրացուցիչ հետազոտություններ արվեն:
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան՝ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, եւ մեկ հողամաս՝ Նոյեմբերյան քաղաքում: Աղաջանյանը հայտարարագրել է 2 մոտոցիկլ՝ YAMAHA 2020 թվականի արտադրության եւ Parvaz GL մակնիշի, որը 2013 թվականի արտադրության է, նաեւ 2013 թվականի արտադրության Nissan մակնիշի ավտոմեքենա, որոնք տարեվերջին պահպանվել են: Նախկին DJ Ed Ward-ը հայտարարագրել է աշխատանքի վարձատրության դիմաց ստացած գումար ՀՀ Ազգային ժողովից՝ 9 մլն 377 հազար դրամ: Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 635 հազար դրամ: Կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 300 հազար դրամ, իսկ բանկային դրամական միջոցները՝ 812 հազար դրամ: Էդուարդ Աղաջանյանը հայտարարագրել է նաեւ մեկ բնակարան, որը փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է ՔՊ-ական պատգամավորի կողմից: Այսպիսով, Էդուարդ Աղաջանյանի եկամուտը, ըստ 2022 թվականի հայտարարագրի, կազմում է 9 մլն 477 հազար դրամ:
Մայիսի 5-ին կայացած ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում: Նախկին DJ-ը հարցին, թե արդյոք իր մասնակցությամբ խնջույքները թմրանյութերով են անցնում, պատասխանեց. «Իմ ասածը ուղիղ իմաստով մի՛ հասկացեք. ես կարծում եմ՝ հասարակությունը լավատեղյակ է՝ ես ինչի մասին եմ խոսում, եւ իմ ասածի մեջ որեւէ արտառոց բան չկա»: Իշխանական պատգամավորի այս հայտարարությունը որեւէ ընթացք չստացավ: Նկատենք, որ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ բնակվող անձ Վիկտորյա Այդինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրրդականն է, սակայն Վիկտորյա Այդինյանի հայտարարագրում համատեղ բնակվող անձանց մեջ Էդուարդ Աղաջանյանը չկա, միայն Այդինյանի ընտանիքի անդամներն են:
Այդինյանը հայտարարագրել է բնակարան, որը, ինչպես Էդուարդ Աղաջանյանի դեպքում, փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է խորհրդականի կողմից: Վիկտորյա Այդինյանի բանկային դրամական միջոցները կազմում են 1 մլն 616 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 800 հազար դրամ: Փոխվարչապետի խորհրդականը աշխատանքի վարձատրության դիմաց «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամից ստացել է 2 մլն 697 հազար դրամ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սոնա Գարեգինի Հակոբյանը կորցրել է AK115737 համարի դիպլոմը՝ տրված Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի կողմից: Տնօրենի՝ 21.06.2013թ. թիվ 97 հրամանի համաձայն՝ ձեռք է բերել քոլեջում «Դիզայն» մասնագիտությունը:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՉԻ ԳՈՐԾԻ
Հարգելի՛ հաճախորդներ,
տեղեկացնում ենք, որ «Յունիբանկ»-ի «Աջափնյակ» մասնաճյուղում /Երեւան, Մարգարյան 29/11/ 19.06.2023թ.-02.01.2024թ. ներառյալ իրականացվելու են վերանորոգման աշխատանքներ, որոնց պատճառով նշված ժամանակահատվածում հաճախորդների սպասարկում չի իրականացվի: «Աջափնյակ» մասնաճյուղն իր աշխատանքը կվերսկսի 03.01.2024թ.-ից:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար եւ առաջարկում այդ ժամանակահատվածում սպասարկվել «Յունիբանկ»-ի մոտակա այլ մասնաճյուղերում՝
«Գեւորգ Չաուշ» /Երեւան, Բաշինջաղյան 188/5-6/,
«Դավիթաշեն» /Երեւան, Դավիթաշեն 4-րդ թաղ. 11շ. հ 92/:
«Յունիբանկ»-ի մասնաճյուղերի հասցեներին եւ աշխատաժամերին կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքում:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55:
«Յունիբանկ»-ը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
ԾԱԽՍԵՐ՝ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ներկայիս կառավարությունը մինչեւ 2020-ի 44-օրյա պատերազմի մեկնարկը սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռք բերման համար ծախսել է 608 մլրդ դրամ, եւ հավելում, որ 2008-ից մինչեւ 2018-ի մայիս այդ նպատակի համար իրականացվել է 354 մլրդ դրամի ձեռքբերում:
Փաշինյանն այս մասին ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում:
Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարության ուշադրության կենտրոնում է եղել բանակի արդիականացման թեման ոչ այն պատճառով, որ ի սկզբանե պատերազմը համարել է անխուսափելի, այլ այն պատճառով, որ բանակի մարտունակության բարձրացումը կարող էր էականորեն բարելավել Հայաստանի բանակցային դիրքերը: Նա հիշեցրեց՝ 2018-2020թթ. կայացվել են բանակի մարտունակության բարձրացման համար էական որոշումներ, էականորեն բարձրացվել է զինվորականների աշխատավարձը, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի խոշոր գնումներ են իրականացվել:
«2018-2020 թթ. 44-օրյա պատերազմի մեկնարկը, այսինքն՝ 2 տարի 4 ամսում, Հայաստանի կառավարությունը սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռք բերման համար ծախսել է շուրջ 608 մլրդ դրամ: Համեմատության համար ասեմ, որ 2008թ հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի մայիսը, այսինքն՝ 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ կառավարություններն այդ նպատակի համար ծախսել են 354 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք 2 տարում իրականացրել ենք 10 տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակին»,-ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ որեւէ մեկը չի կարող ասել, որ 2018-ին՝ իր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, բանակում որեւէ բան չի արվել այն պատճառով, որ կառավարությունն ասել է՝ փող չկա: Փաշինյանն ամենամեծ ապացույցը համարեց «ՍՈՒ-30»-ների ձեռքբերումը: «Ես ասել եմ՝ ինչ պետք է բանակին, մենք դա կապահովենք, եւ ձեր խնդիրը չէ, թե ոնց»,-նշեց նա: