Թատերական բեմադրություններ, վարպետության դասեր, երաժշտություն, ազգային պարեր եւ խաղեր, ավանդական ուտեստներ եւ շրջայց պատմական հին գյուղեր. Տաթեւում hունիսի 24-25-ին կայանալու է Սյունիքի պատմության եւ լեգենդների՝ «Սարերում» իմերսիվ փառատոնը։ Ինչպես տեղեկանում ենք IDeA հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, երկօրյա փառատոնի ծրագիրը ներառում է բազմազան միջոցառումներ՝ միտված Սյունիքի մշակութային եւ գաստրո տուրիզմի զարգացմանը։
Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու տարատեսակ միջոցառումների, միեւնույն ժամանակ վայելելու Սյունիքի լեռնային համայնապատկերն ու «ՏաԹեւեր» ճոպանուղու տպավորիչ թռիչքը Որոտանի կիրճի վրայով, որի հանգրվանն է միջնադարյան հոգեւոր, կրթական եւ ճարտարապետական նշանավոր կոթողներից մեկը՝ 9-րդ դարի Տաթեւի վանական համալիրը։
«Փառատոնները շատ կարեւոր դեր ունեն զբոսաշրջության ոլորտի համար։ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն զարգացնում է զբոսաշրջությունը 4 հիմնական ուղղություններով՝ արկածային, մշակութային, գաստրո եւ բնություն։ Այս բոլոր 4 ուղղությունները ներկայացված կլինեն «Սարերում» փառատոնի շրջանակներում, որը շատ կարեւոր է զբոսաշրջային հոսքեր ներգրավելու տեսանկյունից։ Մենք միշտ ցանկություն ունենք ստեղծելու հետաքրքիր միջոցառումներ միջազգային զբոսաշրջիկների համար Հայաստանը գրավիչ ուղղություն դարձնելու նպատակով: Կարեւորելով միջազգային շուկան՝ Կոմիտեն իրականացնում է ճանաչողական այցերի ծրագիրը, որի շրջանակում հյուրընկալում ենք տարբեր երկրներից մեդիա ներկայացուցիչների եւ բլոգերների։ «Սարերում» փառատոնին ներկա են լինելու Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից եւ Ավստրիայից հանրաճանաչ պարբերականների ներկայացուցիչներ»,- նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Փառատոնը կընթանա մի քանի ուղղությամբ՝ ներգրավելով տարբեր տարիքային խմբերի հետաքրքրություններ. Տաթեւի վանքի մոտ տեղի կունենա «Սյունիքի պատմություն. ճամփորդություն ժամանակի միջով» ինտերակտիվ բեմադրությունը՝ Սյունիքի պատմական իրադարձությունների եւ ականավոր դեմքերի մասին, որից հետո այցելուները կմասնակցեն ազգային խաղերի ու պարերի։
«ՏաԹեւեր» ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ ողջ օրն ընթանալու է տոնավաճառ, որտեղ տեղացի արհեստավորները ցուցադրելու են տարածաշրջանի ավանդական արհեստները, իսկ այցելուների համար անցկացվելու են վարպետության դասեր։ Երաժշտական ծրագրի շրջանակում ելույթ է ունենալու «Միքայել Ոսկանյան եւ Թառափ տրիո» խումբը։ Նախատեսված է նաեւ DJ-ով պարահրապարակ, մանկական ժամանցի եւ հանգստի մեծ գոտի։
Փառատոնի շրջանակում սյունեցի դերասանների ներգրավվածությամբ կկայանա «Միջնադարյան ընթրիք ազնվական Օրբելյանների ընտանիքի հետ» հատուկ ճաշկերույթ-բեմադրությունը։
Կիրականացվի նաեւ շրջայց դեպի Հին Հալիձոր գյուղ՝ դիտելու «Տեղական ապրելակերպ 17-րդ դարում» ինտերակտիվ ներկայացումը, իսկ փառատոնի երկրորդ օրն այցելություն կլինի Հին Խնձորեսկ գյուղ։
«Մեր նպատակն է «Սարերում» փառատոնի շնորհիվ խթանել զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիք՝ Տաթեւ, ինչպես նաեւ ներկայացնել Սյունիքի հարուստ պատմությունն ու մշակույթը թատերական բեմադրությունների ու խաղերի միջոցով։ Հուսով ենք՝ փառատոնի այցելուները կգնահատեն սյունեցիների հյուրընկալությունը, կվայելեն լեռնային գեղեցիկ տեսարաններն ու կանցկացնեն ուրախ հանգստյան օրեր: Փառատոնը նշանակալից է նաեւ նրանով, որ զբոսաշրջիկների նոր հոսքը դեպի Տաթեւ կունենա դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն ամբողջ համայնքի վրա»,- ասել է փառատոնի նախագծի ղեկավար Անի Դավթյանը։
«Սարերում» փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչներն են «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը, «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը, «Իմպուլս մենեջմենթ» ընկերությունը եւ «ՏաԹեւեր» ճոպանուղին:
«ՏաԹեւերն» աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է, որը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող ծրագրի՝ «Տաթեւի Վերածնունդ» հիմնադրամի մի մասն է, որից ստացված շահույթն ուղղվում է Տաթեւի վանքի վերականգնմանը եւ հարակից տարածքների զարգացմանը։ «ՏաԹեւեր» ճոպանուղու նախագիծը կառավարվում է «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի»-ի կողմից։
«Տաթեւի Վերածնունդ» հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի հիմնական նպատակներն են Տաթեւի վանքի վերականգնումը, մարզի համայնքների զարգացումը, մարզում նոր աշխատատեղերի եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, Տաթեւի զբոսաշրջային ուղղության զարգացումը եւ տեղական ձեռնարկատերերին աջակցության տրամադրումը։
ՀԱՅՏՆԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՍՆԿԱՅԻՆ ՎԱՐԱԿՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ
Բրիտանացի երգչուհի Ադելը պատմել է, որ Լաս Վեգասում ելույթ ունենալիս սնկային վարակ է ստացել շատ քրտնելուց։ Այս մասին հաղորդում է Page Six-ը։
«Ես շատ եմ քրտնում, եւ դրանից շրջանցելու հնարավորություն չկա: Բեմում ես ուղղակի եռում եմ իմ քրտինքի մեջ»,- կիսվել է Ադելը։ Երգչուհու խոսքով՝ բժիշկն իր մոտ սնկային վարակ է ախտորոշել, որը հայտնի է որպես «մարզիկների քոր»։ Աստղը բացատրել է, որ վարակը ստացել է իր անվանումը, քանի որ այն տարածված է «մկանուտ» մարդկանց մոտ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում մարզասրահում։ Հիվանդությունը դրսեւորվում է որպես քոր առաջացնող ցան եւ առավել հաճախ ախտահարում է ձեռքերի ու ազդրերի ներքին մակերեսը։ Այժմ Ադելը ցանից փորձում է ազատվել բժշկի նշանակած հատուկ քսուքով։
«Ես չգիտեմ, թե ինչու հենց այս պահին պատմեցի Ձեզ այս ամենի մասին։ Այժմ տաբլոիդները կգրեն. «Ադելը մարմնի վրա պզուկներ ունի»»,- կատակել է աստղը։
Ադելը Լաս Վեգասի Caesars Palace համերգային դահլիճում 60 ելույթների պայմանագիր է կնքել: Մայիսի կեսերին New York Post-ի ինսայդերները հայտնեցին, որ երգչուհին յուրաքանչյուր համերգի համար ստանում է մոտ 2 միլիոն դոլար։
Նա ավարտեց պայմանագրի առաջին մասը՝ բաղկացած 26 ելույթից, մինչեւ ապրիլի 16-ը։ Առաջիկայում կա եւս 34 շոու։ Նշվում է, որ Ադելի ելույթի համար համերգասրահի ամենաէժան տոմսն արժե մոտ 600 դոլար։
ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆԸ
Հայաստանի թիմը նվաճեց Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված կայծակնային շախմատի «Եվրոպայի զույգ» առաջնության չեմպիոնի տիտղոսը. հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ Մրցաշարը Եվրոպական խաղերի ծրագրով էր։ Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը եւ Էլինա Դանիելյանը: Անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանը գրավեց առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց առաջին տեղը: Լավագույն եռյակում են նաեւ Նիդեռլանդների եւ Ադրբեջանի թիմերը:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ ՏՂԱՆԵՐԻՆ
Երեւանում կայացավ «Եվրո-2024»-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հանդիպմաումից հետո իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Ֆունկցիոնալ առումով բավականին դժվար էր մեր ֆուտբոլիստների համար։ Շնորհակալ եմ տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին։
Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից գոհ եմ։ Նրանք թարմություն մտցրեցին։ Շատ գոհ եմ նրանց խաղից, նվիրումից»,- ասել է մարզիչը։
ՏԻԿՆԻԶՅԱՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է «Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի Հայաստան – Լատվիա հանդիպման լավագույն խաղացող՝ WhoScored-ի վարկածով։ Ազգային թիմում առաջին գոլը խփած 24-ամյա ֆուտբոլիստը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 7,9։
Հայաստանի հավաքականն առավելության էր հասել 2:1 հաշվով եւ D խմբում երկրորդն է՝ 6 միավոր։
«Եվրո-2024», ընտրական մրցաշար, չորրորդ տուր
D խումբ
Հայաստան – Լատվիա՝ 2:1
Նաիր Տիկնիզյան, 35, Տիգրան Բարեղյան, 90+1, 11մ – Ռոբերտս Սավալնիեկս, 67
Հայաստան
- Օգնյեն Չանչարեւիչ, 3. Վարազդատ Հարոյան (ա), 4. Գեորգի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 6. Ուգոչուկվու Իվու (18. Հովհաննես Հարությունյան, 90+5), 8. Էդուարդ Սպերցյան, 10. Լուկաս Սելարայան (9. Արթուր Սերոբյան, 77), 14. Նորբերտո Բրիսկո, (23. Վահան Բիչախչյան, 33), 17. Հրանտ-Լեոն Ռանոս (11. Տիգրան Բարսեղյան, 77), 20. Արտակ Դաշյան, 21. Նաիր Տիկնիզյան:
Պահեստայիններ՝ 12. Ստանիսլավ Բուչնեւ, 16. Արսեն Բեգլարյան, 2. Դավիդ Դավիդյան 7. Ժիրայր Շաղոյան, 13. Սերգեյ Մուրադիան, 15. Ժիրայր Մարգարյան, 19. Վբեյմար Անգուլո, 22. Էրիկ Փիլոյան: