ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ԶՈՒՐԿ ԵԼՔ ՈՒ ՄՈՒՏՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախն ամբողջությամբ պաշարման մեջ է: Հովհարային անջատումների պատճառով այնտեղ ջրի լուրջ խնդիր է հասունացել, քանի որ միայն Սարսանգի ՀԷԿ-ն է աշխատում, սննդի եւ դեղորայքի հարցն Արցախում եւս օրհասական է:

 

«Ժողովուրդ» օրաթերթն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ: Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ ապրիլ ամսից անցակետ էր  տեղադրել՝ լիակատար շրջափակելով Արցախը:

-Իրավիճակը իսկապես շատ ծանր է, քանի որ մենք լրիվ պաշարման մեջ ենք եւ խեղդամահ ենք լինում: Այսպիսին է իրավիճակը  իր բոլոր հետեւանքներով:

-Պարո՛ն Բաբայան, Արցախի կառավարությունը հայտարարություն տարածեց, որ հովհարային անջատումների հետեւանքով ջրի խնդիր է առաջացել Արցախում: Այս մասին ի՞նչ կասեք:

-Դա այդպես է, որովհետեւ հիմա գրեթե միայն  Սարսանգի ՀԷԿ-ն է աշխատում, ունի շատ սահմանափակ ռեսուրսներ եւ երկար ժամանակ չի կարող գործել: Կան նաեւ մեկ-երկու փոքր ՀԷԿ-եր, որոնք մեծ նշանակություն չունեն: Շուտով, երբ ջուրը կսպառվի, մենք կհայտնվենք ծայրաստիճան կրիտիկական իրավիճակում:

-Իսկ սնունդի ու դեղորայքի հարցը ինչպե՞ս է, պարո՛ն Բաբայան:

-Շատ վատ է, եւ՛ սննդի պակաս կա, եւ՛ դեղորայքի պակաս կա: Պատկերացրե՛ք՝ Երեւանի նման քաղաքը մոտավորապես 10 օր չունենա պաշարներ, էլ չեմ ասում 7-8 ամսվա շրջափակման մասին, որը կտրուկ նվազեցրել է բեռնափոխադրումները: Միայն հումանիտար նպատակներով մի կերպ հասնում են Արցախ, դուրս բերում հիվանդներին եւ այլն: Հիմա դա էլ չկա:

-Պարո՛ն Բաբայան, իսկ արցախցիները շարունակու՞մ են օգտվել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետից, որը ադրբեջանցիներն էին տեղադրել եւ ամեն կերպ ցանկանում էին խոչնդոտել արցախցիների ելք ու մուտքը:

-Իհարկե ոչ, արդեն բոլորն էլ փակված են: Նույնիսկ հիվանդներ տեղափոխել չենք կարողանում: Սա ոչ այլ ինչ է, քան սպանությունն այս մարդկանց: Ոչ ոք չի օգտվում: Փակ է: Նորից եմ ասում՝ նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց Կարմիր խաչը կամ ռուս խաղաղապահները չեն կարողանում դուրս բերել: Որեւէ մեկին չի թուլատրվում ելք ու մուտք անել:

-Պարո՛ն Բաբայան, այս իրավիճակում Դուք ի՞նչ ելք եք կանխատեսում:

-Նյութական դժվարությունները իսկապես շատ ծանր բան են, բայց միակ խնդիրը սա չէ: Այս ամենը ածանցյալ է այլ հարցերի: Մենք որեւէ մեկին չպետք է մեղադրենք, քանի որ մենք ունենք այդպիսի հիվանդագին սովորություն: Մեղադրում ենք բոլորին, բայց ոչ մեզ: Նույնիսկ թուրքին պետք չէ մեղադրել, որովհետեւ իրենք դրա մասին բացեիբաց հայտարարում են: Նախ պետք է փորձենք ինքներս մեր մեջ տեսնել, թե ինչ հարցեր ու սխալներ կան, որոնք պետք է շտկվեն:

Եթե մեզ համար Արցախը լինի սրբություն, եւ պայքարենք Արցախի համար, կարծում եմ՝ իրավիճակն ավելի լավ կլիներ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի որոշմամբ՝ նախատեսվում է ձեւավորել նախարարին կից նոր հասարակական խորհուրդ։ Նախկին խորհրդի կազմը լուծարվել է։

 

Այսպիսով, խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական  ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։

Պետք է ակտիվ եւ գործուն մասնակցություն ունենա բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։

Տարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա մասնագիտական եզրակացություններով ու առաջարկություններով:

Համագործակցի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում իր գործունեության մեջ ներգրավի նաեւ համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների:

Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդը բնապահպանական պլանների, ծրագրերի, քաղաքականության մշակմանը հասարակայնության մասնակցությունը համակարգող անկախ խորհրդատվական կառույց է։

Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։

Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը հնարավոր է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։

Հայտի մեջ պետք է ներառել՝

l անուն, ազգանուն,

l կազմակերպության անուն,

l կազմակերպության/անհատի վերջին երեք տարվա գործունեության համառոտ նկարագիր,

l եթե կազմակերպություն է, ղեկավար կազմի տվյալները,

l ինչ այլ հասարակական կազմակերպությունների/նախաձեռնությունների հետ է համագործակցում,

l բնապահպանության ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, դրանց լուծմանն ուղղված նախատեսվող գործողությունների հակիրճ նկարագրություն,

l հեռախոսահամար,

l էլեկտրոնային հասցե:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունիսի 30-ն է։

 

 

 

 

 

ԲԴԽ-ՈՒՄ ԱՇԽԱՏԵԼԸ՝ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՊԱՇՏՈՆ

Հայաստանի դատական իշխանության անկախության թիվ մեկ երաշխավոր Բարձրագույն դատական խորհրդի կազմում աշխատելը դատական համակարգում դարձել է անցանկալի պաշտոն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների  համաձայն՝ հայաստանյան մի շարք դատարանների նախագահներ, ստանալով ԲԴԽ անդամ դառնալու առաջարկ, մերժել են: Հիմա քաղաքական իշխանությունները փնտրտուքի մեջ են:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արարատի  մարզի դատարանի նախագահ Հարություն Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզի  դատարանի նախագահ Սերոբ Մանուկյանը ստացել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ լինելու առաջարկներ, սակայն հրաժարվել են աշխատել: Նրանց համաձայնության դեպքում դատավորներն իրենք պետք է ընտրեին իրենց միջից դատավորների՝ ԲԴԽ անդամ դառնալու համար:

Իսկ ինչու՞ է ԲԴԽ-ն անդամ փնտրում: Բանն այն է, որ 2023 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրված է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով: Ենթադրվում է, որ օրակարգում լինելու է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը, քանի որ Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի լիազորությունները հունիսի 16-ից համարվում են դադարած, եւ նրա տեղը թափուր է մնում:

Նշենք, որ հունիսի 16-ին Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարեցվեցին՝ իր դիմումի համաձայն։

Մեսրոպ Մակյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է 2019 թվականից։

2022 թ.-ին նշանակվել է նաեւ Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր եւ ԲԴԽ անդամից հրաժարվեց, քանի որ, ըստ լուրերի, նա նշանակվելու է  Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում։

 

 

 

 

ՀՅԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՆԱՄԱՅՈՒՄ

Պանամայում հունիսի 22-25 տեղի կունենա Ընկերվար երիտասարդների միջազգային միության (ԸԵՄՄ / International Union of Socialist Youth) ընդհանուր ժողովը, որին մասնակցում են ՀՅԴ Երիտասարդականի անդամ Հասմիկ Բուրուշյանը եւ ՀՅԴ-ի կողմից ԸԵՄՄ-ի փոխնախագահ Սարինե Աբրահամյանը: ՀՅԴ-ից հայտնում են, որ ԸԵՄՄ ընդհանուր ժողովը միության բարձրագույն ժողովն է, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, եւ որտեղ հաշվետվություն է ներկայացվում նախագահության կողմից, ընտրվում նոր նախագահություն եւ ճշտվում միջազգային միության եւ իր անդամ կազմակերպությունների առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Ժողովի օրակարգում ընդգրկվել է նաեւ Արցախյան հիմնախնդիրը, մասնավորապես՝ Արցախի շարունակվող շրջափակումը:

Ընդհանուր ժողովին հունիսի 26-30 կհաջորդի ԸԵՄՄ -ի ամառային քաղաքական ճամբարը (IUSY Festival), որտեղ կլինեն տարբեր ձեւաչափերով քննարկումեր, աշխատանքային խմբակներ, եւ առիթ կստեղծվի յուրաքանչյուր պատվիրարկությանը ներկայացնել իր կազմակերպությունն ու երկիրը: Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը Ընկերվար-Միջազգայնականի (Սոցիալիստական Ինտերնացիոնալ) ուղեկից երիտասարդական կազմակերպությունն է, որին անդամակցում են ավելի քան 163 կազմակերպություններ՝ աշխարհի շուրջ 110 երկրներից։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրավ անդամ է։

 




Լրահոս