ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար, Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սարգիս Խանդանյանը:
«ԵԱՀԿ ԽՎ 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը քվեարկությամբ հաստատել է մի շարք կարևոր դրույթներ.
ՎԵՀԱԺՈՂՈՎԸ
Կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
Կոչ է անում ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման,
Կոչ է անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ձևավորել դրական օրակարգ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով,
Կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձանց և ճշտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած բոլոր անձանց ճակատագրերը, պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և աջակցել ականազերծման գործընթացին,
Խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ՝ հիմք ընդունելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը,
Ողջունում է Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և փոխվստահության կառուցմանը»,- գրել է նա։