Իվանիշվիլին Սաակաշվիլիի հետ նույնպես մոտիկ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ողջունեց չորս ոչ կոալիցիոն ուժերի համատեղ գործունեությունը և ուրախությամբ նշեց, որ դե ֆատկո այսօրվա քաղաքական դաշտը ձևավորում է այդ ուժերի համագործակցությունը»,-Armlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթին:

«Տեր-Պետրոսյանը ֆիքսեց, որ երկրում կա իշխանափոխության հասարակական պահանջ: Այլ խնդիր  է, որ այդ պահանջի իրականացման համար կան տարաձայնություններ: Քաղաքական ուժերի մի մասը համարում է, որ պետք է անել արագ և ամբողջական իշխանափոխություն, մյուս մասը դա այդքան էլ իրատեսական չի համարում, դրա փոխարեն կողմնակից է իշխանափոխության փուլային տարբերակին:

Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ ՀԱԿ-ն ավելի արագ, ռադիկալ ու ամբողջական իշխանափոխության կողմնակից է՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դեմ չէ և կաջակցի, եթե որոշվի գնալ երկրորդ տարբերակով»,-մանրամասնեց Բոզոյանը՝ հավելելով, որ դրանով Լևոն Տեր-Պետրոսյանն ամրագրեց ՀԱԿ-ի կառուցողական դիրքորոշումը:

Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հռետորական հարցադրմանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինչով է պակաս Վրաստանի վարչապետից, նկատեց, որ այժմ 4 ոչ իշխանական ուժերի միջև քննարկվում է կառավարության անվստահության հարցը, ինչից հետևում են քննարկումներ, թե ինչպես այն պետք է պահանջել:

«Մի տեսակետն այս է՝ պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մեկ այլ տեսակետի համաձայն՝ պետք է գնալ փուլային տարբերակով. սկզբնական փուլում ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, որի կոնտեքստի մեջ, Լևոն Տեր-Պետրոսյանն ակնարկեց, առանցքային դեր կարող է կատարել նաև ԲՀԿ առաջորդ Ծառուկյանը: Նա կարող է կոնսոլիդացնել պետական իշխանական շրջանակների մի մասը, որոնք վախենում են ավելի ռադիկալ ձևակերպումներից և ռադիկալ բանաձևեր հնչեցնող քաղաքական գործիչներից: Տեր-Պետրոսյանն ակնարկեց, որ նման ձևով Իվանիշվիլին Վրաստանում կարողացավ հաջողության հասնել»,- ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Իվանիշվիլին Սաակաշվիլիի հետ նույնպես մոտիկ էր, մինչ 2011 թվականն աջակցում էր Սաակաշվիլիին:

Բոզոյանի խոսքով՝ Իվանիշվիլիի ու Սաակաշվիլիի միջև տարաձայնություններն առաջացան երկրում վարվող տնտեսական քաղաքականանության պատճառով, ինչի արդյունքում օրգտագործելով իր լծակները՝ կարողացավ աջակցել քաղաքական մյուս ուժերին և հասավ հաջողության: 

Զրուցեց Լիլիթ Լալայանը




Լրահոս