ՀԵՌԱԽՈՍ՝ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, 42-ամյա քույրը դուրս է եկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի իր տանից եւ չի վերադարձել։

 

Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-որոնողական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում կինը չի հայտնաբերվել:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: 42-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային եւ քննչական գործողություններ, այդ թվում՝ 42-ամյա կնոջ հեռախոսի տեղայնացման, ինչպես նաեւ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվել է, որ տուժողի Iphone 13 pro max մոդելի հեռախոսը 2023 թվականի հունիսի 20-ին վաճառվել է Երեւան քաղաքում:

Իրականացված անհետաձգելի քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում, ինչպես նաեւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների շնորհիվ նշված հեռախոսը վաճառած, ինչպես նաեւ այն ձեռք բերած անձինք հայտնաբերվել եւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Վերջիններս հարցաքննության ժամանակ ներկայացրել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով նրանցից մեկը՝ 18-ամյա մի երիտասարդ, ձերբակալվել է։

Քննությամբ պարզվել է, որ 42-ամյա կինը սպանվել է հունիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում։ Դեպքի օրը տուժողը Փարաքարում հանդիպել է իր 18-ամյա ծանոթի հետ։ Կնոջը պատկանող ավտոմեքենայով նրանք շրջել են, ապա մեքենան կայանել «Ծիրանանոց» կոչվող հատվածում։ Երիտասարդը, 42-ամյա կնոջը պատկանող I phone 13 pro max մոդելի հեռախոսին տիրանալու եւ նրա ավտոմեքենան շահագործելու շահադիտական դրդումներով, սպանելու դիտավորությամբ աջ ձեռքով բռնել է կնոջ պարանոցից եւ ձախ ձեռքը դնելով նրա գլխի հետին հատվածին՝ հրելու եւ պարանոցը սեղմելու միջոցով կատարել է խեղդող հնարք՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

Ապա 18-ամյա երիտասարդը կպչուն ժապավենով կապել է տուժողի ձեռքերը, ոտքերը եւ բերանը, մեքենայով նրան տեղափոխել Փարաքար համայնքի գերեզմանատանը հարակից տարածքում գտնվող, չշահագործվող քարի արտադրամաս։ Դին հրելով գցել է տարածքում առկա ձորակը, քարերով ծածկել եւ, վերցնելով կնոջ բջջային հեռախոսը, վերջինիս ավտոմեքենայով հեռացել այդ վայրից։ Հունիսի 20-ին նա ընկերոջ միջոցով վաճառել է 42-ամյա կնոջը պատկանող I phone 13 pro max մոդելի հեռախոսը, դրա դիմաց ստացել 200.000 ՀՀ դրամ գումար, իսկ ավտոմեքենան շահագործել իր կարիքների համար։

Նախաքննության ընթացքում երիտասարդի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական գործողություն, որի ժամանակ հայտնաբերվել է 42-ամյա կնոջ դիակը:

Որոշումներ են կայացվել՝ դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ նշանակելու մասին: Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ՝ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական եւ քաղաքացիական մասնագիտացման բաժինները հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվեց: Ըստ քվեարկության արդյունքների՝ Քաղաքացիական մասնագիտացման բաժնից անցողիկ շեմը հաղթահարել են՝

  1. Միշա Էլոյանը,
  2. Անի Կարաքեհյանը,
  3. Լիլիթ Մկրտչյանը:

Քրեական մասնագիտացման բաժնից անցողիկ շեմը հաղթահարել են՝

  1. Գարիկ Աբելյանը,
  2. Գոռ Գասպարյանը,
  3. Արսեն Գեղամյանը,
  4. Գագիկ Հարությունյանը,
  5. Գեւորգ Մանուկյանը,
  6. Վարսենիկ Մելքոնյանը,
  7. Արմեն Շիրոյանը,
  8. Արփինե Շտոյանը,
  9. Սերժ Ռուշանյանը:

Ստացվում է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականը դատավորների շարքերն է համալրել. Գագիկ Հարությունյանը նրա խորհրդականն էր ինչպես Արդարադատության նախարարությունում, այնպես էլ ԲԴԽ-ում, ու հիմա դատավոր է պատրաստվում դառնալ։

 

 

 

ՈՐՏԵՂԻ՞Ց ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՄԱՐՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, որը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականն է, օպերատիվ համարանիշներով է շրջում:

Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդապետյանը ԲԴԽ-ում միակ խորհրդականն է, որն ունի ավտոմեքենայի օպերատիվ համարանիշներ, եւ հարց է առաջանում՝ ինչպես են այդ համարանիշները հայտնվել Կարեն Անդրեասյանի խորհրդականի մոտ: Պարզվում է՝ հայրենի դատական համակարգի անկախության թիվ մեկ երաշխավոր կառույցի անդամների համար դեռ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ոստիկանություն եւ 10 հատ օպերատիվ համարանիշներ խնդրել: Բնականաբար, ոստիկանությունը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի խնդրանքը եւ ԲԴԽ-ի 10 անդամներին հատկացրել օպերատիվ համարանիշներ: Ու քանի որ ԲԴԽ անդամների փոփոխությունները հաճախ են լինում վերջին տարիներին, ԲԴԽ որոշ անդամների օպերատիվ հարամանիշները փոխանցվել են նորեկներին՝ բացառությամբ մեկի:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԲԴԽ նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է, որ ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանը, որը «իր սրտի պաշտոնյան» չէ, չի կարող օպերատիվ համարանիշներ ունենալ:

Ըստ ամենայնի, հենց նրան «հասանելիք» օպերատիվ համարանիշն է Կարեն Անդրեասյանը տվել իր խորհրդական Արշակ Վարդապետյանին: Իսկ ի՞նչ նպատակ է դա հետապնդում: Դատական համակարգում լուրեր կան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդական Արշակ Վարդապետյանը օպերատիվ համարանիշներով հաճախ է լինում տարբեր դատարաններում, հանդիպում դատարանների նախագահների հետ՝ նրանց փոխանցելով Կարեն Անդրեասյանի մեսիջները, թե որ գործով ինչ վճիռ կամ որոշում է անհրաժեշտ քաղաքական իշխանությանը: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Արշակ Վարդապետյանից՝ հետաքրքրվելով, թե երբ է ստացել օպերատիվ համարները, եւ արդյոք դատարանների նախագահների մոտ գնալու առաքելության համար է ստացել համարանիշները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԻ ԾՆՈՂՆԵՐՆ ՈՒ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Իրավապահները շարունակում են բացահայտումները այն մասին, թե ինչպես են անհետ կորած զինծառայողների ծնողներից իրենց որդիներին հետ վերադարձնելու համար գումարներ շորթում:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարտին Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկանալով իր ազգական, պարտադիր ժամկետային զինծառայող Արման Արտակի Միանսյանի եւ նրա համածառայակիցներ Շոթա Քաջիկի Բալեյանի, Վանիկ Հայրիկի Սիմոնյանի, Սամվել Հովհաննեսի Ղազարյանի եւ Զորո Ահարոնի Ասլանյանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմին մասնակցելու եւ անհայտ կորելու հանգամանքի մասին, վերջիններիս հարազատներից խարդախությամբ գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ Արման Մինասյանի հայր Արտակ Մինասյանին եւ մյուս անհայտ կորած զինծառայողների հարազատներին իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ է հաղորդել այն մասին, որ Արման Մինասյանը, Շոթա Բալեյանը, Վանիկ Սիմոնյանը, Սամվել Ղազարյանը եւ Զորո Ասլանյանը չեն զոհվել, այլ գերության մեջ են գտնվում Ադրբեջանի Հանրապետությունում, ավելին՝ դիտավորությամբ մոլորության մեջ է գցել նրանց՝ հայտնելով, որ իր տրամադրած հաշվեհամարին գումար փոխանցելու դեպքում վերջիններիս հետ կվերադարձնի Հայաստանի Հանրապետություն: Մարտին Հակոբջանյանի կողմից խաբերության եւ վստահությունը չարաշահելու արդյունքում 2021 թվականի փետրվար ամսից մինչեւ 2021 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Վանիկ Սիմոնյանի եղբայրը՝ Սասուն Սիմոնյանը, Մարտին Հակոբջանյանին բանկային փոխանցմամբ ուղարկել է 60,000 ՌԴ ռուբլուն համարժեք 429,000 ՀՀ դրամ, Շոթա Քաջիկի Բալեյանի եղբայր Սերգեյ Սարիբեկյանը՝ 25,000 ՌԴ ռուբլուն համարժեք 178,750 ՀՀ դրամ, Սամվել Ղազարյանի հայր Հովհաննես Ղազարյանը՝ 40,000 ՌԴ ռուբլուն համարժեք 283,200 ՀՀ դրամ, Արման Արտակի Մինասյանի հայր Արտակ Մինասյանը՝ 67,000 ՌԴ ռուբլուն համարժեք 473,690 ՀՀ դրամ, Զորո Ահարոնի Ասլանյանի մայր Լենա Թադեւոսյանը՝ 27,700 ՌԴ ռուբլուն համարժեք 193,623 ՀՀ դրամ, այդկերպ վերջիններից Մարտին Հակոբջանյանը խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 1,558,863 ՀՀ դրամին համարժեք 219,700 ՌԴ ռուբլի գումար:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս