ՈՊՈՐՏԻ ԵՏՆԱԲԵՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  «Սպորտի ետնաբեմից» խորագրով շարքի շրջանակներում զրուցել է MMA-ի, BMF-ի աշխարհի եւ Open fight championships-ի չեմպիոն Ռաֆայել (Բաֆլո) Աբրահամյանի հետ, որը  վերջին շրջանում գտնվում է Հայաստանում։

 

Խոսելով կեղծանվան մասին՝ Ռաֆայելը պատմում է՝ քանի որ մայիսի 14-ին է ծնվել եւ հորոսկոպով ցուլ է, ու, բացի դա, թե՛ սիրողական եւ թե՛ պրոֆեսիոնալ մակարդակում առաջին մարտերից հետո միշտ ասում էին, որ ցուլի նման է մենամարտում,  ժամանակի ընթացքում սկսեցին  ճանաչել որպես Bufflo` ցուլ:

Մարզիկը պատմում է, որ նախքան MMA-ը զբաղվել է ֆուտբոլով.

-Շատ քչերը գիտեն՝ MMA-ից առաջ կյոկուշինով ու ֆուտբոլով եմ զբաղվել: 6 տարեկանում հայրս ինձ տարել էր կյոկուշինի, մինչեւ 12 տարեկան մարզվել եմ: Զուգահեռ նաեւ ֆուտբոլով էի զբաղվում, որովհետեւ այնպիսի տեղում էինք ապրում, որ մարզադահլիճները իրար կողք էին. հա՛մ մարզվում էի, հա՛մ բակում ֆուտբոլ էինք խաղում: Սկսեցի ավելի շատ ֆուտբոլով զբաղվել, ու այդպես կյոկուշինը երկրորդ պլան գնաց:

Ռաֆայելի խոսքով՝ առաջին մարտերը ընկերների հետ է եղել Սամարայում:

-Դահլիճը նկուղային հարկում էր, շատ վատ պայմաններ էին, նույնիսկ ձեռնոցներ չունեինք, մենք էլ 16-17 տարեկան երիտասարդներ էինք: Ժամանակի ընթացքում այդ ամենը սկսեց դուրս գալ, տարվեցի այդ մարզաձեւով: Այս անգամ արդեն ֆուտբոլը գնաց երկրորդ պլան:

Խոսելով այն հանգամանքերի մասին, որոնք առաջ են մղում մարզիկին, Ռաֆայելը փաստում է, որ եթե կա  ցանկություն, ո՛չ տաղանդը կապ ունի եւ ո՛չ էլ տարիքը:

-Ցանկությունը ամեն ինչին հաղթում է: Եթե դու ուզում ես քո նպատակին հասնել, ոչինչ քեզ խանգարել չի կարող, բացի քեզնից: Միայն դու քո գլխի մեջ կարող ես խանգարել քեզ: Եթե ինքդ քո դեմ պատնեշներ չդնես, ամեն ինչի էլ կհասնես: Ես մինչեւ այսօր ունեմ այդ ձգտումը, ինձ կյանքում ոչինչ չի կարողացել կանգնացնել: Ես ունեցել եմ իմ նպատակներն ու երազանքները եւ շարժվել եմ առաջ: Շատ մարդիկ ինձ խանգարել են, մինչեւ հիմա են խանգարում: Շատ մարդիկ ինձ նախանձել են, մինչեւ հիմա են ինձ նախանձում, բայց  իմ մոտիվացիան երբեք չի լքել:

Իմ անձնականի հետ շատ քչերն են ծանոթ, շատ քիչ մարդիկ գիտեն՝ ինչ դժվարությունների միջով եմ ես անցնում: Նույնիսկ պահ է եղել, երբ ես կարիերաս պիտի ավարտեի՝ կապված հորս առողջության վատթարացման հետ, բայց  իմ մեջ ուժ գտա շարունակելու: Չգիտեմ՝ մինչեւ երբ ու ինչպես կշարունակեմ ու ուր կհասնեմ, բայց վստահ եմ, որ այն ցանկությունն ու սերը, որն իմ մեջ կա այդ սպորտի հանդեպ, չի կարող կանգնեցնել ինձ երբեւէ:

Ամբողջական զրուցը՝ ArmLur.am կայքում:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՍԻԳԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՔ

Կառավարությունը հունիսի 22-ի նիստում Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սեւանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջից:

Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում  վերջին տարիներին Սեւանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա 2022 թվականին՝ 4700 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սեւանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 300 տոննա):

Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռեւս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչեւ 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա եւ ավել)։ Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռեւս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։

Հաշվի առնելով Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային եւ պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաեւ վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձեւավորված սպառողական վերաբերմունքը, հնարավոր բացասական հետեւանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը եւ բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:

Նախագծով առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ:

Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 2-ից:

 

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կորել է Գոռ Արսենի Հարությունյանի N AK 088342 դիպլոմը՝ տրված ՀՀ ԱՆ Երեւանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի կողմից 10 հունիսի 2010 թվականին:

Գրանցման համար՝ N 457, որով Գոռ Հարությունյանին շնորհվել է Բուժակ-մերսողի բակալավրի աստիճան:

 

 

ԱՄՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիի գլխավորած պատվիրակությունը  այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Ամերիկյան պատվիրակության կազմում էր նաեւ ԱՄՆ բրիգադային գեներալ, Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդին:

«Հյուրերին դիմավորեց եւ հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձավ Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի եւ արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաեւ Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Տիկին Լորա Քելին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:

Հենրի Մորգենթաուի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտեց, որ Մորգենթաուի, Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, եւ որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաեւ հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին: ՀՑԹԻ փոխտնօրենը հյուրերին ներկայացրեց Հիշողության պուրակի պատմությունը եւ նշեց, որ այնտեղ առաջին թվագրված ծառը 1997 թվականով է, որը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի»,- նշված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում:

 

 




Լրահոս