ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՄԻՊ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. ՈՐՏԵ՞Ղ Է ՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած Քրիստիննե Գրիգորյանը  վերջին շրջանում անհետացել է ասպարեզից, իսկ մեդիայի հետ առհասարակ չի շփվում:

Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ վերջինս լքել է Հայաստանը, քանի որ միջազգային կազմակերպությունում աշխատելու առաջարկ է ստացել, բայց, կարծես թե, դա այդպես չէ:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, որ Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հեռանալուց հետո  գլխավորելու է Արտաքին հետախուզական ծառայությունը:

Նախօրեին զրուցեցինք Քրիստիննե Գրիգորյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչով է այս օրերին նա զբաղված, Հայաստանում է արդյոք, թե ոչ։ Նախկին ՄԻՊ-ը հորդորեց չանհանգստանալ իր համար.

«Ես Հայաստանում եմ, ինձ հետ ամեն բան նորմալ է,  անհանգստանալու կարիք չկա, բայց չեմ ցանկանում այլ հարցերի պատասխանել»:

Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ նա զբաղեցնելու է Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնը։

«Չեմ ցանկանում մեկնաբանություն տալ»,-արձագանքեց Գրիգորյանը:

 

 

 

 

 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 2022 թվականի վերջում ունեցել է 2 հողամաս, մեկ այգետնակ, մեկ ավտոտնակ, մեկ բնակարան եւ մեկ անհատական բնակելի տուն։ Նրա ամենաթարմ գնումը Ջրվեժում գտնվող հողամասն է, որը նա ձեռք է բերել 2019 թվականին։ Նա հանդիսանում է այս բոլոր անշարժ գույքերի համատեղ սեփականատերը։ Արդեն 2021 թվականին Տիգրան Խաչատրյանը նաեւ ավտոմեքենա է գնել՝ 2014 թվականի արտադրության, Mazda մակնիշի։ Պարզվում է՝ փոխվարչապետը բանկում նաեւ ավանդ ունի՝ 15 հազար դոլարի չափով։ Տարվա ընթացքում Խաչատրյանի դրամական միջոցները կտրուկ ավելացել են. բանկային հաշիվներում նա տարվա սկզբում ունեցել է 462 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 5 մլն 400 հազար դրամ, ունեցել է նաեւ 20 հազար դոլար։ Իսկ որպես կանխիկ դրամ նա հայտարարագրել է 8500 դոլար։ Տիգրան Խաչատրյանը մեկ տարում 24 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել, որից 23 մլն դրամը Ֆինանսների նախարարությունից ստացված վարձատրությունն է՝ որպես նախարար, եւ 721 հազար դրամ էլ՝ որպես փոխվարչապետ։ Հավելենք, որ, հայտարարգրի համաձայն, Տիգրան Խաչատրյանի կինը՝ Սյուզաննա Բաբաջանյանը  «ԿՈԴԵՈԳՌԱՄ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է, իսկ որդիներից Մուշեղ Խաչատրյանը «Ռեվոլուշնարի թեքնոլոջիս»  ՓԲԸ բաժնետեր է։ Նկատենք, որ նրա կինը «Էյչ Էս Բի Սի  բանկ Հայաստանում» որպես տնտեսագետ է աշխատում, որդիներից մեկը ՊԵԿ-ում գլխավոր մասնագետ է, մյուսն էլ՝ «Ակբա» բանկի բաժնի ղեկավար է։

 

 

 

 

 

Լոռու մարզի Ալավերդի համայնքում անցկացված սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից գրեթե 9 ամիս անց իշխող «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունն այդպես էլ չի հաշտվում իր թեկնածու Արեն Մկրտչյանի պարտության հետ։ Բանն այն է, որ այդ ընտրություններում առաջատարը «Ապրելու երկիր» կուսակցությունն էր, եւ Արկադի Թամազյանը դարձավ համայնքի ղեկավար։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթ է նախաձեռնվել Ալավերդու խոշորացված համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանի գործունեության մասով։ Սա, իհարկե, իշխանությունների գործելաոճն է, եւ վերջիններս չեն կարողանում հաշտվել այս պարտության հետ։  ՔՊ-ականներն ամեն ինչ արել էին, որ այս համայնքում հաղթող դառնա ՔՊ թեկնածու, պատգամավոր Արեն Մկրտչյանը, եւ քարոզարշավին ողջ թիմով լծվել էին աշխատանքի, բայց ալավերդցիները մերժեցին Արեն Մկրտչյանին:Իսկ հիմա, երբ «Ապրելու երկիր»  կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություներին, նաեւ ասել են, որ ոչ մի դեպքում իշխող ուժի հետ դաշինք չեն կազմի, այդ կուսակցության անդամների նկատմամբ սկսվել են հետապնդումներ։

 

 

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթն իր ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ Թորոսյանն ամբողջությամբ մեկուսացել է թիմակիցներից: ՔՊ-ականներից որեւէ մեկի հետ գրեթե չի շփվում, խմբակցության նիստերին ու քննարկումներին հազվադեպ է մասնակցում, առհասարակ, ԱԺ միայն նիստերի օրերին է գալիս, այն էլ միայն իր աշխատասենյակից գնում է նիստերի դահլիճ ու վերջ, պատգամավորների հետ չի շփվում: ՔՊ-ից մեզ պատմեցին, որ իր պաշտոնավարման ժամանակ առողջապահության ոլորտում տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներից հետո նա մեկ-երկու փորձ է արել թիմակիցների հետ հարաբերություններ կարգավորելու, բացատրելու բայց ապարդյուն. անգամ ՔՊ-ում իր մտերիմները ռեակցիա չեն տվել նրան, շատ սառն են եղել: Թիմակիցների այս վերաբերմունքից հետո Արսեն Թորոսյանն ինքն է որոշել մեկուսանալ թիմից ու ընդդիմադիրի կեցվածք գրավել: Թերեւս սա է պատճառը, որ նա ԱԺ-ում իր թիմակիցներին ավելի սուր ու անխնա է քննադատում, քան ընդդիմադիրները:

 




Լրահոս