Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն զանգ էինք ստացել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական քոլեջում կոնֆլիկտ կա: «Արմլուր»-ը փորձեց կապվել դասախոսի եւ ՀՊՏՀ ռեկտորի հետ:
Նույն քոլեջի դասախոս Տաթեւ Գամաղելյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց խնդիրը, որի մասին եղել է ահազանգը:
-Տիկի՛ն Գամաղելյան, ի՞նչ խնդիր է եղել ՀՊՏՀ քոլեջում՝ կապված գնահատականների եւ ուսանողների հետ:
-Ուսանողներից մեկը, որն աշխատասեր է եւ որոշակի առաջադիմություն կարող է ցուցաբերել, մինչեւ տարբերակված ստուգարքի ամփոփումը, ինձ մոտեցավ կուսղեկը եւ ասաց, հնարավոր է արդյոք՝ իրեն տասը նշանակեմ, որովհետեւ իր համար էնքան մարդիկ են զանգել: Ես ասացի, որ բոլորին նույն ձեւով եմ վերաբերվում: Այո, նա չի ձգտում տասի, բայց ես իրեն հնարավորություն տվել եմ: Երբեք չի եղել ուսանող, որը շանս ուզենա, կամ ես ինքս չեմ առաջարկել էդ շանսը:
-Աշակերտը ի՞նչ քայլեր է արել:
-Նա գնաց, պատրաստվեց, եկավ եւ չկարողացավ, միգուցե եւ ոչ էլ պատրաստվել էր՝ ի նկատի ունենալով, որ իր համար արդեն ասված է: Ես տասը չնշանակեցի, քանի որ գնահատականն ուզելով չեն ստանում, այլ ստանում են սովորելով: Աշակերտի հարազատներից մեկը բողոքել է, որ ես անարդար եմ գնահատել եւ ուսանողին ընթացքում դաս չեմ հարցրել, բայց ինն եմ նշանակել ուսանողի ակտիվության համար: Ես, հնարավոր է, դաս չեմ հարցրել, կարողացել է գիտելիք ցույց տալ, ակտիվություն ցույց տալու համար գումարվել է, եւ ինն եմ նշանակել: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ:
-Ի՞նչ են պատասխանել Ձեր այդ հարցին:
-Ասացին, ո՛չ, ես ձայնագրություն ունեմ: Այսինքն՝ առանց իմ թույլտվության ինձ ձայնագրել են: Չեմ կարող ասել՝ կա նման ձայնագրություն, թե ոչ:
-Ի՞նչ կա այդ ձայնագրությունում:
-Ասացին, որ ձայնագրությունում ես ասել եմ. «Ակտիվության համար քեզ նշանակում եմ ինը, առանց դաս հարցնելու»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խնդրին լուծում տալու համար ռեկտորատի նիստ է գումարվել, որից հետո ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի՝ N ՄՌԿ/480-Ա որոշման համաձայն՝ Տաթեւիկ Գամաղելյանին նկատողություն են հայտարարել: Դասախոսի՝ խմբերից մեկի դասամատյանը ոչ պատշաճ կերպով, ժամկետների խախտումով լրացնելն է եղել նկատողության պատճառը:
Պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Դիանա Գալոյանի հետ:
-Տիկի՛ն Գալոյան, ինչի՞ց հետո է առաջացել նման խնդիր:
-Նման խնդիր առաջացել է վեց ուսանողի բողոքից հետո: Վեց ուսանող բողոք է գրել, դասախոսը ժամկետից դուրս, այսինքն՝ պիտի քարորդն արդեն փակած լիներ, բայց այդ օրվանից հետո, առանց ուսանողներին հարցում անելու, կամայականորեն ուսանողներին գնահատականներ է ավելացրել մատյանում: Ընդ որում՝ մատյանը լուսապատճենել էինք հունիսի 8-ին՝ այն օրը, երբ քարորդները պետք է փակված լիներ: Լուսապատճենելուց հետո մենք կարողացել ենք ապացուցել, որ այդ 6-7 գնահատականը ավելացվել են, ինչի հիման վրա՝ ուսանողները բողոք են գրել, եւ համապատասխանաբար ռեկտորատի նիստ է արվել: Նիստի ընթացքում այդ կամայականորեն ավելացված գնահատականները առոչինչ են համարվել:
-Նման դեպքերում ի՞նչ գործողություններ են ձեռնարկվում:
-Նման դեպքերում հայտարարվում է կա՛մ բանավոր նկատողություն, կա՛մ գրավոր նկատողություն, կա՛մ եթե, ըստ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածի, թույլատրվում է այնպիսի արարք, որը անհամատեղելի է ուսումնադաստիրակչական գործունեության հետ, կարող է հանգեցնել նաեւ աշխատանքից ազատման: Տվյալ դեպքում միջին ծանրության պատիժն է՝ գրավոր նկատողություն: Եթե ուսուցիչը մրցույթով է ընտրված, 3-5 տարի ժամկետով պայմանագիր ունեցող դասախոս է, ապա՝ երրորդից հետո:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է.
«Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում ենք ունեցել Բելգիայի Ֆրանսիական համայնք-Վալոնիա-Բրյուսել Համադաշնության խորհրդարանի նախագահ պարոն Ռուդի Դեմոտի գլխավորած պատվիրակության հետ։ Բրյուսելի իմ գործընկերներին ներկայացրել եմ Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերները, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտման դեպքերը։ Բարձրացրել եմ Արցախի՝ արդեն կես տարի շրջափակման հետեւանքով պատանդի կարգավիճակում հայտնված 120 հազար արցախահայության ունեցած հումանիտար խնդիրները, նշել, որ Ադրբեջանը, ի թիվս այլ իրավունքների, ամեն օր խախտում է հայերի ԿՅԱՆՔԻ իրավունքը։ Ընդգծել եմ, որ Ադրբեջանի կողմից ակնհայտ կերպով վարվող էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականությունն օր առաջ պետք է կանխել, եւ այս համատեքստում միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ճանաչելն օրհասական է։ Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները, դրանց հետեւանքով հայկական կողմից ունեցած զոհերի եւ վիրավորների, ինչպես նաեւ քաղաքացիական օբյեկտների, շտապ օգնության մեքենաների թիրախավորման դեպքերը՝ խնդրել եմ հնարավորության դեպքում նպաստել ՀՀ սուվերեն տարածքից դուրս բուֆերային գոտի ստեղծելու ջանքերին՝ ելնելով անվտանգային նկատառումներից»։
ՊԵՏՔ Է ԿՈՇՏ ԼԻՆԵԼ
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանին իրականացնում է անփոխարինելի գործառույթ՝ օբյեկտիվորեն զեկուցելու աճող միջադեպերի մասին։
Բրյուսելի եւ անդամ երկրների ԵՄ դիվանագիտությունը պետք է շատ ավելի կոշտ լինի՝ պահանջելով վերացնել Բաքվի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը.
այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ Առնաուդ Դանժան։
ԿԽՈՍԻ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքը պատրաստ է խոսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, եթե ՌԴ նախագահը նման ցանկություն հայտնի։
«Իհարկե, ես կպատասխանեմ, եթե Պուտինը զանգի», – այս մասին այսօր France 24-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նա նշել է, որ պատճառ չունի անձամբ զանգելու ՌԴ ղեկավարին։
Մակրոնիը նաեւ նշել է, որ այսօր երկխոսության վերսկսումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերադարձ լինի միջազգային իրավունքին, որն ապահովում է խաղաղ ապրելու հնարավորությունը։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՈՐ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նազելի Բաղդասարյանին վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- նշված է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ազատել է Նազելի Բաղդասարյանին վարչապետի օգնականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: