ԳԱԱ-Ն ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հայությունը տոտալ շրջափակման մեջ է եւ մեկուսացված է համայն աշխարհից: Այս մասին բաց նամակ են հրապարակել ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների աշխատակիցները:

 

Բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«1988թ., երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Մարզային խորհուրդը, ինքնորոշվեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությանը միանալու օգտին: Նպատակը մեկն էր՝ Արցախի բնակչության՝ իր պատմական հայրենիքում իր ազգային ինքնության պահպանությամբ ազատ ապրելը եւ արարելը: Խորհրդային Ադրբեջանի ենթակայությամբ Արցախի հայ բնակչության արարման հնարավորությունները խիստ սահմանափակված եւ վերահսկելի էին խորհրդային քաղաքական բռնաճնշումների մեթոդների բազմաթիվ ձեւերով:  Խորհրդային Ադրբեջանում գտնվելու ողջ ընթացքում հայկական անկլավի բնակչությունն արտագաղթում էր, եւ անկլավը լցվում էր էթնիկ ադրբեջանցիներով: Չնայած Հայաստանին միանալու Արցախի բնակչության ցանկությունը պատժվում էր, անցյալ հարյուրամյակում այդ ցանկությունն արտահայտվել է բազմիցս ԽՍՀՄ իշխանություններին դիմումներով, կոլեկտիվ նամակներով եւ այլն: ԽՍՀՄ վերակառուցման քաղաքական որոշումը նոր հույսեր տվեց: 1988թ. Արցախի հայերն իրենց երազանքը ձեւակերպեցին ինքնորոշման սահմանադրական իրավունքով: Հայերի սահմանադրական իրավունքին Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հակադրեցին վախեցնելու փորձված մեթոդը՝  Ադրբեջանի էթնիկ հայերի ջարդերը եւ դեպորտացիան: Վերակառուցվող ԽՍՀՄ-ը չհասցրեց ըմբռնել համամարդկային հումանիտար զարգացումներին ինտեգրվելու բարդ քննության այբուբենը: Ադրբեջանի իշխանությունների արագընթաց նախաձեռնությունները ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական հակադարձություն չստացան: 1991թ. վերջին՝ ԽՍՀՄ-ի կազմալուծման շրջանում, Արցախի հայությունը դեմ-դիմաց մնաց Ադրբեջանի բազմաշերտ, գլխավորապես՝ շովինիստական ռազմական կազմավորումների առաջ:

1992-1993թթ. ծանր շրջափակման մեջ հայտնված Արցախի հայերը գերագույն ջանքերով կարողացան համախմբվել եւ դիմադրել Ադրբեջանը փաստացի կառավարող ռազմական խմբավորումներին:

Անցած 30 տարիների ընթացքում՝ մինչեւ 2020թ. սեպտեմբեր, Արցախի հայությունը, անցնելով ջարդերի, շրջափակումների, կռիվների բազում փորձություններով, պատերազմի մշտական սպառնալիքի տակ ստեղծեց իր ինքնավարությունը՝ ժամանակակից ժողովրդավարական մոդելի իր անկախ ժողովրդավարական հանրապետությունը, վերակառուցեց ավերված բնակավայրերը, կառուցեց ճանապարհներ, տնտեսություն, կրթական եւ սոցիալական ծառայություններ,  դատաիրավական համակարգ:

2020թ. սեպտեմբերին Արցախի խաղաղ բնակչության գլխին պայթեց նոր պատերազմ, որն ավարտվեց արտաքին օժանդակությունից օգտվող Ադրբեջանի հաղթանակով:

Ձեռնպահ մնալով պատերազմի մասին քաղաքական գնահատականներից՝ չենք կարող լռել դրա դադարի այսպես կոչված հետեւանքների մասին: Այդ պատերազմի ավարտի հետեւանքները եւ մինչեւ այսօր տեւող դադարը չափազանց ագրեսիվ եւ վտանգավոր են ինչպես Արցախի հայկական իշխանությունների վարչական կառավարման տակ գտնվող, այնպես էլ Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանին սահմանամերձ տարածքների բնակչության համար:

Արցախը կրկին հայտնվել է ադրբեջանական բանակի տոտալ շրջափակման մեջ: Արցախի հայ բնակչությանը Հայաստանին կապող միակ՝ կյանքի ճանապարհը փակ է 2022թ. դեկտեմբերի 12-ից: Վերջին շաբաթը՝ նույնիսկ Կարմիր խաչի համար: Արցախ ոչինչ չի մտնում՝ ո՛չ սնունդ, ո՛չ դեղորայք, անջատված է գազի մատակարարումը, շուտով կսպառվի նաեւ ջրամատակարարումը: Այսօր Արցախի հայ բնակչությունը դիմում է աշխարհին՝ հայտարարելով. «Մենք՝ Արցախի բնիկ ժողովուրդը, իրավունք ունենք մեր հողի վրա ապրելու»: Ոչ ոք նրանց իրավունքը չի վիճարկում: Պարզապես Ադրբեջանն այդ իրավունքի իրացման հնարավորությունը չի տալիս. «Ապրե՛ք, որքան կարող եք, առանց սննդի, առանց ջրի, առանց ջեռուցման, առանց անտառի փայտի, առանց աշխարհի հետ կապի: Ապրելու ձեր իրավունքը սա՛ է»:

Մենք՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցներս,  դիմում ենք աշխարհի մեր գործընկերներին՝ նկատելու, տեսնելու եւ ուշադրություն դարձնելու այս  հումանիտար աղետին: Առկա լռությունը հավասարազոր է Արցախի հայ բնակչության ապրելու ա՛յս «իրավունքի» Ադրբեջանի իշխանությունների գործողություններին հավանություն տալուն»:

 

 

 

 

ՄԻՋԱՆՑՔԸ՝ ՈՐՊԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է Հայաստանի հետ «երկարաժամկետ խաղաղության» հասնելու պայմանները։

 

Ինչպես տեղեկացրել է «Թուրանը», «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է բացվի Զանգեզուրի միջանցքը, եւ հայկական զորքերը դուրս պետք է բերվեն Ղարաբաղից»։

Ելույթ ունենալով պաշտպանության նախարարության կոմանդոսների զորամասերից մեկին Մարտական դրոշով պարգեւատրելու արարողությանը՝ Ալիեւը հիշեցրել է, որ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «իսկ անցած ամիս անգամ նշել է այդ տարածքի պարամետրերը»։ Սակայն, ինչպես նշել է Ալիեւը, «այդ հայտարարությունները պետք է նաեւ թղթի վրա լինեն, եւ Հայաստանը պետք է ստորագրի դրանք»։ «Միայն այդ դեպքում Հարավային Կովկասում կարող է երկարաժամկետ խաղաղություն տիրել»,- ասել է Ալիեւը։

Նա ընդգծել է, որ այլ կարեւոր պայմաններ են «Զանգեզուրի միջանցքի բացումը եւ հայկական բանակի զինված կազմավորումների դուրսբերումը Ղարաբաղի շրջանից»։

Նրա խոսքով՝ վերջին երկուսուկես տարում Ադրբեջանը զգալիորեն ուժեղացրել է իր բանակը։ «Եթե Հայաստանը եւ նրա հետեւում կանգնած օտարերկրյա ազգականները չեն հասկանում այս բոլոր գործոնները, ապա մեղքն իրենցն է»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիեւը միաժամանակ նշել է, որ նշված ժամանակաշրջանում «մենք մի քանի անգամ ստիպված ենք եղել ցուցադրել մերուժը հայկական կողմին»։ «Մենք նրանց ազդանշան ենք ուղարկել, որ եթե նրանք իրենց լավ չպահեն, չհարգեն իրենց ստորագրությունը, ապա արդյունքը նրանց համար ցավալի կլինի»,- շարունակել է Ալիեւը։

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ը ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից դեպի Արցախ հումանիտար փախադրումների արգելափակման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է.

«Մեկ շաբաթից ավելի է, ինչ ամբողջությամբ դադարեցված են հումանիտար փոխադրումները դեպի Լեռնային Ղարաբաղ, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ռուսական խաղաղապահների կողմից։ Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում վեցամսյա շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Ստեղծված պարենային եւ դեղորայքիային առանց այն էլ սուղ իրավիճակը գոյաբանական լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեր բնակչությանը:

Ադրբեջանը շրջափակման ընթացքում հումանիտար փոխադրումները միշտ էլ գովազդել է ցույց տալու համար, թե, իբր, միջանցքը արգելափակված չէ՝ փաստորեն գործիք դարձնելով հումանիտար հարցերը։ Միջազգային անգործության պայմաններում Ադրբեջանը գործում է կատարյալ անպատժելիության մթնոլորտում՝ անտեսելով 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՄԱԿ?ի արդարադատության միջազգային դատարանի որոշումները։

Ադրբեջանը իրավունքներ է խոստանում՝ հանցավոր կերպով արգելափակելով անգամ հումանիտար հասանելիությունը։ Կարծես թե միջազգային որոշ դերակատարներ կուրորեն հավատում են այդ խոստումներին՝ դիտավորյալ չտեսնելու տալով այն, ինչ իրականում անում է Ադրբեջանը։ Որքա՞ն կարելի է անտեսել իրականությունը։

Ադրբեջանի առաջարկածը էթնիկ զտումն է եւ բռնի հպատակեցումը. երկու դեպքում էլ գործ ունենք նույն հանցանքի հետ, որը կոպտագույնս խախտում է մարդու հիմարար իրավունքները՝ մարդու ինքնորոշումը, կամարտահայտության, կյանքի, առանց խտրականության սեփական հայրենիքում ապրելու իրավունքները։

Արդյոք այս իրավիճակը խոսում է այն մասի՞ն, որ միջազգային բոլոր դերակատարները չունեն հանձնառություն հրատապ մեթոդներով հակազդելու Ադրբեջանին։ Արդյոք ձեր կողմից նորմալացվում է ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանական քաղաքականությունը։ 21-րդ դարում բոլորիդ աչքի առաջ 120 000 մարդ ամենօրյա ռեժիմով ենթարկվում է անմարդկային տառապանքների, իսկ ձեր արածը ընդամենը դրվագային մտահոգություն արտահայտող հայտարարություններ են։

Հումանիտար հասանելիության միտումնավոր խոչընդոտելը միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ես կրկին կոչ եմ անում ձեզ՝ վերջ տվեք այս հանցավոր անտարբերությանը, կանխեք Ադրբեջանի կողմից նոր պատերազմական հանցագործությունը. հասկացե՛ք, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար պատասխանատվությունը նաեւ ձեր խղճին է։ Ի վերջո, անտարբերությունն ու անգործությունը հավասարազոր են հանցակցության»:

 




Լրահոս