ՄՐՑՈՒՅԹ՝ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որոնց ընթացքում քննարկվել են, 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված, դպրոցների կառավարման նոր մոդելի կիրառմանն առնչվող հարցեր:

 

Քննարկումներին մասնակցել են նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը։

Խոսելով դպրոցների կառավարման նոր համակարգի մասին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի, դպրոցները կառավարվելու են կրթական եւ վարչական գործառույթներով։

Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին, իսկ վարչական կառավարումը՝ համակարգող տնօրենին։ Վարչական կառավարման մեջ ներառվում է հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի եւ մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:

Այնուհետ նախարարի տեղակալն անդրադարձել է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերի մշակմանն ու բովանդակությանը, դրանց իրագործելի լինելուն։

Նախարարի տեղակալը նաեւ խոսել է ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների ատեստավորման մասին:

«Այն ուսուցիչները, որոնք չեն մասնակցի կամավոր ատեստավորմանը, նրանց մասնագիտական գործունեությունը 2023 թվականի օգոստոսի 20-ից հետո դադարեցվելու է, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը եւ կապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման եւ դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի, եւ կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Անդրադարձ է եղել «300 դպրոց եւ 500 մանկապարտեզ» ծրագրին, դպրոցներում իրականացվող բարեգործական ծրագրերի հասցեականությանը, կրթահամալիների հիմնմանը եւ դրանց արդյունավետությանը:

Քննարկվել են նաեւ դասարանների կազմավորման կարգին, դպրոցների ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, հաջորդ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին եւ օրենսդրական փոփոխությունների կիրառմանը վերաբերող հարցեր:

Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են տնօրենների կողմից բարձրացված հարցերին։

 

 

 

 

ՆՎԵՐ՝ ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԻՆ

2022 թվականի հոկտեմբերի 7-ին ԲԴԽ անդամների կողմից Կարեն Անդրեասյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, որը պաշտոն ստանձնելուց առաջ ասում էր, որ իրեն պետական աշխատանքի մարդ չի համարում, այսoր դատական ատյանում ԲԴԽ խորհրդի նախագահի պաշտոն է զբաղեցնում: ՔՊ-ական Կարեն Անդրեասյանը 2022 թվականի անձի եկամուտների, ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրում ներկայացրել է երեք բնակարան՝ մեկ բազմաբնակարան շենքում, երկու անհատական բնակելի տուն:

 

Անդրեասյանի բանկային դրամական ավանդները տարեվերջին կազմել են 43 հազար 500 դոլար՝ նվազելով 8 հազար 300 դոլարով: Կարեն Անդրեասյանը հայտարարագրել է չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող մեկ գույք՝ 4 միլիոն արժողությամբ թանկարժեք զարդ, որը, ըստ հայատարարագրի, նվիրատվություն է:

Անդրեասյանի բանկային դրամական միջոցները տվյալ տարվա վերջում կազմել է 20 հազար 768 դոլար, 706 հազար դրամ, 11 հազար 956 եվրո, 240 հազար եվրո:

Կանխիկ դրամական միջոցները ավելացել են 3 միլիոնով՝ դառնալով 4 մլն 500 հազար:

Անդրեասյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 464 հազար դրամ:

Անդրեասյանը 17 մլն եկամուտ ստացել է Արդարադատության նախարարությունից՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ ՀՀ ԲԴԽ աշխատանկազմից՝ 3 մլն 101 հազար դրամ:

Կարեն Անդրեասյանը ստացել է նվիրատվություն 12 հազար 580 եվրո:

Հիշեցնենք նաեւ, որ Անդրեասյանը ««Էյ Էմ» իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի 40% բաժնետեր է:

Նշենք նաեւ, որ Անդրեասյանը չունի հայտարարագրած տրանսպորտային միջոց, սակայն կինը՝ Եվա Առաքելյանը, հայտարարագրել է մեկ մեքենա՝ TOYOTA մակնիշի: Նա նաեւ ստացել է նվիրատվություն բաժնեմաս Գրիգոր Մինասյանից, որը 2022 թ. դեկտեմբերի 26-ից Արդարադատության նախարար է:

Կնոջ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 957 հազար դրամ եւ 6 եվրո, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ: Եվա Առաքելյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 499 հազար դրամ:

 

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԱՐԵԼ

Հունիսի 23-ին Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանին եւ դենդրոպարկի 4  աշխատողներին «Արգելոցապարկային համալիր»    ՊՈԱԿ-ի   տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Տեր-Սիմոնյանը կանչել է Կոտայքի մարզի  Ջրվեժ գյուղ՝ իր գրասենյակ։ Մեխակ Սայադյանը համոզված է՝ իրենց կանչելու նպատակն այն է, որ  ցանկանում են լուծարել   ավելի քան 60 տարվա տարեգրություն ունեցող, Սայադյան ընտանիքի 3 սերունդների ջանքերով ստեղծված  դենդրոպարկը։ Դենդրոպարկի լուծարելու  պատճառն այն  է, որ արգելոցապարկային համալիրի տնօրինությունը եւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը  վախենում են հաշվարկել, արձանագրել   Իջեւանի գինու, կոնյակի  գործարանի կողմից  Իջեւանի դենդրոպարկին պատճառված շուրջ 4 միլիոն դոլարի վնասը։  Ավելին՝ գործարանի կողմից դենդրոպարկին այդքան մեծ վնասներ տալուց  հետո՝  2023թ. փետրվարի 2-ին,  «Արգելոցապարկային համալիր»   ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ նախկին) Լեւոն Գաբրիելյանի եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր.    5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։   2023թ. ապրիլի 14-ին Իջեւանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը  Լ. Տեր-Սիմոնյանին զեկուցագրով հայտնել է, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 38164721 քրեական վարույթով նշանակվել  են համապատասխան փորձաքննություններ, որոնց ընթացքում արգելվում է իրականացնել չորացած ծառերի եւ թփերի հատումը, հանումը եւ հեռացումը։ Վերոհիշյալ քրեական գործով նշանակված փորձաքննություններով  պետք է ճշտվեն Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունում ապօրինի շինարարարության, Իջեւանի դենդրոպարկի ջրառը ջրազրկելու հետեւանքով  դենդրոպարկին հասցված վնասները,   սակայն  այդ փորձաքննությունները չեն անցկացվում։  Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունում կատարված ապօրինի մեծածավալ  շինարարության հետեւանքով ավելի քան երկու տարի առաջ դենդրոպարկի  ջրառը զրկվել է  Աղստեւի  ինքնահոս  ջրից։ Դենդրոպարկի   ջրառը վերագործարկելու համար պահանջվեց երկու տարի եւ  յոթ ամիս, որի  ընթացքում դենդրոպարկում  չորացան  շուրջ 1500 հազվագյուտ, արժեքավոր ծառեր, թփեր եւ մոտ 24 հազար տնկի։  Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, Աղստեւի աջ ափին պատ կառուցելով,   դենդրոպարկի ջրառն այժմ  վերագործարկել է։ Աղստեւ գետի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջեւանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու եւ գործարանի կողմից  ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 15-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով, քրեական վարույթ  է նախաձեռնվել, սակայն նախաքննությամբ մինչ այժմ  որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում  հարուցված չէ։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ. մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Գործարանը շարունակել է անօրինական  կառուցապատումը եւ 2021թ. հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝  2 միլիոն 500 հազար դրամի չափով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս