Իրավապահ համակարգը աչք է փակում Դիլիջանում ՔՊ-ականների ծեծի գործով։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե դատախազությունը արդյոք ընթացք տվել է Դիլիջանում ՔՊ-ականների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի միջադեպին: Ի պատասխան մեր հարցմանը՝ հայտնեցին, որ քրեական վարույթ նախաձեռնված չէ։ Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՔՊ-ականները իրենց դիլիջանյան հավաքի ժամանակ ծեծկռտուք էին սկսել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարեւել: Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթեւոսյանին, թե որ անցնում է ինչու չի բարեւում: Մաթեւոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարեւում, ինչից հետո մարզպետն ու համայնքապետը հարձակվել են իրար վրա ու ծեծել միմյանց: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թեւը ու ցրել «կռվարարներին»: Դիլիջանում տեղի ունեցած ծեծկռտուքի հաջորդ օրը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը որոշել է հաշիվներ պարզել Արմավիրի մարզպետի հետ:
Սերգեյ Բագրատյանը համարվում է Վայքի համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանի հովանավորը, քանի որ Բագրատյանն է նրան այդ պաշտոնում երաշխավորել, նշանակել: Երբ գիշերը Բագրատյանին պատմել են, որ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ վիճաբանել է քաղաքապետ Մաթեւոսյանը, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել, պատգամավոր Բագրատյանը որոշել է անձամբ գնալ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ ու պարզել, թե ինչու է հայհոյել Վայքի համայնքապետին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ թեժ խոսակցություն է եղել, որից հետո Բագրատյանը հեռացել է:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մոտ կրկին խուճապ է. պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում դիմավորել: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին գնալու է պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Բանն այն է, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան գնալը դառնում է «մի կաթիլ մեղրի» պատմությունը. եթե մի բան այն չի լինում, դա հետագայում մեծ պատմություն է դառնում ՔՊ-ականների համար, Փաշինյանի կողմից նկատողություններ են ստանում: Հիմա էլ ՔՊ-ականները «շունչները պահած» սպասում են, որ այսօր վերջապես «պատվով» ավարտին հասցնեն Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով կանչելու ծանր գործը: Նախորդ անգամ, երբ հունիսի 20-ին նա կրկին գնացել էր քննիչ հանձնաժողով, նիստին մասնակցում էին ԱԺ պաշտպանության եւ անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները, արտախորհրդարանական ուժերից «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը եւ մի քանի փորձագետներ. ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտել է այս հանձնաժողովի աշխատանքները: Ի դեպ, Դավիթ Սանասարյանը նիստից հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ Փաշինյանի հայտարարությունները սպառիչ չեն, շատ հարցեր բաց մնացին, ու այսօր նա պետք է մի շարք հարցերի պատասխանի: Թե որքանով սպառիչ կլինեն Փաշինյանի պատասխանները, այսօր պարզ կդառնա։ Մի բան փաստ է. նախորդ անգամ էլ Նիկոլ Փաշինյանի մենախոսությունները քննիչ հանձնաժողովի նիստում հստակ ցույց տվեցին, որ այս հանձնաժողովի առաքելությունը մեկն է՝ մաքրել Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը: Նկատենք, որ մինչ այս այդ հանձնաժողովի բոլոր նիստը գաղտնիությամբ պարուրված են եղել. միայն Փաշինյանին են հրապարակային քննում իր իսկ պատգամավորները՝ մտավախություն չունենալով, որ կարող է ռազմական գաղտնիքներ բացահայտել:
«Հայաստան» խմբակցության նախաձեռնած ժամանակավոր քննիչ հանձնաժողովը, որը պետք է զբաղվեր ԱԺ պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման դեպքերով, մնացել է օդում կախված: Ընդդիմադիրների այս նախաձեռնության համար հիմք էր հանդիսացել հատկապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ Երեւանի կենտրոնում քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագիծը, ինչպես նաեւ փետրվարի 3-ին՝ Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը՝ 120 հազար արցախցու համար չարժէ ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովի ստեղծման գործընթացն այդպես էլ առաջ չի գնում: Բանն այն է, որ, նախ, ընդդիմությունն իր ներսում չի կարողանում հանձնաժողովի նախագահ գտնել: Սա էլ ամենը չէ. ՔՊ-ն է ամեն կերպ փորձում տապալել հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որեւէ կերպ համաձայնության չեն գալիս հանձնաժողովի անդամների մասով: Հավելենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Ըստ նույն օրենքի՝ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Այսպիսով, այս պահի դրությամբ հանձնաժողովի ստեղծման գործընթացը փակուղում է։ Չի բացառվում, որ համաձայնության չգալու պատճառով հանձնաժողովի ստեղծման նախագիծն այդպես էլ մնա թղթի վրա, իսկ եթե անգամ ձեւավորվի, անդամներ չառաջադրելու հիմքով այն չի կայանա:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկու անշարժ գույք ունի։ Դրանցից մեկը Նոր Նորք համայնքում է, մյուսը՝ Կենտրոն վարչական շրջանում։ Այս բնակարանը նա գնել է 2019 թվականին, եւ այն համատեղ սեփականություն է հանդիսանում։ Նախարարը նաեւ 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա ունի, որը գնել է 2011 թվականին։ Բանկային հաշիվներին տարվա վերջում նա ունեցել է 1 մլն 599 հազար դրամ, իսկ կանխիկ դրամ չի ունեցել։ Նրա միակ եկամուտը եղել է 21 մլն դրամը, որը նրա տարեկան աշխատավարձն է՝ որպես նախարար։ Վահան Քերոբյանը նաեւ վարկեր ունի. տարվա վերջում նրա հիփոթեքի գումարի մնացորդը կազմել է 49 մլն 527 հազար դրամ, մյուս վարկերի պատճառը հայտնի չէ, վարկի մարմանն ուղղված գումարն էլ 12 մլն դրամ է կազմել։