Կարեն Անդրեասյանը փնտրում է մեր աղբյուրներին. սպասում ենք. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ArmLur.am-ի հրապարակումից հետո մեր գաղտնի աղբյուրների որոնմամբ է զբաղված, անգամ մտադիր է դիմել իրավապահներին՝ գտնելու լրագրողի իրազեկ աղբյուրներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին՝ ժամը 10:06-ին, ArmLur.am-ը հրապարակեց մի տեղեկություն, համաձայն որի՝ ԲԴԽ-ն 3 դատավորների մասով կայացրել է որոշումներ: «Մասնավորապես, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քիչ անց ԲԴԽ-ն կհրապարակի, որ դադարեցվում են դատավորներ Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի եւ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները»,- գրել էր ArmLur.am-ը:

Այնուհետեւ՝ մոտավորապես մեկուկես ժամ հետո՝ ժամը 11:00-11:30-ի միջակայքում արդեն պաշտոնապես ԲԴԽ-ն հայտնեց իր որոշման մասին, որը ուղիղ հաստատեց ArmLur.am-ի աղբյուրների հայտնած տեղեկությունները: Այդ դատավորների, ինչպես նաեւ Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին: Դատավոր Սամվել Թադեւոսյանն ինքը գրեց իր ազատման դիմումը եւ հեռացավ:
Իսկ մինչ այդ էլ՝ հուլիսի 1-ին, գրել էինք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքել են՝ որոշելու 5 դատավորների ճակատագիրը, քանի որ երկուշաբթի օրը՝ հուլիսի 3-ին, ԲԴԽ-ն պիտի հրապարակի 4 (մեկն արդեն հրաժարվել էր) դատավորների վերաբերյալ որոշումը:

Քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը եւ ArmLur.am-ը համակ ուշադրությամբ հետեւել են ԲԴԽ անդամների շարժին եւ գործունեությանը ու անգամ ներքին խոհանոցին առնչվող տեղեկություններ հրապարակել, Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամների մոտ մտահոգություն է հայտնել, թե «Ժողովուրդ» օրաթերթը ԲԴԽ ներսի ինֆորմացիային տիրապետում է, եւ պետք է դիմել իրավապահներին՝ լրագրողի աղբյուրին գտնելու, պատժելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 3-ի վճռական նիստից առաջ քննարկում է եղել, որի ժամանակ ԲԴԽ անդամներից միայն Կարեն Անդրեասյանի մոտ է հեռախոս եղել: Երբ 10:06-ին հրապարակվել է մեր նյութը, Կարեն Անդրեասյանը բարձրաձայն կարդացել է մեր հրապարակումը եւ ասել. «Որտեղի՞ց «Ժողովուրդ» օարթերթին այս տեղեկությունը. պետք է պարզել, ներսից ինֆորմացիաներ են դուրս հանում, կամ սարքեր կան էստեղ դրված լրագրողների կողմից»:

Ապա հայտնել է, թե պետք է դիմել իրավապահներին՝ աղբյուրները գտնելու համար: Սպասում ենք նոր հարձակումների եւ գաղտնալսումների:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս