Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ խառը մարտարվեստի հերթական մրցաշարը՝ MMA SERIES 70 All Stars Moscow-ը, որտեղ հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը տոնեց հերթական հաղթանակը:
Նախքան մենամարտը ArmLur.am-ի հետ զրույցում Ռաֆայելը կիսվել էր թե ինչ ակնկալիքներով է պատրաստվում մեկնել երկրից. «Շատ հետաքրքիր մարտ է մեզ սպասվում միանշանակ, որովհետեւ հենց ես եմ ուզել, որ այն կայանա: Մրցակիցս սովորական մեկը չէ. 2ուրք, ադրբեջանցի կամ ուկրաինացի չէ, ռուս է, բայց ևս թեժ է լինելու: Դմիտրիյ Յակովլևվը իմ աչքի առաջ նախ հաղթել է Ֆրանսիայից ժամանած իմ ընկերոջը՝ Հովիկ Զախարյանին, որից հետո ես դուրս եկա ռինգ եւ իրեն նետեցի ձեռնոց՝ ասելով, որ ես ուզում եմ քեզ հետ մենամարտել՝ լուծելով ընկերոջս վրեժը: Իմ այս հայտարարությունից հետո Յակովլևի ընկերը՝ Կոնստանտին Չերեդնիչենկոն, ինձ ձեռնոց նետեց: Ես մենամարտում եմ Չերեդնիչենկոյի հետ՝ նոկաուտով հաղթելով նրան՝ խոստանալով, որ հաջորդը լինելու է իր ընկերը՝ Յակովլեվը, ով հաղթել էր իմ ընկերոջը՝ Հովիկին: Այս ամենից հետո Հայաստանում տեղի է ունենում մրցաշար, որտեղ ես պետք է մրցեի Ղազախստանը ներկայացնող թուրք մարզիկի՝ Էլդար Կախորմանովի հետ, իսկ Յակովլեվը՝ իմ մյուս ընկերոջ՝ Գեղամ Վարդանյանի: Ցավոք, այս մարտում եւս Յակովլեվը հաղթած է դուրս գալիս: Այսինքն, ինքը հաղթել էր իմ երկու հայ ընկերներին, իսկ ես՝ իր մեկ ընկերոջը», – նշել էր նա:
Մարզիկի խոսքով, Լիգան այս պատմությունից հետո որոշում է, որ Ռաֆայելի եւ Յակովլեվի մարտը եւս հետաքրքիր ու դիտարժան կլինի եւ առաջարկում է մրցել: Բուքմեյքերական ընկերությունները նույնիսկ հավանական հաղթանակը հավասար էին համարում: Ռաֆայելն ինքն էլ մեզ հետ զրուցյում փաստեց, որ արժանի մրցակից է իրեն բաժին ընկել ու բավական լարված մարտ է սպասվում առաջիկայում: Արդեն հուլիսի 1-ին տեղի ունեցած մրցաշարում Ռաֆայել Աբրահամյանը վստահ հաղթանակ է տանում ռուս մարզիկի նկատմամբ՝ լուծելով երկար սպասված մարզական վրեժը ընկերների պարտության համար՝ 2-րդ ռաունդում ավարտելով մարտը: Մրցաշարի հաղթական ավարտից հետո Ռաֆայելը ArmLur․am-ին վստահելով բացառիկ մանրամասները մարտից ու իր զգացողություններից պատմում է. «Ես պարզապես իրավունք չունեի պարտվելու, քանի որ նա իմ ընկերներին էր հաղթել եւ այս մենամարտը իր համար շատ մեծ շանս էր ևս մեկ անգամ իր ուժը ցուցադրելու համար: Ես հստակ գիտեի՝ ինչի համար եմ իր հետ օկտագոն մտնում: Երբ հայտնվեցինք մի հարթակում և ճաղավանդակը փակվեց, իմ պատասխանատվությունն ավելի մեծացավ, քանի որ ես գիտեի, թե ինչքան մարդ է սպասում այս ռեւանշին», – հավելեց նա։
Մարզիկի խոսքով՝ թե՛ ինքը և թե՛ մրցակիցն ունեին լարվածություն, որը, սակայն, իր մոտ վերածվեց ուժի: Պետք չէր մրցակցին թուլություն ցույց տալ, այլ հակառակը՝ սառը գլխով ճիշտ մարտավարություն էր պետք ընտրել: Հոգեբանական ու ֆիզիկական այն պատրաստվածությունը, որը մարզիկն ունեցել ու ցույց է տվել օկտագոնում եղել է հենց այնպիսինն, ինչպիսինն ինքն է պատկերացրել: Ռաֆայելի խոսքով, իրեն թե՛ ֆիզիկապես, եւ թե՛ հոգեպես պատրաստել է մարզիչը՝ Գոռը: Նա այն եզակի մարդկանցից է եղել, ով աջակցել է մարզիկին ու պատրաստել միայն հաղթանակի. «Այն, ինչ պատրաստել էինք մարզիչիս հետ Յակովլեվի համար այս ամիսների ընթացքում, ես կարողացա ցույց տալ իրեն: Հատուկ մտածված տեխնիկայի շնորհիվ կարողացա հաղթանակի հասնել: Այժմ երջանիկ եմ, որ կարողացա հաղթել ու իմ հաղթանակով Հայաստան բերել նոր մրցաշար»:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա խառը մարտերի մրցաշար, որն անցկացնելու է միջազգային Լիգան: Թե ովքեր կլինեն մասնակիցներն այս մրցաշարին՝ դեռևս քննարկման փուլում է:
Հիշեցնենք, որ սա այս սպորտաձևում երկրորդ միջազգային մրցաշարն է, որն անցկացվելու է Հայաստանում Ռաֆայել Աբրահամյանի հաղթական ելույթից հետո:
Մարիամ Ղազարյան