Միգուցե Քոչարյանի՞ ականջներ են երևում(Տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմա շատերն են պաշտպանում Մաքսային միությունը, այն դեպքում, երբ նախկինում դեմ էին արտահայտվում դրան: ՀԱԿ-ի՝ Մարտի 1-ի հանրահավաքին ինձ համար անհասկանալի  էր այն, որ  Լևոն Տեր-Պետրոսյանը նախկինում դեմ էր ՄՄ-ին,  իսկ հանրահավաքում կողմ արտահայտվեց»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախկին  փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով չի մասնակցել հանրահավաքին և չէր ուզենա լիներ այնտեղ: «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հիմնական մեսիջն  ուղղված էր Ռուսաստանին»,- վստահ է  Շիրխանյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից  հետո  բազմաթիվ հարցեր են իր մոտ առաջացել:

Տիկին Բախշյանի խոսքով՝ եթե համադրենք այս ելույթը ՀԱԿ-ի նախորդ քայլերի հետ, իրարամերժ շատ  բան կա. «Ես շվարած տուն եմ գնացել»,-անկեղծացավ տիկին Բախշյանը:

Խոսելով  Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության մասին, որով նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համեմատում է  Իվանիշվիլիի հետ,  բանախոսը մատնացույց արեց  համացանցում այս հայտարարության հետ կապված մեկնաբանությունները և
Իվանիշվիլիի տարբերությունը Ծառուկյանից. «Մեկն էլ ես հիշեցնեմ` Ծառուկյանի թիկնապահները մասնակցել են Մարտի 1-ի խժդժություններին»,-ասաց Բախշյանը:

Armlur.am-ը հարցրեց. «Մոտավորապես մեկ շաբաթվա տարբերությամբ նախագահի նախկին երկու թեկնածուները` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, համախմբման կոչ արեցին:  Հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչները ո՞ր թեկնածուհի համախմբման  կոչին կարձագանքեն»: Վահան Շիրխանյանը  կարծում է, որ  ոչ մեկի շուրջ համախմբում չի լինի, քանի որ այդ երկու թեկնածուներից ոչ մեկը որևէ ծրագիր չի առաջարկում՝ երկիրն այս վիճակից դուրս հանելու համար: «Եթե անգամ  որևէ թեկնածուի շուրջ միավորվեն, դա կլինի արհեստական կամ ինչ-որ անձնական հարցերի շուրջ»,-վստահ է նախկին փոխնախարարը:

Մեր թղթակցի մյուս հարցը հետևյալն է` ինչպե՞ս է  պատկերացնում  «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, եթե պարբերաբար է խոսվում ԲՀԿ-ի ետևում Քոչարյանի լինելու մասին: Տիկին Բախշյանը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ ԲՀԿ-ն այսօր Հռոմի պապից ավելի կաթոլիկ է: «Թե որքանով է դա ազնիվ,  որքանով կարող եմ դրան հավատալ, չգիտեմ, վախը մեջս կա: Կամ արդյոք ԲՀԿ-ի ետևում  Քոչարյանի ականջները չե՞ն երևում»,- մտորում է Բախշյանը` հավելելով, որ եթե հանկարծ հասկանա, որ ԲՀԿ-ի այս  կեցվածքը Քոչարյանի գործոնով է պայմանավորված, ինքն ուղղակի  կընդվզի «Ժառանգություն»-ԲՀԿ   համագործակցության դեմ:

Մանրամասները՝տեսանյութում:




Լրահոս