28 մլն տարեկան ընտանեկան եկամուտ և 42 մլն արժողությամբ բնակարան. Սանոսյանի և նախարարությունում աշխատող կնոջ ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին: Գեղարքունիքի մարզի  նախկին մարզպետը  2022 թվականի հայտարարատու տարվա սկզբին հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ մեկ բնակելի տուն և երեք հողամաս, որոնք գտնվում են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Նշված անշարժ գույքերը հայտարարատու տարում նվիրատվությամբ փոխանցել է եղբորը՝ Վահան Սանոսյանին: Տարեվերջին Սանոսյանը ոչ մի գույք չի հայտարարագրել, սակայն հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է նախարարի կողմից: Նշված բնակարանը հայտարարգրված են նաև կնոջ և դստեր հայտարարագրում: Նույն կերպ Սանոսյանը հայտարարագրել է մեքենա, որը փաստացի իրեն չի պատկանում, այլ պարզապես շահագործվում է իր կողմից:

Հանձնված և վերադարձված փոխառությունները տարեվերջին  կազմել են 42 մլն 153 հազար դրամ ՄԻԿՇԻՆ ՍՊԸ-ից:

Նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են  2 մլն 916 հազար դրամ, նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 7 մլն 200 հազար դրամ և 150 հազար ռուբլի, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 342 հազար դրամ, որից 20 մլն 627 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Եկամուտներից  2 մլն 703 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է, որը ձեռք բերված բնակարանի հիպոտեկի մարման համար է, սակայն հիպոտեկով ձեռք բերված բազմաբնակարան շենքում բնակարանի մասին խոսվում է միայն «ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում, այն էլ կազմում է  42 մլն 153 հազար դրամ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սանոսյանը բնակարան ունի նաև Երազ բնակելի թաղամասում, որը հայտարարագրում չկա:  

Սանոսյանը հանգստի համար ծախսել է 2 մլն 400  հազար, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է 2 մլն 250 հազար, վարկի մարման համար վճարվել է 6 մլն դրամ: 

Գնել Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քարտուղարության փաստաթղթաշրջանառության բաժնի ավագ մասնագետն է: Նա հայտարարագրել է 6 անշարժ գույք, որից մեկը բնակարան է, իսկ 5-ը հողամաս է, որոնք գտնվում են Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում: Տոնոյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 142 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն և 260 հազար ռուբլի, նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են  4 մլն 913 հազար դրամ, որից 750 հազարը կրկին եկամտահարկի վերադարձ է: 

Նրանց դուստրը՝ Ջեսիկա Սանոսյանը, հայտարարագրել է  3 մլն 102 հազար դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմում են  9 հազար 737 դրամ: Աղջկա հաշվետու տարվա եկամուտները կազմել են  102 հազար դրամ:  

Էմմա Միքայելյան




Լրահոս