Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակությամբ Սերժ Սարգսյանի ուղերձը կարդալիս ևս մեկ անգամ համոզվում ենք, որ մեր իշխանությունները կամ կտրված են իրականությունից, կամ էլ գնալով ավելի են կատարելագործվում անիմաստ հռետորաբանության արվեստում:
«Հայ դիվանագետներն աչքի են ընկնում հայրենասիրությամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նվիրումով։ Հենց այս հատկանիշների շնորհիվ է մեր ազգային շահերի գիտակցման վրա հիմնված և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը լայն ընկալում գտնում միջազգային ասպարեզում… Համոզված եմ, որ ձեր ամենօրյա անձնվեր գործունեության արդյունքում մենք ի զորու ենք պաշտպանել մեր երկրի և ժողովրդի շահերը, առավել բարձրացնել Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում». սա մեջբերում է Սերժ Սարգսյանի ուղերձից, որից երևում է, որ գործող նախագահի մտացածին հարթությունում մենք լիովին այլ կարգավիճակ և վարկանիշ ունենք: Զուգահեռ այդ իրականությունում մենք, հավանաբար, չենք ունեցել դիվանագիտական բոլոր այն տապալումները, որոնք եղան վերջին տարիներին, կարողացել ենք կանխել Ռամիլ Սաֆարովի խայտառակ արտահանձնումը, կանխել շատ ու շատ այլ խայտառակ գործընթացներ: Նույնիսկ Մաքսային միություն էլ, հնարավոր է, մտել ենք մեզ համար բավականին շահեկան պայմաններով:
Հնարավոր է, բայց դա զուգահեռ հարթությունում է: Իսկ մեր իրականությունում ունենք այն, ինչ ունենք:
Կարեն Վարդանյան
Armlur.am-ի գլխավոր խմբագիր