«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, իշխանություն-ընդդիմություն մշտական վեճերի վերաբերյալ զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, ԱԺ-ն հերթական նիստն է հրավիրել, եւ իրավիճակը այս անգամ եւս լարվեց: Մի կողմից՝ թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում իրավիճակը լարված է, մյուս կողմից՝ ԱԺ-ում պատգամավորները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, անվտանգային հարցերի փոխարեն վիճում են: Ի՞նչ կասեք այս մասին: Որքանո՞վ են խորհրդարանում քննարկվող այս հարցերը համապատասխանում ստեղծված անվտանգային իրավիճակին:
-Խորհրդարանում օրակարգային հարցեր պետք է քննարկվեն. կա կոնկրետ օրակարգ, բայց կան պատգամավորներ, որոնք սադրիչ գործողություններ են իրականացնում, սադրիչ արտահայտություններ են անում, որի հետեւանքով նման իրավիճակ է ստեղծվում, ինչը, այո՛, չպետք է լինի: Սակայն այդ սադրիչ արտահայտություններն ու գործողությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները չեն անում:
-Պարո՛ն Հակոբյան, ձեր խմբակցությունը խորհրդարանում մեծամասնություն է: Չե՞ք կարծում, որ այս իրավիճակը հարթելու, խնդիրները լուծելու հիմնական պատասխանատվությունը դուք եք կրում, ժողովուրդը դրա համար է ձեզ մանդատ տվել եւ ոչ թե ԱԺ-ում վիճաբանություններ անելու, վիճակը թեժացնելու:
-Ասել՝ դուք եք պատասխանատվություն կրում, եւ մնացած խմբակցությունները թույլ տան իրենց ամեն ինչ, կարծում եմ՝ այդքան էլ արդար չէ: Մեր ընտրողը մանդատ է տվել, որպեսզի մենք այստեղ աշխատենք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, եւ եթե իրենք կարող են ասել, որ, օրինակ, իրենց ընտրողներն էլ իրենց մանդատ են տվել, որ գան նման սադրիչ գործողություններ իրականացնեն, խրամատավորվեն, փորձեն մեզ օր ու արեւ չտալ, թող այդպես էլ անեն:
-Ձեր իշխանությունը հատկապես քննադատության կենտրոնում է հայտնվել նրա համար, որ ընտրություններից առաջ ձեր նախընտրական արշավում խուսում էիք Արցախի խնդիրների լուծման մասին, բայց հիմա եկել եք իշխանության եւ ձեր խոստացածը չեք կատարում, ասածի հակառակն եք անում: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Մենք քարոզարշավի շրջանակներում մեր ընտրողների հետ խոսել ենք խաղաղության օրակարգի մասին եւ հասկացել ենք, որ նրանք ողջունում են խաղաղության օրակարգը, այսօր մենք գնում ենք հենց խաղաղության օրակարգով, եւ վստահաբար կարող եմ ասել, որ երկրորդ կամ հետին պլան չի մղվել արցախահայության կամ Արցախի հարցը: Մենք տեսնում ենք, թե մեր պատվիրակությունները ինչպես են բոլոր հնարավոր տեղերում բարձրացնում Արցախի ու արցախահայության հարցը:
-Բայց ի՞նչ գին է պահանջում ձեր նշած խաղաղությունը: Արդյոք ժողովուրդը մանդատ տվե՞լ է խաղաղություն հաստատելու՝ զիջումների զոհերի, կրակոցների հաշվին:
-Ի՞նչ զիջումների մասին է խոսքը: Ժողովուրդը մանդատ է տվել, որ մենք գնանք խաղաղության: Եթե կա որեւէ ուժ, որ մտածում է, որ իրենք մանդատ ունեն ժողովրդի կողմից, որ պետք է գնան նոր պատերազմների, թող գան, ԱԺ ամբիոնից կամ ցանկացած տեղից հայտարարեն այդ մասին:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐՆ ՈՒ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ
«Միայն Կարմիր խաչի միջոցով հիվանդներին տեղափոխելը բացարձակ հարցի լուծում չէ, որովհետեւ Կարմիր խաչը տանում է միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց, բայց այնտեղ ունենք լրջագույն խնդիրներով խրոնիկ հիվանդություն ունեցողների, սրտանոթային հիվանդություններ ունեցողների»,- հունիսի 26-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Մարդիկ Արցախում ունեն մանկական կերի խնդիր, տակդիրի խնդիր: Այսինքն՝ ունենք հումանիտար լրջագույն ճգնաժամ, իսկ իշխանությունը զբաղված է նրանով, որ առավոտից սաղավարտներով զինված եկել է ընդդիմությանը քննադատելու անհեթեթ պատճառաբանությամբ:
Մենք ունենք լրջագույն խնդիրներ ե՛ւ ՀՀ սահմանին, ե՛ւ միջազգային հանրության հետ աշխատանքում, որ ահազանգենք, թե ինչ է կատարվում մեր երկրի շուրջ: Հայաստանի սուվերեն տարածքը վտանգված է ամեն օր՝ 24 ժամ: Մենք կարծես հարմարվել ենք Արցախի շրջափակմանը: Նույնիսկ եթե Կարմիր խաչի՝ հիվանդներին տեղափոխելը վերականգնվել է, ես դա համարում եմ, մեղմ ասած, ոչ բավարար: Դա նշանակում է 1-2 մարդ փրկել, բայց 120 հազար մարդու կյանք այսօր վտանգված է»,-ասաց նա:
Թովմասյանի խոսքով՝ ի տարբերություն աշխարհի այլ երկրների՝ ՌԴ-ն այն երկիրն է, որը երաշխավորել է նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը եւ ՌԴ նախագահը ստորագրել է այն. «Իսկ հայտարարության մեջ գրված է, որ պետք է Լաչինի միջանցքը գործի անխափան, երկկողմանի, եւ դրա երաշխավորը ՌԴ-ն է: Այսինքն՝ միայն կոչ անելը այս դեպքում խիստ անբավարար է, պետք է կոնկրետ գործիքակազմերի կիրառում, խաղաղապահները պետք է ուժով բացեն այդ ճանապարհը, եւ դա պետք է անեին առաջին օրվանից, ոչ թե թողնեին, որ ադրբեջանցիները էնտեղ սկաներ դրեին, սարքեր են դրել եւ այլն: Ռուս խաղաղապահները պարտավոր են դա անել»:
ԲԱՐՁՐԱՑԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում տնտեսական ակտիվությունը բարձրացել է։ «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2023-ի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 12,5%։ 2023-ի մայիսին 2022-ի մայիսի նկատմամբ տնտեսական ակտիվությունը եղել է 13,7 տոկոս, այսինքն՝ բարձր աճն արձանագրվել է՝ նախորդ տարվա արդեն բարձր ցուցանիշների համեմատ։
Այս տարվա առաջին հինգ ամիսներին համեմատաբար բարձր աճ է արձանագրվել առեւտրի շրջանառությունում՝ 24,5%, ծառայությունների ոլորտում՝ 19,9%, շինարարությունում` 16,7: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 3%:
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼ
«Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց, թե որ թաղապետարններն են հրաժարվել տարածք տրամադրել իրենց ստորագրահավաքի համար, եւ ինչ իրավական գործընթաց է սկսվել։
«Հունիսի 20-ին ՀՀ ԿԸՀ-ն գրանցել է մեր նախաձեռնությունը եւ նրա լիազոր անձին, որից անմիջապես հետո՝ նույն օրը, Երեւանի բոլոր վարչական շրջաններին իմ ստորագրությամբ դիմում է ներկայացվել, որպեզի տարածք տրամադրեն։
Դա «Հանրաքվեի մասին» օրենքով է կարգավորվում։ Մեզ համար զարմանալիորեն որոշ վարչական շրջաններից մերժման պատասխաններ ստացանք, մեծ մասը դեռ չի էլ պատասխանել։ Որոշ վարչական շրջանների ղեկավարներ պատասխանել են, որ իրենք ազատ տարածքներ չունեն, իսկ որոշներն էլ պատասխանել են, որ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից ստացել են գրավոր ցուցում, այն է՝ 2022 թվականի ավագանու ինչ-որ որոշման հիման վրա՝ իրենք չեն կարող տարածք տրամադրել։
Մեր նախաձեռնությանը մերժել են Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն, Աջափնյակ վարչական շրջանները», – նշեց նա։
Պետրոսյանը նաեւ հավելեց, որ նմանատիպ նամակներ են ստացել մի շարք համայնքներից եւս. «Սպիտակ եւ Դիլիջան համայնքներից ենք ստացել։ Մի մասը պատասխանել է, որ տարածքներ չունեն։ Ունենք դրական պատասխաններ Մասիս, Արարատ, Իջեւան, Աշոցք, Ալավերդի, Արմավիր, Մեղրի չարենցավան համայնքներից։